…Արցախի հերոսն ավելի բարձրում մնաց. հավերժ փառք

25.11.2020
Դիտումների քանակ՝ 6025

Պատերազմն անողոք էր, անասելի′ անողոք: Այն մեր լավագույն տղաներից շատերին տարավ, անդառնալի′ է կորուստը:

Խորը կսկիծով ենք հայտնում, որ ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող, պատերազմում աներևակայելի սխրանքների համար Արցախի հերոս բարձրագույն կոչմանն արժանացած ժամկետային զինծառայող Դավիթ Լյովայի Գրիգորյանը ևս միացավ հայրենիքի համար կյանք տված անմահ տղաներին… Նա սեպտեմբերի 27-ին հասցրել էր Կարախամբելի–Ֆիզուլիի հատվածում 15 տանկ և մեկ միավոր հետևակային մարտական մեքենա խոցել։ Այդ մասին մեր հրապարակմանը ծանոթացեք այստեղ:

Պատերազմի դաժան օրերին հերոսը արիաբար ծառայությունը շարունակում էր առաջնագծում, ավա͂ղ…

«Ցավ է, խեղդող ցավ: Մեր Դավիթն այն հերոս տղան է, ով ծանր պահերին մեզ շատ ոգեշնչեց, սահմանից հույս ու հավատ, մեծ ուժ փոխանցեց: Նրա սխրանքն անչափելի է: Պահեր կան, երբ լռությունն է մարդու մորմոքը փոքր-ինչ արտահայտում, սա այդ պահն է, խոսքեր չկան, բառերը հիմա չեն կարող խոսել մեր վշտի մասին»,-մեզ հետ զրույցում ասաց ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանը:

Հպարտության, կորստի անդիմանալի ցավի հակասական զգացմունքներ ենք ապրում, սիրելի′ Դավիթ, Արցախի′ հերոս, մեր հավե′րժ ուսանող: Դու դարձար ավելին, քան Արցախի հերոսն է, դու ավելի բարձրում մնացիր: Գլուխ ենք խոնարհում: Հավերժ փառք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին