Հայաստանը՝ գիտության երկիր. գիտական զբոսաշրջությունը Հայաստանում
Հայաստանը՝ գիտության երկիր. գիտական զբոսաշրջությունը Հայաստանում
Գիտական զբոսաշրջությունը կարող ենք բնորոշել որպես ճանապարհորդության այն տեսակը, որի հիմնական նպատակն է այցելել գիտական կենտրոններ՝ լաբորատորիաներ, համալսարաններ, հետազոտական կենտրոններ, թանգարաններ՝ գիտական տարբեր միջոցառումների, հետազոտությունների, գիտաժողովների և այլնի մասնակցելու համար:
Ամբողջ աշխարհում գիտական զբոսաշրջության հայտնի վայրեր են Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանը, Քեմբրիջի, Հարվարդի, Օքսֆորդի, Սթենֆորդի, Չիկագոյի և այլ համալսարաններ, մի շարք լաբորատորիաներ՝ Միջուկային հետոզոտությունների եվրոպական կազմակերպությունը Ժնևում, Ֆիզիկայի ազգային լաբորատորիան Միացյալ Թագավորությունում, Բրուկհեվենի ազգային լաբորատորիան, Փրինսթոնի պլազմայի ֆիզիկական լաբորատորիան և այլ լաբորատորիաներ Հյուսիսային Ամերիկայում, աստղադիտարաններ՝ Եվրոպական տիեզերական գործակալության Կոլամբուսի վերահսկողության կենտրոնը, Վիեննայի համալսարանի աստղադիտարանը, Կիտ Փիք ազգային աստղադիտարանը, Մակ Դոնալդ աստղադիտարանը Հյուսիսային Ամերիկայում, Հարավ-Աֆրիկյան աստղադիտարանը, թանգարաններ՝ Նոբելի թանգարանը Շվեդիայում, Մարի Կյուրի թանգարանը Լեհաստանում, Լոնդոնի գիտական թանգարանը, Լեոնարդո դա Վինչիի գիտության և տեխնոլոգիայի թանգարանը, Քենեդի տիեզերական կենտրոնը և այլն:
Հայաստանի գիտական պատմությունն ու ներուժը, հիրավի, նախադրյալներ են ստեղծում մեր երկրում գիտական զբոսաշրջության զարգացման համար: Այս առումով այցելության վայրեր կարող են լինել.
- հնագիտական վայրերը՝ Ագարակի վաղ բրոնզե դարաշրջանի համալիրը Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում, Արգիշտիխինիլի քաղաքի ավերակները Արմավիրի մարզում, Ուխտասարը Սյունիքի մարզում, Ոսկեհատի ժայռապատկերները Արագածոտնի մարզում, միջնադարյան մայրաքաղաք Դվինի ավերակները Արարատի մարզում, Զորաց Քարերը Սյունիքում,
- միջնադարյան համալսարանները՝ «Գլաձոր համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանը Վայոց Ձորի Վերնաշեն գյուղում, Սանահին վանական համալիրը Լոռիում, Տաթևի վանական համալիրը Սյունիքում,
- գիտական կազմակերպությունները՝ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի ֆիզիկայի ինստիտուտը), ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտը, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, Սինքրոտրոնային հետազոտությունների Քենդլ ինստիտուտը, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը, Արագածի տիեզերական կայանը, Երևանի պետական համալսարանը և այլն,
- գիտական թանգարանները՝ Հայաստանի պատմության թանգարանը, Երևանի պատմության թանգարանը, Ապարանի, Կապանի, Կողբի, Սիսիանի, Սպիտակի պատմության թանգարանները, Վիկտոր Համբարձումյանի թանգարանը, Զվարթնոցի պատմամշակութային թանգարան-արգելոցը, Էջմիածնի պատմաազգագրական թանգարանը, Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը, Մեծամորի թանգարանը, Հայաստանի ավանդական տոնակատարությունների թանգարանը, Հայաստանի բնության պետական թանգարանը, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Տիեզերքի թանգարանը, Տավուշի պատմության և կենցաղի թանգարանը, Շուշիի կերպարվեստի պետական թանգարանը, Սարդարապատի ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը, Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը, Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը, Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանը, Երևանի Մատենադարանը, Գիտության և տեխնիկայի թանգարանը, Փայտարվեստի թանգարանը, Գանձասարի Մատենադարանը և այլն,
- արգելոցները՝ Խոսրովի արգելոցը, «Լոռի բերդ» քաղաքատեղի պատմամշակութային արգելոցը, «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցը, Շիկահողի արգելոցը, «Արփի» բնապատմական արգելոցը:
2014թ. ՀՀ-ում ստեղծվեց «Գիտական տուրիզմը Հայաստանում» նախաձեռնություն, որի հիմնական նպատակն է համախմբել գիտական կազմակերպությունների և զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչներին, ապահովել ՀՀ` որպես գիտական տուրիզմի համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ձևավորումը և ներքին ու արտաքին շուկաներում պատշաճ կերպով ներկայացնել հայկական գիտությունը՝ զբոսաշրջության տեսանկյունից:
2017թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ է ժամանել 1.172.402 զբոսաշրջիկ, իսկ ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 944.937 մարդ[1], սակայն չկա վիճակագրական տեղեկատվություն, թե նրանցից որ մասի այցելության նպատակն է եղել գիտական զբոսաշրջությունը: Միևնույն ժամանակ, ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների՝ 2016թ. ՀՀ-ում եղել է 106 թանգարան, որոնց հաճախումների քանակը 1 տարվա ընթացքում կազմել է 2,276.5 հազար մարդ[2], իսկ գիտական կազմակերպությունների թիվը կազմել է 69[3], սակայն կրկին պարզ չէ, թե թանգարան այցելուների որ մասն են կազմում ներգնա զբոսաշրջիկները, ինչպես նաև թե գիտական կազմակերպություններում կատարվող գիտատեխնիկական և հետազոտական աշխատանքների որ մասն է ունեցել միջազգային բնույթ, և ինչպիսին է եղել միջազգային գիտնականների ընդգրկվածությունը:
Ըստ համացանցում առկա տեղեկատվության՝ Հայաստանում զբոսաշրջային որոշ գործակալություններ առաջարկում են հնագիտական (այցելություն թանգարաններ, հնավայրեր)[4], երկրաբանական, գիտական տուրեր, որոշ գործակալություններ զբոսաշրջային ընդհանուր փաթեթի մեջ ներառել են այցելություն Բյուրականի աստղադիտարան, Զորաց քարեր, իսկ Բյուրականի աստղադիտարանն ունի առաջարկների փաթեթներ՝ ինչպես կարճատև այցելությունների, այնպես էլ երկարատև՝ 3-7 օրյա այցելությունների համար: Սակայն վիճակագրական տեղեկատվության բացակայության պատճառով չենք կարող ասել, թե որքան ներքին ու ներգնա զբոսաշրջիկներ են օգտվում այս տուրերից, ինչպիսին է պահանջարկը: Իսկ նշված տուրերը կազմակերպող զբոսաշրջային գործակալությունների հետ զրույցից պարզ է դառնում, որ այս ուղղվածությամբ տուրերը կազմակերպվում են համապատասխան պահանջարկի առկայության դեպքում (ինչպես ներքին, այնպես էլ ներգնա զբոսաշրջիկների համար), և այն օրինաչափ բնույթ չի կրում: Ընդ որում, տուրի արժեքը 1 ներգնա զբոսաշրջիկի համար տատանվում է 305.000-320.000 դրամի սահմաններում, որն իր մեջ հիմնականում ներառում է գիշերակացը, ներքին տրանսպորտը, զբոսավարի ծառայությունը, սնունդը և մուտքավճարները:
Հաշվի առնելով Հայաստանի՝ գիտական զբոսաշրջության երկիր դառնալու ներուժը, կարող ենք ասել, որ գիտական զբոսաշրջության զարգացման նպատակով անհրաժեշտ է.
- մշակել զարգացման ռազմավարական ծրագիր, վերը թվարկված գիտական բոլոր կազմակերպությունների ռեսուրսներն օգտագործել գիտական զբոսաշրջության զարգացման համար,
- մշակել համապատասխան փաթեթներ ներքին և ներգնա զբոսաշրջիկների համար,
- ակտիվ մարքեթինգային գործունեություն ծավալել՝ Հայաստանը որպես գիտական զբոսաշրջության երկիր ներկայացնելու ուղղությամբ,
- զբոսաշրջության ոլորտի մասնագետներ պատրաստող բուհերի համապատասխան մասնագիտությունների ուսումնական ծրագրերում ներառել «Գիտական զբոսաշրջություն» դասընթացը,
- քայլեր ձեռնարկել այս ոլորտի վիճակագրական հաշվառման բարելավման ուղղությամբ,
- դպրոցականների և ուսանողների համար կազմակերպել այցելություններ գիտական կենտրոններ,
- կազմակերպել միջազգային գիտական միջոցառումներ, ինչպես նաև ակտիվացնել հայաստանյան գիտահետազոտական կենտրոնների գործունեությունը՝ միջազգային գիտահետազոտական ծրագրեր կազմակերպելու ուղղությամբ, որպեսզի գիտական զբոսաշրջությունը ոչ միայն կրի ճանաչողական այցելությունների բնույթ, այլև ներգրավի միջազգային գիտնականներին, մասնագետներին՝ համատեղ գիտական, հնագիտական, երկրաբանական հետոզոտություններ կատարելու համար, ինչը կնպաստի նաև Հայաստանի՝ որպես գիտական զբոսաշրջային երկրի ճանաչելիության մեծացմանը: