«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի» բարելավման հնարավոր ուղղությունները

Սամվել Ավետիսյան
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
«Տնտեսագիտական հետազոտություններ» ծրագրի ավագ հետազոտող
ծրագրի համակարգող

ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 11 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ` ԼԻԶԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» արձանագրային որոշումը կարևոր քայլ է գյուղատնտեսության ամենահրատապ խնդիրներից մեկի՝ մեքենատրակտորային հավաքակայանի նորացման ու հագեցման համար: Այդ ծրագրի ամենագնահատելի միջոցառումը գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի դեպքում լիզինգառուներին՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցաբերվող, մեր կարծիքով խիստ էական, պետական աջակցությունն է: Այդ աջակցությունը դրսևորվում է գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի հետևյալ պայմաններով .

ա. կոմբայնների համար` 10 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչև 9% տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում է,
բ. տրակտորների համար` 6 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչև 9% տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում է,
գ. հավաքիչ-մամլիչների, շարքացանների համար` 3-6 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչև 9% տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում է,
դ. այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար` 3 տարի մարման ժամկետ, տարեկան մինչև 9% տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում է:

Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարի հայտարարության՝ ծրագիրը գործողության մեջ մտնելուց հետո անցել է ավելի քան 5 ամիս և տարվա ավարտին մնում է ընդամենը 4 ամիս, սակայն դեռևս վերոնշյալ պայմաններով լիզինգի 24 գործարք է իրականացվել: Իհարկե, ծրագիրը դեռևս նոր է, աստիճանաբար ակտիվությունը կարող է մեծանալ, բայց 2017թ. համար ծրագրավորված 120մլն. դրամ աջակցության շրջանակներում կնքված գործարքների տեմպը շատ ցածր է: Մեր կարծիքով դրա հիմնական պատճառը դարձյալ պոտենցիալ լիզինգառուների ցածր վճարունակությունն է: Ուստի առաջարկում ենք առավել մատչելի տարբերակ կիրառել՝ լիզինգառուի ընտրությամբ սուբսիդավորել կամ լիզինգի տոկոսը, կամ 20% կանխավճարի գումարը: Խնդրո առարկա որոշման 3-րդ աղյուսակի տվյալներից երևում է, որ տրակտորների և հիմնական գյուղգործիքների համար կանխավճարի և 7% սուբսիդավորման գումարի տարբերությունը չնչին է: Այսինքն, պետական աջակցության գումարի շրջանակում լիզինգառուն կարող է ընտրել տոկոսադրույքի կամ կանխավճարի սուբսիդավորման տարբերակը: Ինչ վերաբերում է հացահատիկահավաք կոմբայնին, ապա այստեղ կանխավճարի գումարը մոտ 2 անգամ փոքր է 7% սուբսիդավորման գումարից, ուստի այստեղ կարող է կիրառվել միաժամանակ երկու ցուցանիշով սուբսիդավորման տարբերակը:

Կարծում ենք, որ անգամ լիզինգի աջակցության գործող կառուցակարգի պայմաններում, հատկապես ֆիզիկական անձանց համար դժվար է վճարել լիզինգի առարկայի արժեքի 20% կանխավճարի գումարը, որը արգելակում է ծրագրի ցանկալի տեմպերով իրականացումը: Պետության օժանդակությամբ կանխավճարի արգելքը հաղթահարելուց հետո ձեռք բերված գյուղատնտեսական տեխնիկան լիզինգառուին լրացուցիչ եկամուտ կբերի, որի շնորհիվ առավել դյուրին կլինի փակել լիզինգի մայր գումարը և տոկոսը: