ՀՊՏՀ-ում կայացավ «Կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում» ծրագրի շնորհանդեսը

2012 թվականին ՀՀ-ն անցում է կատարել պարտադիր կուտակային եռաստիճան համակարգի: Այս ծրագիրը ուղղված է մեր քաղաքացիների բավարար մակարդակով կենսաթոշակի ապահովմանը: Այսօրվա կենսաթոշակային համակարգը տրամադրվում է պայմանավորված կենսաթոշակառուի աշխատանքային ստաժից, բայց այն լրացվելու է երկու բաղադրիչով` 1-ը կամավոր կենսաթոշակային կուտակման հնարավորությունն է, 2-ը` պարտադիր կենսաթոշակային ապահովագրությունն է:

Այդ կապակցությամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի ունեցավ կրթական նոր ծրագրի շնորհանդես: «Կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում» մագիստրոսակական կրթական նոր ծրագիրը ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի «Ֆինանսական շուկաներ և ինստիտուտներ» ամբիոնում ներդրվել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև անցած տարի ստորագրված հուշագրի արդյունքում:

«Դասընթացի ներդրումը համարում եմ կարևորագույն քայլ, քանի որ տարիների ընթացքում մշակված, միջազգային փորձով հարստացված և վերջնական լուծումներ ստացած այս համակարգը հայտնվելու է ապահով ձեռքերում: Ուսումնական այս ծրագրի հիմնական բովանդակությունը լինելու է այն անհրաժեշտ գիտելիքների տրամադրումը, որոնք երիտասարդներին թույլ կտան աշխատանքի անցնելով` ցուցաբերել իրենց գործնական հմտություններ ունեցող մարդ»,- իր ողջույնի խոսքում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Այս ծրագրի նպատակը կենսաթոշակային համակարգի բարեփոխումներին նպաստող որակավորված մասնագետների շարունակական պատրաստումն է: «Այսօր կրթության շուկայում մրցակցությունը հասել է ահռելի չափերի: Այս կրթական ծրագրի շնորհիվ հետագայում համակարգն ապահովված կլինի կենսաթոշակային ոլորտի որակավորված մասնագետներով, ովքեր առաջիկայում մեծ պահանջարկ են վայելելու աշխատաշուկայում: Նոր սերնդի երիտասարդ մասնագետների հմտություններից է նաև կախված ներդրվող բարդ համակարգի հաջողությունը»,-ասաց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:

Ծրագրի իրագործմանը նպաստել են նաև Սոցիալական ապահովության պետական ծառայությունը, ԿՀԻԿ հիմնադրամը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը: Ծրագիրը, բացի գիտելիքների տրամադրումից ուսանողներին ապահովելու է գործնական հմտություններով, դասավանդող մասնագետները վերապատրաստվելու են, կատարվել է լավագույն ուսանողների խրախուսում, արտասահմանյան գործընկերների հետ փորձի և կադրերի փոխանակում: Բացի այդ ապագա մասնագետները բուհն ավարտելուց անմիջապես հետո հնարավորություն են ստանալու անցնել աշխատանքի պետական կառավարման համակարգերում` որպես քաղաքացիական ծառայողներ:

www.tert.am