Հայկական հեռուստատեսության մշակութային բաղադրիչի ընդլայնման անհրաժեշտությունը ՀՀ կառավարության 2017-2022թթ. ծրագրի համատեքստում

Սոֆյա Օհանյան
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
«Հանրային քաղաքականության և
անվտանգության հետազոտություններ»
ծրագրի ավագ հետազոտող

ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրում ամրագրված հրամայականներից մեկը սփյուռքահայության և հայրենիքի առավել ամուր կապի ստեղծման բանաձևը գտնելն է, ինչը հնարավորություն կընձեռի պահպանելու հայի ինքնությունը, ինչպես նաև Հայաստանը դարձնելու հայանպաստ կենտրոն, որը միավորում է աշխարհով մեկ սփռված բոլոր հայերին:

Հայերին միավորելու կարևորագույն միջոցներից է ազգային մշակույթը, քանի որ «հայկական հարուստ մշակութային ժառանգությունը և ամուր ազգային ինքնությունն են դրված մեր ազգի անկախ ինքնորոշման հիմքում և երաշխավորում են մեր հայրենիքի հարատևությունը» (ՀՀ կառավարության ծրագիր, էջ 7):

Դրան հասնելու համար կառավարությունը նախաձեռնել է ոլորտային բարեփոխումներ: Մասնավորապես, մշակութային քաղաքականության առնչությամբ ՀՀ կառավարության առա­ջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում միտված է լինելու, ի թիվս այլ նպատակների, հոգևոր և ազգային ավանդույթների վրա խարսխված մշակութային միջավայրի ձևավորմանը, մրցու­նակ մշակութային արտադրանքի ստեղծմանը և ծառայություն­ների մատուցմանը, պատ­մա­մշակութային ժառանգության պահպանմանը և ժամանակակից մշակութային զարգացումներին հանրության լիիրավ մասնակցությանը, անհատի ստեղծագործական կարողությունների խթանմանը, ազգային ինքնության և քաղաքացիական բարձր գիտակցությամբ օժտված հա­սա­րա­կության ձևավորմանը: Այս համատեքստում հատկապես ուշագրավ են կառավարության ծրագրի 4.5 բաժնի 8-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը, ըստ որոնց՝ «Հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի և սոցիալական մեդիայի ռեսուրսներում մշակութային բաղադրիչի ընդլայնման նպատակով ՀՀ կառավա­րութ­­յունը նախատեսում է 2018 թվականից սկսած մեկնարկել պատ­մամշակութային ժառանգությունը, ժամանակակից արվեստը ներկայացնող, կրթական, դաստի­ա­րակ­չական ուղղվածություն ունեցող գիտահանրամատչելի և ճանաչողական հեռուս­տա­հա­ղոր­դումների ստեղծման աշխատանքները, 2018-2022 թվականների ընթացքում հեռուս­տա­տեսությամբ, ռադիոյով, մամուլով և սոցիալական մեդիայով հռչակել մշակութային կյանքի, արդի ստեղ­ծագոր­ծողների գործունեությունը, լուսաբանել մշակութային անցուդարձը» (ՀՀ կառավա­րության ծրագիր, էջ 117):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հեռուստատեսությունն ակտիվ մասնակցություն ունի հասարակության մեջ արժեքների ու գաղափարների տարածմանը և նպատակ ունենա­լով որոշակի առաջարկություններ ներկայացնել հեռուստաեթերի բովանդակության բարե­լավ­­ման համար՝ 2017 թ. օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատ­վածում վերլուծել ենք հայկական 11 հեռուստաընկերությունների («Ար», «Արարատ», «Արմենիա TV», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հայկական երկրորդ հեռուս­տաալիք», «Հ3», «Շանթ», «Շողակաթ», «ATV») ծրագրային ցանցը և թեմատիկ հատկանիշները:

Ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ հեռուստահաղորդումների թվաքա­նակով առաջատար են «Շողակաթ» (77 հաղորդում), «Հայաստանի հանրային» (43 հաղոր­դում) և «Հ3» (38 հաղորդում) հեռուստաընկերությունները, սակայն հեռուստա­ծրագրե­րի բազմազ­ա­նութ­յան ու հարստության տեսանկյունից առանձնանում են «Շողակաթ», «Հայաստանի հանրային» և «Արարատ» հեռուստաընկերությունները: Ընդգծված մշակութային (առավելապես կրոնական) ուղղվածություն ունի «Շողակաթ» հեռուստաընկերությունը, ինչն ամրագրված է նաև նրա որդեգրած առաքելության և հիմնարար արժեքների մեջ: Մշակու­թային-ճանաչողական նշանա­կություն ունի «Արարատ» հեռուստաընկերությունը: Հեռուստա­հա­ղոր­դումների քիչ թվաքանակով են աչքի ընկնում «Շանթ» (16 հաղորդում) և «Երկիր Մեդիա» (23 հաղորդում) հեռուս­տա­ընկերությունները:

Ուսումնասիրված հեռուստաընկերությունների մեծամասնությունն ունի խիստ ժաման­ցային կողմնորոշում: Դրա վկայությունն են հեռուստատեսությամբ ցուցադրվող հեռուստա­սե­րիալ­ներն ու մուլտֆիլմերը:

Հեռուստաընկերությունների մի մասն էլ ակնհայտորեն որդեգրել է եթերաժամանակը ֆիլ-մե¬րով (գեղարվեստական և վավերագրական) լրացնելու քաղաքականություն:

Խիստ սակավ են ցուցադրվող պատմական-մշակութային ճանաչողական տի­պի հաղորդումները, որոնք, հիմնականում ունենալով տեղեկատվական բնույթ, անդրադառ­նում են հայագիտական թեմաներին (հայ ժողովրդի ներդրումն այլ ժողովուրդների զարգաց­ման մեջ, հայկական ծագմամբ նշանավոր մարդկանց կենսագրությունները և այլն):

Բնականաբար, զուտ քանակական չափորոշիչներով անհնար է դատել հեռուստահա­ղոր­դում­ների որակական կողմի մասին, սակայն արված վերլուծությունից կա­րե­լի է կատարել հետևյալ եզրակացությունները.

  1. Քանի որ հեռուստատեսությունն արժեքային-գաղափարական ազդեցության ամենահզոր գործիքներից է, որը հասարակությանը բարոյականություն, ոճ, մտածելակերպ, բառապաշար է թելադրում՝ մասնակցելով «աշխարհի պատկերի» ձևավորմանը, հարկ է, որպեսզի հայկական հեռուստաընկերություններն ավելի լրջորեն զբաղվեն իրենց հաղորդում­ների բովանդակության բարելավման քաղաքականությամբ՝ բազմազանության, բազմակող­մա­­նիութ­յան ու որակի առումներով։
  2. Թեև ըստ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի՝ «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է հեռուստառադիոհաղորդումների ազատ ընտրության, արտադրության ու տարածման իրավունքը: Հեռուստառադիոհաղոր­դում­ների գրաքննությունն արգելվում է», սակայն քանի որ հասարակության արժեհամակար­գի վրա հեռուստատեսության բովանդակային ուղղվածության ազդեցությունն ակնհայտ է, կարելի է սահմանել որոշակի շեմ մշակութային, կրթադաստիարակչական հաղորդումների համար տվյալ հեռուստաալիքի շաբաթական ընդհանուր եթերաժամանակի 20-25 %-ի չափով:

Հոկտեմբեր, 2017 թ.