ՀՀ մարզերում զբաղված բնակչության անհամաչափ բաշխվածությունն ըստ որակավորման

Աստղիկ Հովհաննիսյան
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
«Կրթական գործընթացի և տեխնոլոգիաների հետազոտություններ»
ծրագրի կրտսեր հետազոտող

Կառավարության երկարաժամկետ զարգացման ռազմավարության գերխնդիրը բնակչության նյութական և ոչ նյութական բարեկեցության շարունակական ավելացումն է։

Բնակչության բարեկեցությունն ուղղակիորեն կախված է եկամուտներից: ՀՀ տնային տնտեսության մեկ շնչի հաշվով միջին ամսական դրամական եկամուտը, աստիճանաբար աճելով, այժմ կազմում է 52377 ՀՀ դրամ՝ 2008թ.-ի 26866-ի համեմատ: Դրամական եկամուտների 64.2%-ը աշխատանքային եկամուտներն են: Ուստի երկարաժամկետում բնակչության բարեկացության շարունակական ավելացման գերխնդրին հասնելու համար Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի (ՀԶՌԾ) հիմնական նպատակ է սահմանվել զբաղվածության ընդլայնումը՝ որակյալ և բարձր արտադրողականություն ապահովող աշխատատեղերի ստեղծման ճանապարհով: Աշխատանքի արտադրողականությունը մեծապես կախված է աշխատանքին համապատասխան որակավորմամբ մասնագետներից: Հայտնի է, որ զբաղված բնակչության մի ստվար հատված իր որակավորմանը համապատասխան աշխատանք չի կատարում: Դա պայմանավորված է աշխատաշուկայում համապատասխան կադրերի պահանջարկի և բուհերի պատրաստած կադրերի անհավասարակշռությամբ, ստացած գիտելիքի և գործատուների պահանջների անհամապատասխանությամբ, ըստ մարզերի աշխատատեղերի անհամաչափ բաշխվածությամբ և այլ գործոններով:

Ըստ ՀՀ ԱՎԾ ամենամյա իրականացվող աշխատուժի հետազոտության՝ ՀՀ տնային տնտեսությունների անդամների 16.6%-ը կատարում են իրենց որակավորումից ցածր աշխատանք, և 3.9%-ը՝ որակավորումից բարձր աշխատանք: Հետազոտության արդյունքները զբաղված բնակչության վրա տարածելիս ստանում ենք, որ մոտ 17800 մարդ կատարում է իր որակավորումից ցածր աշխատանք, և ի հակադրություն դրան՝ մոտ 41800 մարդ ունեն իրենց որակավորումից բարձր աշխատանք: Այսինքն զբաղվածների 16.6%-ն իրենց գիտելիքը չեն կարողանում ծառայեցնել հօգուտ երկրի տնտեսության, մինչդեռ նրանց մոտ 25%-ը (այդքան մարդ կատարում է իր որակավորումից բարձր աշխատանք) կարող էին աշխատել իրենց որակավորմանը համապատասխան՝ վերը նշված խնդիրների հնարավորինս արդյունավետ կարգավորման դեպքում:

Զբաղվածության տարածքային անհամաչափության խնդիրները բացահայտելու համար դիտարկենք զբաղվածների որակավորման համապատասխանությունն աշխատանքին ըստ մարզերի:

Հետաքրքրական է, որ իրենց որակավորմանը համապատասխան աշխատանք ունեցողները գերակշռում են Արմավիրի մարզում՝ 95.5%, իսկ Երևանը յոթերորդն է՝ 77.4%-ով: Ամենացածր ցուցանիշը Սյունիքի մարզինն է՝ 29%: Համապատասխանաբար, Սյունիքի մարզն ամենաբարձր ցուցանիշն ունի որակավորումից բարձր աշխատանք կատարող անձանց թվաքանակով՝ 52.4%:

Իրենց որակավորումից ցածր աշխատանք ունեցողների կշիռն ամենամեծն է Արարատի մարզում՝ 25%, իսկ ամենացածրը Արմավիրի մարզում է՝ 4%:

Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Զբաղվածության պետական գործակալության, Զբաղվածության հանրային ծառայությունների համաշխարհային ասոցիացիայի անդամ է, որի որդեգրած հիմնական սկզբունքներից է քաղաքացուն ապահովել իր որակավորմանը համապատասխան աշխատանքով:

Ըստ ՀԶՌԾ-ի՝ զբաղվածության մակարդակը և զբաղվածների բարեկեցության աստիճանը պայմանավորված են լինելու նաև պետական մարմինների կողմից աշխատանքային շուկայում գործադրվող քաղաքականությունների բնույթով: Մասնավորապես՝ կարևորվում են զբաղվածության աջակցությանն ուղղված նոր ծրագրերի ներդրման անհրաժեշտությունը, արդյունավետ իրականացվող ծրագրերի ծավալների մեծացումը, ծրագրերի իրականացման ճկունության ապահովումը՝ տարածքային զարգացման առանձնահատկություններից ելնելով:

2014թ.-ի ապրիլի 17-ին ՀՀ կառավարության «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին թիվ 534-Ն որոշման 13-րդ հավելվածով սահմանվել է աշխատանք փնտրող անձանց այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրման կարգը (ծրագիրը): Ծրագրի նպատակն աշխատուժի ներքին տեղաշարժի կարգավորման միջոցով Հայաստանի Հանրապետության մարզերում, մասնավորապես, գյուղական բնակավայրերում և սահմանամերձ տարածաշրջաններում շարունակաբար չլրացվող թափուր աշխատատեղերի համալրումն ու կայուն զբաղվածության ապահովումն է:

Կրթություն ստանալու և մասնագիտության ընտրության հարցում քաղաքացիների կամքը դժվար է վերահսկել: Ուստի ՀՀ տարբեր մարզերում որոշակի մասնագիտությամբ մասնագետների կուտակումը կամ դեֆիցիտը մեղմելու, որակավորմանը համապատասխան զբաղվածների թիվն ավելացնելու, ըստ այդմ զբաղվածության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, կարծում ենք, աշխատանք փնտրող անձանց այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրման ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու համար նախատեսվող մասնակիցների թիվն ըստ մարզերի ու համայնքների բաշխելիս ճիշտ կլինի կատարել վերը նշված և նմանատիպ դիտարկումներ, ինչը կնվազեցնի ծրագրի թերակատարումն ու կմեղմի զբաղվածության տարածքային անհամաչափությունները:

Սեպտեմբեր, 2017 թ.