ՀՊՏՀ ներկայացուցիչները մասնակցել են ՆՁԱԿ-ում կազմակերպված քննարկման

Դիտումների քանակ՝ 3146

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի (ՆՁԱԿ) գիտատեխնիկական գրադարանը հունիսի 7-ին «Հանդիպում գրքերի հեղինակների, գիտնականների հետ» միջոցառումների շրջանակում կազմակերպել է Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան նվիրված «Ավելի մաքուր, առողջ և կանաչ Երկիր մոլորակ» խորագրով քննարկում: Նպատակն է եղել ժամանակակից տեղեկատվական միջավայրում կարևորել գրքերի դերակատարումը բնապահպանական կրթության, հանրության իրազեկության բարձրացման, բնության պահպանության և ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրների լուծման գործընթացներում, ինչպես նաև արժեքավոր մասնագիտական հայերեն գրքերով համալրել ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի հավաքածուն:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, հայաստանյան բուհերի, ՀԿ-ների և այլ կազմակերպությունների պաշտոնատար անձինք: ՀՊՏՀ-ից ներկա են եղել «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը և որպես ունկնդիրներ՝ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի դոցենտներ Ալիսա Գևորգյանը, Աննա Կարապետյանը, ասիստենտներ Նորա Այվազյանը, Նադեժդա Աֆյանը:

Հանդիպման մանրամասները լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին է հաղորդել Սամվել Ավետիսյանը:

Քննարկումը վարել է ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի ղեկավար Լևոն Ղարիբյանը, ով ներկայացրել է բնապահպանության ոլորտին նվիրված գրքերի հեղինակներին և կարևորել աշխատությունները, որոնք անդրադառնում են հատկապես շրջակա միջավայրի պահպանության համար կիրառվող բնապահպանական կենսատեխնոլոգիական մեթոդներին, կենսոլորտի և մարդու էկոլոգիական անվտանգության հիմնախնդիրներին: Լևոն Ղարիբյանը ընդգծել է Հայաստանում «Recycle It» ծրագրի դերը շրջանաձև տնտեսության զարգացման, թափոնների տեսակավորման և վերամշակման մշակույթի ձևավորման գործում:

Այնուհետև հեղինակները ամփոփ խոսել են իրենց գրքերում արծարծված հարցերի մասին: Պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը ներկայացրել է «Բնական պաշարների օգտագործման նորամուծական եղանակների միջազգային փորձը և Հայաստանում կիրառման հնարավորությունները» հրատարակությունը, որտեղ ուսումնասիրված են բնական ռեսուրսների օգտագործման ներկայիս միտումները, ոչ արդյունավետ օգտագործման հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրները, ջրային, հողային, ընդերքի և լանդշաֆտային պաշարների օգտագործման միջազգային առաջատար փորձն ու տեղայնացման հնարավորությունները ՀՀ-ում: Հաջորդիվ ՀՊՏՀ գիտնականը խոսել է «Կլիմայի փոփոխության սոցիալ-տնտեսական հետևանքները և հարմարեցման միջոցառումները Հայաստանում» գրքի, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO)՝ Հռոմում լույս տեսած «Земельные ресурсы и продовольственная безопасность Центральной Азии и Закавказья» հրատարակության (որի երկու գլխի հեղինակը Սամվել Ավետիսյանն է), «Հայաստանի բնակավայրերի տեղեկատու» հանրագիտարանային բնույթի ծավալուն աշխատության մասին:

Գրադարանին արժեքավոր գրքեր նվիրաբերելու համար հեղինակներին, այդ թվում և Սամվել Ավետիսյանին, հանձնվել են շնորհակալագրեր:

Միջոցառմանը գործել է «Բնապահպանություն»  խորագրով գրականության թեմատիկ ցուցահանդես, մասնակիցները ծանոթացել են  գրադարանի շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող արտոնագրային, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի, լիատեքստ տվյալների բազաների պատրաստված ցանկերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին