Նորություններ

Բաժիններ

 

Հանդիպում և համատեղ քննարկում «Էրազմուս+»-ի շրջանակում. առանցքում զբաղվածության հիմնախնդիրն էր

11 Սեպտեմբեր 2017

Միջազգային ծրագրերի կենտրոնում այսօր մեկնարկեց «Աշխատաշուկայի քաղաքականության ընթացիկ միտումները Եվրոպական Միությունում» խորագրով բաց դասախոսություն, որը վարում էր «Էրազմուս+» ծրագրով ՀՊՏՀ ժամանած Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր Էվա Ռոլնիկ-Սադովսկայան: 

Միջոցառմանը ներկա էին աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմն ու աշխատակիցները՝ ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Մարտիրոս Պետրոսյանի գլխավորությամբ, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը և նույն բաժնի գլխավոր մասնագետ Մարգարիտ Մարուքյանը, մագիստրատուրայի ուսանողներ:

Հյուրին ներկայացրեց ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, տ.գ.դ, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը՝ անդրադարձ կատարելով Լեհաստանի պատմությանը, մշակույթին, տնտեսական կյանքին, վերհիշելով իր երիտասարդական առաջին ծանոթությունն այդ երկրին և կարևորելով ընթացիկ համագործակցությունը:

Հյուրին ու ներկաներին ողջունեց Մարտիրոս Պետրոսյանը՝ նշելով որ իր ղեկավարած ամբիոնի գիտնականներից շատերի և Էվա Ռոլնիկ-Սադովսկայայի հետաքրքրությունները զբաղվածության և գործազրկության հարցերում համընկնում են, ապա ընդգծեց, որ հանդիպումից բոլորն ակնկալում են աշխույժ քննարկում և մտքերի փոխանակում:

Էվա Ռոլնիկ-Սադովսկայան ելույթի առաջին հատվածում ներկայացրեց իր հայրենի երկիրը, Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանը, կառուցվածքը, ուսումնական գործընթացները, ուսման պայմանները, ապա անցում կատարեց ԵՄ-ում զբաղվածության քաղաքականությանը, ներկայացրեց ԵՄ առաջավոր երկրների լավագույն փորձը:

«Գործազրկության և բնակչության աղքատության կրճատման ուղիները ՀՀ-ում» գիտական զեկուցմամբ հանդես եկավ Մարտիրոս Պետրոսյանը՝ վեր հանելով Հայաստանի Հանրապետությունում, ըստ մարզերի, զբաղվածության պատկերն ու հիմնախնդիրները: Թեմայի շուրջ պարզաբանումներ կատարեց աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ Անահիտ Մելքումյանը:

Ծավալվեց աշխույժ ու շահագրգիռ քննարկում:

Վաղը ժամը 14.00-ին միջազգային ծրագրերի կենտրոնում Էվա Ռոլնիկ-Սադովսկայան դասախոսությամբ հանդես կգա ուսանողների առջև:

Միջոցառման կազմակերպիչն է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը:

  

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 629 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք