Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ-ում բացվեց երկրատեղեկատվական համակարգերի լաբորատորիա

13 Փետրվար 2018

Եվրոպական Միության «Էրազմուս+»-ի «Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ՝ զբոսաշրջության կառավարման և կիրառական երկրատեղեկատվական համակարգերի մասնագիտական ոլորտների կրթական ծրագրերում» («ՀԵՐԻՏԱԳ») (“HERITAG”, №561555-EPP-1-2015-1-ES-EPPKA2-CBHE-JP) ծրագրի շրջանակներում մշտադիտարկման այցով այսօր ՀՊՏՀ-ում էին ծրագրի համակարգող Վալենսիայի պոլիտեխնիկական (Իսպանիա), կոնսորցիումի անդամ Սալոնիկի Արիստոտելի անվան (Հունաստան), Թագավորական տեխնոլոգիական (Շվեդիա), Բոլոնիայի համալսարանների (Իտալիա) ներկայացուցիչներ և արտաքին գնահատողներ եվրոպական երկրներից, ինչպես նաև ծրագրի հայաստանյան գործընկեր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային և Գորիսի պետական համալսարանների ներկայացուցիչներ:

Հյուրերին, որոնց ուղեկցում էր ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը և մեր համալսարանում «ՀԵՐԻՏԱԳ» ծրագրի համակարգող, որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը, ընդունեց ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՊՏՀ ռեկտորը նշեց, որ մեր համալսարանը, մասնակցելով «ՀԵՐԻՏԱԳ» ծրագրին, կարևորում է երկրատեղեկատվական համակարգերի կիրառումը կառավարման և տնտեսագիտական ոլորտներում՝ հաշվի առնելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և թվային տնտեսության զարգացումը նաև մեր կառավարության գերակայություններից է: Կորյուն Աթոյանն ընդգծեց, որ «ՀԵՐԻՏԱԳ» ծրագրի նշանակալից ձեռքբերումներից է Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի հետ միջհամալսարանական համագործակցության համաձայնագրի կնքումը և «Նախագծերի կառավարում» մագիստրոսական համատեղ կրթական ծրագրի մեկնարկը։ Առանձնահատուկ է կրթական ծրագրի միջառարկայական ուղղվածությունը, որը ենթադրում է տնտեսագիտական և տեխնիկական իմացության համադրումը։

Այնուհետև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը և «ՀԵՐԻՏԱԳ» ծրագրի համակարգող Լուիս Ռուիսը պաշտոնապես բացեցին երկրատեղեկատվական համակարգերի լաբորատորիան, որին նաև ներկա էին ՀՊՏՀ պրոռեկտորներ Պարույր Քալանթարյանը, Միխաիլ Կարապետյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պետ Սամվել Հովհաննիսյանը, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, ինչպես նաև վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ։ «Այս լաբորատորիայի բացումը ևս շատ եմ կարևորում այն իմաստով, որ այն հնարավորություն կտա ուսանողներին ձեռք բերելու նոր հմտություններ, զարգացնելու հետազոտական կարողություններն ու նաև աշխատանքի արդյունքներն առևտրայնացնել»,- նշեց Կորյուն Աթոյանը։

Այնուհետև մշտադիտարկման այցի շրջանակներում աշխատանքային հանդիպում տեղի ունեցավ արտաքին աուդիտորների, ծրագրի գործընկերների և «Նախագծերի կառավարում» մագիստրոսական համատեղ կրթական ծրագրի դասախոսների միջև։ ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի պետ և «Նախագծերի կառավարում» կրթական ծրագրի համակարգող Ներսես Գևորգյանը ներկայացրեց կրթական ծրագրի մշակման ընթացքը՝ վերջնարդյունքների սահմանում, առարկայացանկի հաստատում, դասընթացների մշակում, դասավանդման մեթոդների ու մոտեցումների քննարկում և այլն։ Դասախոսները ներկայացրին մագիստրոսական համատեղ կրթական ծրագրի շրջանակում դասընթացների մշակման և դասավանդման ընթացքը՝ պատասխանելով արտաքին գնահատողներին հետաքրքրող հարցերին։ ՀՊՏՀ որակի ապահվման բաժնի գլխավոր մասնագետ Մարիա Պետրոսյանը անդրադարձավ ՀՊՏՀ որակի ապահովման համակարգին և մասնավորապես «Նախագծերի կառավարում» մագիստրոսական համատեղ կրթական ծրագրի որակի ապահովման մեխանիզմներին:

Հանդիպմանը ներկա ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի աշխատակիցները, որոնք «ՀԵՐԻՏԱԳ» ծրագրի շրջանակներում մշակել են «Տեխնոլոգիաների վրա հիմնված որոշումների կայացում ԵՏՀ կիրառության միջոցով» /Technology Based Decision-Making through GIS Application/ դասընթացի ծրագիրը և արտաքին շահակիցների համար նախատեսված «ԵՏՀ հիմունքներ» վերապատրաստման մոդուլը, ներկայացրին իրենց կողմից կատարված աշխատանքները և նախատեսվող հետագա գործողությունները։

Հանդիպման ավարտին արտաքին գնահատողների կողմից տրվել է դրական եզրակացություն «ՀԵՐԻՏԱԳ» ծրագրի շրջանակում ձեռքբերված արդյունքների մասին, ինչպես նաև առաջարկություններ պլանավորված գործողություների կատարման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ նշված ծրագիրը ՀՊՏՀ-ում համակարգում է որակի ապահովման բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ

Նորությունը դիտվել է 876 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք