Այսուհետ ՀՊՏՀ–ում կպատրաստվեն բնապահպանական փորձաքննության բնագավառի բարձրորակ մասնագետներ

«Տնտեսագիտական բուհը շատ է կարևորում իր պատրաստած մասնագետների հետագա ճակատագիրը»,- այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հայտարրեց համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ համագործակցության պայմանագրի ստորագրման ժամանակ։

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի ու բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ստորագրած համագործակցության պայմանագրով այսուհետ համալսարանում կիրականացվի «Տնտեսական գործունեության բնապահպանական փորձաքննություն» մասնագիտացմամբ մագիստրոսական կրթական ծրագիր, որը կնպաստի հանրապետությունում բնապահպանական փորձաքննության բնագավառում բարձրորակ մասնագետների պատրաստման, վերապատրաստման գործընթացին և համալսարանի շրջանավարտներին աշխատանքով ապահովելուն:

Ըստ ՀՊՏՀ ռեկտորի՝ կարևորելով աշխատաշուկային համապատասխան կադրերի պատրաստումը՝ տնտեսագիտական համալսարանը տարբեր կառույցների հետ իրականացնում է համատեղ մագիստրոսական կրթական ծրագրեր՝ տարբեր մասնագիտացումներով։ «Այն մասնագիտացումը, որի շուրջ մենք պայմանագիր ենք ստորագրում և համագործակցելու ենք, շատ կարևոր ու արդիական է»,– նշեց Կորյուն Աթոյանն՝ ավելացնելով, որ բուհն ի սկզբանե ուսումնասիրում է տվյալ գործատուի պահանջը, ապա համատեղ իրականացնում են կրթական ծրագիրը։

Համատեղ իրականացվող կրթական այս ծրագրերի արդյունքում լուծվում է նաև ուսանողների հետագա աշխատանքի հարցը, և նրանք կարող են աշխատել այն գերատեսչությունում, ում հետ համատեղ բուհն իրականացրել է կրթական ծրագիրը։ Սա ՀՊՏՀ-ի կողմից գործատուի հետ կապերն ամրապնդելուն և համագործակցության ճանապարհով հանրապետության համար որակյալ կադրեր պատրաստելուն միտված թվով վեցերորդ պայմանագիրն է:

«Իսկապես մեզ համար նշանակալից օր է, որովհետև մենք ուզում ենք հիմք դնել մի գործընթացի, որն իսկապես պահանջված է մեր տնտեսությունում և մեր երկրում գոյություն ունեցող էկոլոգիական խնդիրների կարգավորման գործում»,– պայմանագրի ստորագրման ժամանակ հայտարարեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ ավելացնելով, որ այսօր ստորագրվող պայմանագիրն իսկապես իր դրական արդյունքները առաջիկա տարիների ընթացքում կտա։

«Երբ տնտեսությունը ենթարկվում է շահագործման, ապա մենք պետք է ամեն ինչ անենք, որ շրջակա միջավայրին հասցնող վնասն իջեցնենք ամենացածր աստիճանին»,– հայտարարեց նախարար Հարությունյանը՝ հույս հայտնելով ՀՊՏՀ ուսանողներին վաղը տեսնել այն այն գիտելիքներով և հմտություններով, որն այսօր պահանջված է։

Tert.am