Նոր հմտություններ, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն ամենօրյա աշխատանքը. ամփոփվեց ՀՊՏՀ ղեկավար կազմի վերապատրաստման դասընթացը

15.02.2021
Դիտումների քանակ՝ 2978

Այսօր ավարտվեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի նախաձեռնությամբ դեպարտամենտների, կառուցվածքային տարբեր ստորաբաժանումների ղեկավարների և դեկանների համար կազմակերպված «Նախագծերի կառավարման հիմունքներ» դասընթացը։ Արտաքին կապերի դեպարտամենտի շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի կազմակերպած դասընթացը հունվարի 25-ից համախմբել էր բուհի վարչական աշխատակազմի ղեկավարներին՝ նպատակ ունենալով դասընթացի միջոցով փոխանցել նոր հմտություններ, զարգացնել այն կարողությունները, որոնք պահանջվում են ամենօրյա աշխատանքում։

Վերապատրաստումն իրականացրեց նախագծերի կառավարման ոլորտում բազմամյա փորձ ու նախագծերի կառավարման մասնագետի PMP® միջազգային որակավորում ունեցող փորձագետ, PMI Armenia Հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի պետ Սոնա Մատինյանը։

Դասընթացի ավարտի առթիվ մասնակիցներին շնորհավորեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը՝ ընդգծելով, որ վարչական աշխատակիցների վերապատրաստումը շարունակական բնույթ է կրելու, և ղեկավար կազմի վերապատրաստումը գործընթացի մեկնարկն է։ Բուհի ղեկավարը հույս հայտնեց, որ դասընթացը կնպաստի բուհում աշխատանքների առավել արդյունավետ և համակարգված կազմակերպմանը։ «Ես հուսով եմ, որ այս վերապատրաստումը նոր շունչ կհաղորդի ձեր աշխատանքին, դուք կդառնաք փոփոխությունների շարժիչ ուժը, առաջամարտիկը՝ առաջ մղելով բուհի մոտեցումները և գաղափարները»,- նշեց ռեկտորը։

Այնուհետև տեղի ունեցավ հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը․ ռեկտորը և դասընթացավարը մասնակիցներին հանձնեցին հավաստագրեր և շնորհավորեցին։ Ավարտին asue.am-ը դասընթացի վերաբերյալ մեկնաբանություններ խնդրեց մասնակիցներից․ նրանք տպավորված էին և սիրով ներկայացրեցին իրենց կարծիքը։

Գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը նշեց, որ դասընթացի շրջանակներում ներկայացվել է աշխատանքի կազմակերպման այնպիսի հարուստ գործիքակազմ, որը կարևոր է աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար։ «Դասընթացին մասնակցում էին բուհի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, որոնք իրենց ամենօրյա աշխատանքում հանդիպում են կազմակերպական տարբեր խնդիրների, և ես կարծում եմ, որ ներկայացված գործիքակազմը և հմտությունները կնպաստեն գործընթացների բարելավմանը»,- ասաց պրոռեկտորը։

«21-րդ դարում շրջանցել շարունակական ուսուցումն ու զարգացումը անհնար է, պարզապես կարող ես հայտնվել հետնաբեմում։ Պարբերաբար վերապատրաստումներն ուղղակի անհրաժեշտություն են, իսկ կոնկրետ այս դասընթացը, որն ամբողջությամբ հարմարեցված էր բուհական համակարգի կառավարմանը՝ խիստ անհրաժեշտություն։ Այն չափազանց արդյունավետ էր, ինչը մեզ հնարավորություն տվեց մեր աշխատանքին նայել նոր տեսանկյունից, ցուցաբերել նոր մոտեցումներ, ինչին էլ, կարծում եմ, պետք է հաջորդեն այն անելիքները, որոնք մեզ համար տեսանելի դարձան։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում դասընթացավար Սոնա Մատինյանին՝ արհեստավարժ ձևով նյութը մատուցելու համար, և, իհարկե, բուհի ղեկավարությանը՝ մեզ մշտապես մրցունակ պահելու ձգտման համար»,- ասաց հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը։

Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Նարեկ Կեսոյանը ևս տպավորված է։ Նա վստահ է՝ դասընթացն իրեն շատ կօգնի ինչպես մասնագիտական, այնպես էլ վարչական աշխատանքում։ «Այն յուրօրինակ մարտահրավեր էր վերաարժևորելու և վերանայելու իմ կառավարչական հմտությունները՝ ժամանակի կառավարման, աշխատանքի արդյունավետ կազմակերպման և օպտիմալացման տեսանկյունից: Դասընթացն ինձ մղեց նոր գիտելիքներ փնտրելուն, նոր տեխնոլոգիական հնարավորություններ կիրառելուն, նոր գրականության ընթերցմանը: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում համալսարանի ղեկավարությանը՝ նման հնարավորության համար, ինչպես նաև Սոնա Մատինյանին՝ պրոֆեսիոնալիզմի համար»,-նշեց Նարեկ Կեսոյանը:

ՀՊՏՀ էլեկտրոնային սարքավորումների սպասարկման և ծրագրային ապահովման բաժնի պետ Սամվել Հովհաննիսյանն իր տպավորություններն այսպես ներկայացրեց. «Ուսանելու համար ՀՊՏՀ-ն, իրոք որ, ֆանտաստիկ վայր է։ Ինձ համար սա իսկական մարտահրավեր էր՝ համալսարանն ավարտելուց տարիներ հետո դարձյալ սովորել։ Դասընթացից ես շատ բան սովորեցի, այն չափազանց հետաքրքիր ու բովանդակալից էր։ Շատ շնորհակալություն ՀՊՏՀ ամբողջ թիմին` նվիրվածության և դասընթացը կազմակերպելու համար: Իրականում, այս դասընթացը ինձ հիշեցրեց, որ ամեն օր մենք ունենք 24 ժամ, 1440 րոպե, 86400 վայրկյան։ Դասընթացից հետո վստահ կարող եմ ասել, որ ամեն օր առնվազն տնտեսեցի 50-60 բացարձակապես անիմաստ և որևէ բան չտվող րոպեներ»։

«Մենք մեր առօրյա աշխատանքում անընդհատ առնչվում ենք կազմակերպական, գործընթացների կառավարման խնդիրների, և այս իմաստով դասընթացը բավական շատ հարցերի պատասխաններ տվեց։ Սա հրաշալի հնարավորություն էր շատ հարցերի այլ տեսանկյունից նայելու։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՊՏՀ ռեկտորին՝ աշխատակիցների համար այսպիսի կարևոր նախաձեռնություն ցուցաբերելու համար, արտաքին կապերի դեպարտամենտին, շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնին՝ նախաձեռնությունը փայլուն իրագործելու համար, ինչպես նաև դասընթացավար Սոնա Մատինյանին»,- նշեց լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոհար Գևորգյանը։

Լսարանից գոհ էր նաև դասընթացավարը։ Սոնա Մատինյանը նշեց, որ լսարանը պատրաստված և պատրաստակամ էր նոր գիտելիք ձեռք բերելու, հմտությունները զարգացնելու, ամենօրյա գործընթացներն ու փոփոխությունները հեշտ կառավարելի դարձնելու հարցում։ «Կարծում եմ, մասնակիցների ներուժը մեծ էր, իսկ փոփոխությունների նկատմամբ դրական մոտեցումն, անշուշտ, կտա սպասված արդյունք»,- ասաց նա։

Հանդիպումն ամփոփեց շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի պետ Աղավնի Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով Սոնա Մատինյանին, ինչպես նաև դասընթացի մասնակիցներին։

Հ․Գ․ Հրապարակմանը կից վերջին լուսանկարները ներկայացնում են ակնթարթներ նախորդ հանդիպումներից։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին