Աշխատանքի տնտեսագիտության ամբիոն

Ամբիոնի վարիչն է տ.գ.դ., պրոֆեսոր Մարտիրոս Պետրոսյանը:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատանքի տնտեսագիտության ամբիոնը ձևավորվել է 1975թ. Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի կազմում 1973թ-ից գործող «Աշխատանքի էկոնոմիկա և գիտական կազմակերպում» ամբիոնի բազայի վրա: 1989թ. «Աշխատանքի էկոնոմիկա և գիտական կազմակերպում» ամբիոնը վերանվանվեց «Աշխատանքի էկոնոմիկա և սոցիոլոգիա», այնուհետև 1991թ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ամբիոնի կադրային ներուժի հիման վրա ձևավորվեց Կառավարման ամբիոնը: 1992թ. «Աշխատանքի էկոնոմիկա և սոցիոլոգիա» ամբիոնը վերանվանվեց «Աշխատանքի էկոնոմիկա», իսկ 2000թ-ին՝ «Աշխատանքի տնտեսագիտություն»:
Ամբիոնի ձևավորման գործում իր մեծ ավանդն ունի նրա առաջին վարիչը՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ռուբենի Պողոսյանը, որը ամբիոնը ղեկավարեց մինչև 1991թ-ը: 1991թ-ից ամբիոնը ղեկավարեց տնտեսագիտության թեկնածու, պրոֆեսոր Բորիս Հարությունի Բաբայանը, իսկ 1992թ-ից մինչև օրս՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Մարտիրոս Երվանդի Պետրոսյանը:
Ստեղծման օրից ի վեր ամբիոնը ցերեկային, երեկոյան և հեռակա ուսուցման ձևերով պատրաստել է «Աշխատանքի տնտեսագիտություն և սոցիոլոգիա» և «Աշխատանքի կազմակերպում և նորմավորում» մասնագիտացումներով հայերեն և ռուսերեն լեզուներով շուրջ 3200 տնտեսագետներ, ովքեր հաջողությամբ աշխատում են հանրապետության տնտեսության տարբեր բնագավառներում:
2004-2005 ուս.տարվանից ամբիոնը թողարկել է «Աշխատանքի տնտե­սա­գիտություն» մասնագիտությամբ առկա և հեռակա ուսուցման բակալավրներ, ինչպես նաև «Աշխատանքի տնտեսագիտություն», «Աշխատանքի և աշխատավարձի կազմակերպումը ծառայությունների ոլորտում» և «Աշխատանքային իրավունք» մասնա­գիտացմամբ մագիստրոսներ: Հաշվետու տարում թողարկում է բակա­լավրիական կրթության «Աշխատանքի տնտեսագիտություն» մասնագիտությամբ առկա ուսուցման բակալավր և մագիստրոսական կրթության «Աշխատանքի և աշխատավարձի կազմակերպումը ծառայությունների ոլորտում» մասնագիտությամբ առկա ուսուցման մագիստրոսներ:
Ուսուցումը
Ամբիոնում «Աշխատանքի տնտեսագիտություն» առարկայի ուսուցումն անցկացվում է բոլոր ֆակուլտետների 2-4-րդ կուրսերի ուսանողների համար: Այդ պարապմունքների ընթացքում ուսանողները ծանոթանում են «Աշխատանքի տնտեսագիտություն» դասընթացի առարկային, խնդիրներին և բովանդակությանը, աշխատանքային ռեսուրսներին և հասարակության աշխատանքային ներուժին, բնակչության զբաղվածությանը և աշխատանքի շուկային, բնակչության կենսամակարդակին և եկամուտներին, աշխատանքի արտադրողականությանը, աշխատանքի կազմակերպմանը, աշխատանքի նորմավորմանը, աշխատավարձի կազմակերպմանը և տարիֆային համակարգին, աշխատավարձի ձևերին և համակարգերին, պարգևատրման համակարգերին և դրանց արդյունավետությանը, արտադրական կազմակերպության անձնակազմի ձևավորմանը և թվաքանակի հաշվարկմանը:
Վերջին տարիների ընթացքում ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է հայերեն, ռուսերեն լեզուներով ուսումնամեթոդական ձեռնարկներ, մենագրություններ, դասագիրք:
Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ասպիրանտների կողմից կատարած գիտահետազոտական աշխատանքները նպատակաուղղված են եղել պլանով նախատեսված «Բնակչության զբաղվածության, աշխատանքի կազմակերպման և վարձատրման հիմնահարցերը ՀՀ-ում» թեմայի իրականացմանը: Պլանային թեմայի լուսաբանման նպատակով ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից հրատարակած գիտական հոդվածներում վերլուծվել են ՀՀ տնտեսության համար կարևոր և առավել հրատապ նշանակություն ունեցող մի շարք ոլորտներում տիրող իրավիճակները և ուղիներ մատնանշվել բազմաթիվ հիմնախնդիրների լուծման համար:
Ամբիոնում կատարվել են ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող գիտական պայմանագրային հետևյալ թեմաները.
1. 2002-2004թթ. «Շուկայական տնտեսության ձևավորման արդի հիմնահարցերը ՀՀ-ում»
2. 2005-2007թթ. «Աշխատանքի և աշխատավարձի կազմակերպման բարելավման ուղիները ՀՀ օդային և ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտում»
3. 2008-2010թթ. «Աշխատանքի վարձատրության կազմակերպման բարելավումը ՀՀ բանկային համակարգում»
Համագործակցություն
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատանքի տնտեսագիտության ամբիոնը 2008թ-ից սերտ կապերի ունի Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանի հետ:

Ամբիոնի կազմը

  1. Պետրոսյան Մարտիրոս Երվանդի - ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր
  2. Մելքումյան Անահիտ Սերգեյի - տ.գ.դ., պրոֆեսոր
  3. Սամվելյան Նազենիկ Արտավազդի - տ.գ.թ., դոցենտ
  4. Բադալյան Մերի Վազգենի - տ.գ.թ., դոցենտ
  5. Սահակյան Մարիա Արմենակի - տ.գ.թ., դոցենտ
  6. Կարապետյան Լուսինե Վահագնի - տ.գ.թ., դոցենտ
  7. Շահբազյան Անահիտ Վոլոդյայի - ասիստենտ
  8. Շահնազարյան Գագիկ Հայկազի - ասիստենտ
  9. Կարապետյան Ելենա Յուրիի - ասիստենտ
  10. Հովսեփյան Գայանե Յաշայի - դասախոս
  11. Բաղդասարյան Աիդա Վռամի - ավագ լաբորանտ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, Աշխատանքի տնտեսագիտության ամբիոն
Հեռ.՝ (+37410) 593-456