Վերապատրաստման վկայականներ՝ «Հոսպիտալ մենեջմենթ» դասընթացի մասնակիցներին

13.04.2022
Դիտումների քանակ՝ 1228

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Ազգային բժշկական պալատի համատեղ կազմակերպած «Հոսպիտալ մենեջմենթի» հերթական՝ 6-րդ դասընթացն ամփոփված է։ Եռամսյա դասընթացը հաջողությամբ ավարտած 17 մասնակիցներին այսօր՝ ապրիլի 13-ին, շնորհվեցին ավարտական վկայականներ, ինչպես նաև՝ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) 54 տեսական և 9 գործնական կրեդիտ։ Դեկտեմբերին մեկնարկած և փետրվարին ավարտված կարճաժամկետ դասընթացը վարել են ՀՀ առողջապահության ոլորտի բարձրակարգ մասնագետներ։

Դասընթացի ավարտի կապակցությամբ շնորհավորելով մասնակիցներին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը վստահություն հայտնեց, որ ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կնպաստեն առողջապահության կազմակերպիչների և կառավարիչների մասնագիտական աճին։

«Անուրանալի է բժիշկների ներդրումը մեր հասարակական կյանքում՝ կապված թե´ քովիդի, թե´ պատերազմական և հետպատերազմյան շրջանում նրանց ցուցաբերած մասնագիտական խիզախության և, որոշ դեպքերում, նույնիսկ անձնուրաց աշխատանքի հետ։ Հուսով եմ՝ դասընթացին ձեր մասնակցությունը կարևոր և օգտակար է եղել և ցանկանում եմ նաև վստահ լինել, որ Տնտեսագիտական համալսարանում ձեռք բերած գիտելիքները կնպաստեն ձեր հետագա մասնագիտական առաջընթացին»,- ասաց Դիանա Գալոյանը։

Շնորհակալություն հայտնելով ՀՊՏՀ ռեկտորին գործընկերության և հյուրընկալության համար՝ Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանն ընդգծեց, որ ծրագիրն արդեն երկու տարվա պատմություն ունի, այդ ընթացքում շուրջ 200 շրջանավարտ է թողարկել, որոնցից շատերը նշանակալի հաջողությունների են հասել իրենց ոլորտներում։

«Տնտեսագիտական համալսարանն իր ծանրակշիռ մասնակցությունն ունի այս ծրագրում և մեր վստահելի գործընկերն է արդեն երկու տարի։ Առանձնահատուկ կարևորում եմ ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի և շարունակական կրթության բաժնի հետ մեր ունեցած սերտ համագործակցությունը և բժիշկների համար լավագույն պայմաններ ապահովելու նախատրամադրվածությունը։ Տնտեսագիտական համալսարանը մեր ծրագրերին առավելագույն հեղինակություն տվող բուհն է, մենք հպարտ ենք, որ այս կարևոր ծրագիրը հենց այստեղ ենք իրականացնում»,- ընդգծեց Նարեկ Վանեսյանը։

Եռամսյա ուսումնառության ընթացքում մասնակիցները սովորել են՝ ինչպես կառավարել բժշկական կազմակերպության տարբեր գործընթացներ, տիրապետում են բժշկական կազմակերպության զարգացման ռազմավարությունն ինքնուրույն մշակելու գործիքակազմին, ֆինանսները, մարդկային ռեսուրսները, ներհիվանդանոցային վարակները կառավարելու հմտություններին, կարող են մշակել մրցունակ մարքեթինգային ռազմավարություն և վարել պացիենտակենտրոն քաղաքականություն։

Նշենք, որ դասընթացը նախատեսված էր առողջապահության կազմակերպիչների և կառավարիչների համար։ Հերթական կարճաժամկետ վերապատրաստման դասընթացի մասնակիցները հիմնականում բժիշկներ են, բժշկական կազմակերպությունների և դրանց ստորաբաժանումների ղեկավարներ, ավագ բուժաշխատողներ, բժշկական կազմակերպությունների՝ ոչ բժիշկ ղեկավար անձնակազմ։