ՀՊՏՀ-ն կազմակերպում է «Ֆինանսական կառավարում» թեմայով 2-րդ դասընթացը

Եթե ֆինանսիստ ես, հաշվապահ, վերլուծաբան, զբաղվում ես ձեռնարկատիրությամբ կամ ուսանող ես և ցանկանում ես հմտանալ ֆինանսների ոլորտում, ապա առաջիկա դասընթացը քեզ համար է։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շարունակական կրթության բաժինը սկսում է նոր դասընթաց՝ «Ֆինանսական կառավարում» խորագրով։

Դասընթացը մասնակիցներին հնարավորություն կտա՝

  • յուրացնելու ֆինանսական կառավարման մեթոդները և մեխանիզմները,
  • ծանոթանալու կորպորատիվ կազմակերպությունների ֆինանսական կառավարման գործիքակազմին,
  • ձեռք բերելու կորպորացիաների ֆինանսական կառավարման վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ։

Դասընթացի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր՝

  • ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն,
  • փնտրում են պահանջված աշխատանք,
  • ունեն ֆինանսական գիտելիքներ, բայց ցանկանում են ուսումնասիրել ֆինանսական կառավարման նոր մոտեցումները,
  • այն ուսանողների, ովքեր ցանկություն ունեն ձեռք բերելու լրացուցիչ հմտություններ ֆինանսական կառավարման ոլորտում։

Դասընթացը կվարեն ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի՝ կորպորատիվ ֆինանսների և ֆինանսական կառավարման ոլորտներում մասնագիտացած դասախոսները.

Աշոտ Մաթևոսյան. տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ֆինանսական կառավարման բնագավառի երեք մենագրության հեղինակ, «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» դասագրքի, «Կազմակերպությունների ֆինանսներ» ուսումնական ձեռնարկի համահեղինակ, չորս տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ, ունի 20 տարվա գիտամանկավարժական ստաժ, աշխատանքային փորձ ինչպես տնտեսության իրական հատվածում, այնպես էլ բանկային համակարգում:

Գրիգոր Մանուկյան. տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ունի 10 տարուց ավելի գիտամանկավարժական ստաժ: Զբաղվում է կազմակերպությունների ֆինանսական կառավարման տեսական և գործնական խնդիրներով: Երկու մենագրության և 20 գիտական հոդվածների հեղինակ է:

Մարե Խաչատրյան. տնտեսագիտության թեկնածու, դոցենտ։ Ունի շուրջ 10 տարվա մանկավարժական փորձ ֆինանսների գծով, հեղինակ է 14 գիտական հոդվածների և մեկ ուսումնական ձեռնարկի։ Կատարել է օտարերկրյա համալսարանների ֆինանսական մասնագիտացումների հետազոտական-վերլուծական աշխատանք, կորպորատիվ ֆինանսների գծով վերապատրաստվել է արտերկրում, ունի արտերկրում դասավանդման փորձ։

Լիլիթ Հովականյան. տնտեսագիտության թեկնածու, ունի 9 տարվա պետական կառավարման համակարգի և 13 տարվա գիտամանկավարժական ստաժ: «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագրի շրջանակներում հանդիսացել է Համաշխարհային բանկի հարկային խորհրդատու։ «Հանրային ֆինանսներ» դասախոսության նյութերի համահեղինակ է, 10 գիտական հոդվածների հեղինակ:

Սրբուհի Իսրայելյան. տնտեսագիտության թեկնածու, ունի 5 տարվա պետական կառավարման համակարգի և մասնավոր հատվածի, 7 տարվա գիտամանկավարժական աշխատանքային փորձ։ Արժանացել է ՀՀ կենտրոնական բանկի մրցանակի, «Կորպորատիվ ֆինանսներ» մասնագիտացմամբ վերապատրաստվել է արտերկրի առաջատար համալսարաններում, հեղինակ է 11 գիտական հոդվածի։

Դասընթացի տևողությունը երեք շաբաթ է, այն կանցկացվի հիբրիդային եղանակով (առցանց և անցանց)՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ, ժամը՝ 18:00 - 20:00-ը, ՀՊՏՀ Տեմպուսի նիստերի սրահում, հասցեն՝ Նալբանդյան 128 (մուտքը՝ դարպասի կողմից):

Դասընթացի արժեքը 50 000 դրամ է, սակայն ՀՊՏՀ աշխատակիցները և ուսանողները դասընթացին կմասնակցեն 30%, իսկ շրջանավարտները՝ 10% զեղչով։
Դասընթացի մեկնարկը՝ փետրվարի 21-ին։
Դասընթացի տևողություն՝ 20 ժամ, 10 հանդիպում։
Մասնակիցները կստանան հավաստագիր՝ հայերեն և անգլերեն:
Գրանցվել կարող եք հետևյալ հղմամբ: