ՀՊՏՀ-ի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսագիտության և քաղաքագիտության ինստիտուտի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Դիտումների քանակ՝ 2635

Շուրջ մեկ տարի տևած բանակցությունների արդյունքում ՀՊՏՀ-ի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսագիտության և քաղաքագիտության ինստիտուտի միջև օրերս համագործակցության հուշագիր է ստորագրվել:

Այս մասին տեղեկացնում են ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժնից՝ նշելով, որ հուշագիրը ստորագրվել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վարդան Աթոյանի կողմից նախաձեռնված և դեռևս 2018 թվականից ընթացող բանակցությունների արդյունքում: Հուշագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ակադեմիական փոխանակումներ, համատեղ հետազոտություններ և նախագծեր, ինչպես նաև կազմակերպել համատեղ գիտական միջոցառումներ։ Իր հերթին ք.գ.դ. Վարդան Աթոյանն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությանը և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսագիտության և քաղաքագիտության ինստիտուտի տնօրենի տեղակալ պրոֆեսոր Հոն Սոնին՝ համագործակցության հաստատման գործում ունեցած բազմակողմ աջակցության համար։

Նշենք, որ Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսագիտության և քաղաքագիտության ինստիտուտը իր մասնագիտացման ոլորտում (մակրոտնտեսագիտություն, միջազգային ֆինանսներ, միջազգային առևտուր, օտարերկրյա ներդրումներ, զարգացող տնտեսություններ, գլոբալ կառավարում, համաշխարհային էներգետիկա, միջազգային քաղաքատնտեսություն, և այլն) համարվում է ոչ միայն Չինաստանի, այլև աշխարհի լավագույն ու ամենաազդեցիկ հաստատություններից մեկը։ Հաստատության աշխատակազմը բաղկացած է շուրջ 130 հետազոտողից և կառուցվածքում ներառում է 11 հետազոտական բաժին, 6 հետազոտական կենտրոն, 5 խմբագրական և մի շարք վարչական գրասենյակներ: Հաստատությունն իրականացնում է նաև մագիստրոսական, դոկտորական և հետդոկտորական կրթական ու հետազոտական ծրագրեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին