Լիոնի համալսարանի ուսանողը հետազոտական փորձառություն կանցնի ՀՊՏՀ «Ամբերդ» կենտրոնում

Դիտումների քանակ՝ 2732

Լիոնի քաղաքական գիտությունների համալսարանի (Institut d'Etudes Politiques de Lyon) ուսանող Ժուլի Օդդոն (Julie Oddon) ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում կանցնի իր հետազոտական փորձառությունը: Ժուլի Օդդոնին փետրվարի 18-ին հյուրընկալեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը: Հանդիպմանը ներկա էին նրա փորձառության ղեկավար, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ, ք.գ.դ. Վարդան Աթոյանը, արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, միջազգային կապերի բաժնի պետ Սոնա Մատինյանը:

Հյուրին ներկայացրեց Լուսինե Դանիելյանը՝ նշելով, որ ֆրանսիական համալսարանի ուսանողը մի քանի ամիս իր հետազոտական փորձառությունը կանցկացնի «Ամբերդ» հետազոտական կենտրոնում, միաժամանակ հնարավորություն կունենա ծանոթանալու կենտրոնի գործունեությանն ու հետազոտական ծրագրերին:

Ժուլի Օդդոնը շնորհակալություն հայտնեց հրավերի և հյուրընկալության համար՝ նշելով, որ «Ամբերդ»-ում հյուրընկալվելու գործում մեծ է Վարդան Աթոյանի ներդրումը: Ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը ողջունեց Ժուլի Օդդոնի այցը ՀՊՏՀ՝ նշելով, որ դա հաճելի անակնկալ է, ապա ներկայացրեց համալսարանը, միջազգային ծրագրերը՝ մասնավորապես առանձնացնելով «Ժան Մոնե» ծրագիրը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կարողությունները, ՈՒԽ Անգլախոսների ակումբի գործունեությունը: Բուհի ղեկավարը հույս հայտնեց, որ Ժուլի Օդդոնի փորձառությունը մեր համալսարանի հետազոտական կենտրոնում կլինի արդյունավետ և հիշարժան, ապա հավելեց, որ համալսարանի անձնակազմը պատրաստ է աջակցել ցանկացած հարցում:

Հանդիպման ավարտից հետո asue.am-ը զրուցեց Ժուլի Օդդոնի հետ՝ հետաքրքրվելով «Ամբերդի» հետ համագործակցության հաստատմամբ: ««Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին ես տեղեկացա համալսարանի իմ պրոֆեսորից, ով ճանաչում էր պարոն Աթոյանին: Նա ծանոթացրեց ինձ պարոն Աթոյանի հետ, նրա կողմից իրականացվող աշխատանքներին և քանի որ դա համապատասխանում էր իմ հետաքրքրություններին, ես որոշեցի դիմել: Պարոն Աթոյանից ստացա դրական արձագանք, և մենք սկսեցինք քննարկել, թե որոնք կարող են լինել իմ գործունեության ուղղությունները «Ամբերդ» հետազոտական կենտրոնում»,- պատմեց մեր հյուրը:

Նրա խոսքով, իր հետազոտական փորձառությունը չորս ամիս է, մինչև հունիս կլինի «Ամբերդում»: «Ես ցանկանում եմ ներգրավվել «Ամբերդի» կողմից իրականացվող հետազոտություններում, որպեսզի առավել լավ պատկերացնեմ տնտեսական զարգացման հիմնախնդիրները, հատկապես Հայաստանում: Սա ինձ համար նաև հնարավորություն է՝ ստանալու նոր մասնագիտական փորձառություն: Անշուշտ, հետազոտական կենտրոնի աշխատանքի բնույթը պատկերացնելն իրապես ուսանելի կլինի»,- հավելեց Ժուլի Օդդոնը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին