Միջին վիճակագրական սպառման կամ միջին վիճակագրական եկամուտների հիման վրա իրականացվող կանխատեսումների պարունակած սխալի ռիսկի շուրջ

Արմեն Գրիգորյան
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
«Ազգային մրցունակության և միջազգայնացման հետազոտություններ»
ծրագրի տնօրեն

Գաղտնիք չէ, որ Հայաստանում բազմաթիվ են այն ընկերությունները, որոնք չունեն բավարար ֆինանսական և մարդկային ռեսուրսներ՝ որակական ու քանակական հարցումներ (պանելային և ոչ պանելային) կամ երկարաժամկետ ներխանութային ու ներտնային դիտարկումներ կազմակերպելու և դրանց արդյունքներով սպառողական վարքագծի առանձնահատկությունները բնորոշելու համար: Սովորաբար նման ընկերություններն իրենց վերլուծական պրակտիկայում սահմանափակվում են երկրորդային կոշտ կամ սինդիկատիվ տեղեկատվության արդյունքների վերլուծությամբ: Սակայն այս մոտեցումը պարունակում է որոշակի ռիսկեր, որոնք էլ կդիտարկենք մեր այս վերլուծական հրապարակման մեջ:

Նախ պետք է նշենք, որ սինդիկատիվ տեղեկատվության աղբյուրները Հայաստանում սակավաթիվ են: Պատճառը՝ սպառողական վարքագծի խորքային հետազոտություններում ներգրավված կազմակերպությունների փոքրաթիվությունն է, սեփական ջանքերով հետազոտութ­յունների իրականացման փոքր պարբերականությունը, ինչպես նաև փոքրիշատե խելամիտ ու արժանահավատ արդյունքներ ապահոված հետազոտությունների բարձր գինը: Սա հետևանքն է նրա, որ Հայաստանում սպառողական շուկաների ճնշող մեծամասնությունը կամ մոնոպոլացված են կամ աչքի են ընկնում կենտրոնացման բարձր աստիճանով: Նման պայ­մաններում շուկան սպասարկող խոշոր ընկերությունները հետազոտությունների իրականացման որևէ մոտիվացիա չունեն, իսկ շուկայում «գոյատևման» ռազմավարություն կիրառող փոքր ընկերություններն էլ, թեև գիտակցում են հավաստի տեղեկատվության դերն ու նշանակությունը, սակայն բավարար միջոցներ չունեն նման հետազոտություններ իրականացնելու կամ ֆինանսավորելու համար: Արդյունքում՝ սինդիկատիվ տեղեկատվության տրամադրման ոլորտում ներգրավված հետա­զո­տա­կան կազմակերպություններն էլ չունեն բավարար ֆինանսական միջոցներ պարբերաբար սեփական ջանքերով վերլուծական ապրանք թողարկելու և ավելի մատչելի գնով այն շահագրգիռ ընկերություններին մատուցելու համար: Որպես այս իրավիճակի հետևանք՝ սինդիկատիվ տեղե­կա­տվությունը Հայաստանում բավականաչափ հնացած և թանկարժեք է լինում: Մասնա­վո­րապես, 2014 թվականի դրությամբ Հայկական որևէ ապրանքային շուկայի կամ դրա սպառող­ների վերաբերյալ 2011 կամ 2012 թվականների ընթացքում իրականացված վերլուծության արդյունք­ների ձեռք բերման համար ընկերությունից կպահանջվեր մոտ 400-600 հազար դրամ:

Ինչևիցե կազմակերպությունն ունի երկընտրանք, կա΄մ օգտվել կոշտ տեղեկատվությունից, կա΄մ գնել թեկուզ հնացած, սակայն առաջնային տեղեկատվության արդյունքների վրա հիմնված տեղեկատվություն: Սինդիկատիվ տեղեկատվության առնչությամբ մեծ է ռիսկը, որ հետազո­տությունը, իրականացված լինելով ավելի վաղ ժամանակահատվածում, չի արտացոլի սպառո­ղա­կան վարքագծի դրսևորման, կամ սպառողական նախապատվությունների, կամ շուկայի կազմի, կառուցվածքի, տարողունակության, սպասարկողների ու կոնյունկտուրայի իրական դրվածքը մեզ հետաքրքրող ժամանակահատվածում:

Հիմնականում սա է պատճառը, որ նախապատվությունը տրվում է պետական պաշտո­նական տեղեկատվության աղբյուրներին: Սակայն պետք է նշենք, որ պաշտոնական տեղեկա­տվութ­յան արդյունքների հիման վրա կայացվող որոշումները ևս պարունակում են սխալի բավա­կանին մեծ ռիսկեր: Խնդիրը կապված է երկու առանցքային հարցերի հետ: Առաջին. պետական պաշտոնական տեղեկատվության տարբեր աղբյուրներ հաճախ իրարամերժ և հաճախ էլ իրականութփյունը ոչ ամբողջովին արտացոլող տվյալներ են պարունակում: Այս խնդրին Ամբերդ հետազոտական կենտրոնն անդրադարձել է ՀՀ պարենային ապրանքների շուկաների հետազո­տության արդյունքներին առնչվող հաշվետվության մեջ[1]: Նման անճշտությունների պատճառները բազմաթիվ են: Նախ հաշվետու տարվա ամփոփ և ճշգրտված արդյունքները, որոնք արտա­ցոլ­վում են ԱՎԾ «Հայաստանի վիճակագրական տարեգրքում» կամ այլ տարեկան հրապարա­կումներում որոշակիորեն շեղված են ԱՎԾ հաշվետու տարվա 12 ամիսների ցուցանիշներից, ինչը նորմալ երևույթ է: Սակայն անփորձ հետազոտողը, ով չի տիրապետում նման նրբություններին, կարող է էականորեն սխալվել շուկայի կազմը, կառուցվածքը կամ տարողունակությունը հաշվարկելու և կանխատեսելու աշխատանքներում: Բացի այդ, շատ հաճախ, տնտեսվարողները ԱՎԾ-ին, հարկային ու մաքսային մարմիններին տրամադրում են ոչ լիարժեք և կեղծ տեղեկա­տվություն՝ իրենց ներմուծման, շրջանառության կամ թողարկման ծավալների վերաբերյալ*, ինչի պատճառով շուկայի իրական ծավալներին տիրապետելը անփորձ հետազոտողի համար նույնպես բավականին բարդ խնդրի է վերածվում:

Խնդիրների մյուս խումբը կապված է միջին վիճակագրական ցուցանիշներից շեղումների հետ, որոնք այնքան մեծ են, որ դրա հիման վրա կատարվող եզրահանգումների վստահելիության մակարդակը չի կարող բավարարել ոչ մի հետազոտողի:

Այսպես, ըստ ԱՎԾ-ի 2008-2013թթ ժամանակահատվածում Հայաստանի 20% ամենա­ապահովված և 20% ամենաանապահով բնակչության եկամուտներն իրարից տարբերվել են միջինում 8-8.5 անգամ, իսկ սպառողական ծախսերի մեծությունը մոտ 5.2 անգամ: Բնակա­նաբար նման էական շեղման պարագայում ԱՎԾ կողմից՝ բնակչության միջին եկամուտների, դրանց աղբյուրների, միջին սպառողական ծախսերի, դրանց կազմի ու կառուղվածքի առնչութ­յամբ կառուցված տեղեկատվական աղյուսակները չեն կարող արժանահավատ լինել և կամ արտա­­ցոլել տվյալ պահին շուկայում կամ սպառողական նախապատվությունների տրման գործընթացներում ձևավորված օբյեկտիվ իրողությունները:

Նույն կերպ Հայաստանի տնային տնտեսություններում մեկ շնչին բաժին ընկնող դրամա­կան եկամուտների (անվանական եկամուտների մոտ 92%-ը) մոտ 60%-ն ապահովող աշխատա­վարձին և ինքնազբաղվածությունից ստացված եկամտին առնչվող տեղեկատվությունը չի կարող իրապես արտացոլել տնային տնտեսությունների սպառման ներուժը: Մասնավորապես, Ամբերդ հետազոտական կենտրոնի կողմից կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ տնտեսության տարբեր ճյուղերում զբաղվածներից 3,4%-ի եկամուտները միջին վիճակագրական աշխատողի եկամուտը գերազանցում են 2,2 և ավելի անգամ, 15,2%-ինը՝ 1,2-1,7 անգամ, 9%-ինը համադրելի է միջին վիճակագրական աշխատողի վարձատրության չափին, 67,1%-ինը այդ չափից փոքր է 1,2-1,5 անգամ, իսկ 5,3%-ինը՝ 1,7 և ավելի անգամ: Եթե այսպիսի շեղումներին գումարում ենք նաև տնային տնտեսությունների կազմի և տնային տնտեսություններում զբաղված անդամ ունեցողների անհավասարաչափ բաշխման հետ կապված խնդիրները (տես աղյուսակ 1-ում), ապա հասկանալի է դառնում, որ նման տեղեկատվության հիման վրա եզրահանգումների կամ կանխատեսումների իրականացումը շուկան հետազոտող ընկերության համար կարող են վերածվել յուրօրինակ «ինքնասպանության»:

Այս առումով պետք է նշենք, որ ԱՎԾ կողմից իրականացված առավել խորքային հետազոտությունների արդյունքներն էլ փաստում են, որ տնային տնտեսությունների մեծությունը, դրանցում անչափահpասների կամ զբաղված անդամների թվաքանակը, մասնավոր տրանս­ֆերտների ստացումը, կրթությունը և տնային տնտեսության տեղաբաշխումը էական ազդեցություն ունեն վերջինների սպառման մեծության վրա: Մասնավորապես, ըստ ԱՎԾ հետազոտությունների արդյունքների.

  • Հայաստանում տնային տնտեսության չափը բացասական ազդեցություն ունի սպառման վրա: Բազմանդամ տնային տնտեսություններն, ունենալով այլ հավասար բնութագրիչներ, ունեն ավելի ցածր սպառում:
  • Որքան մեծ է անչափահաս և հատկապես 0-5 տարեկան երեխաների մասնաբաժինը տնային տնտեսություններում այնքան ցածր է դրա սպառումը՝ բազային կատեգորիայի (40-60 տարեկանների մասնաբաժնի) համեմատ, երբ տնային տնտեսության չափը մնում է անփոփոխ:
  • Բարձրագույն կրթությամբ գլխավորով տնային տնտեսությունների սպառումը 2012 թ. դրությամբ 34%-ով գերազանցել է տարրական կամ թերի միջնակարգ կրթություն ունեցող գլխավորով տնային տնտեսությունների սպառումը:
  • 2012 թվականին երկրից դուրս միգրացիայում գտնվող անդամներ ունեցող տնային տնտեսությունները գրանցել են ավելի բարձր սպառում (22%-ով) քան այն տնային տնտեսությունները, որոնցում միգրանտներ չեն եղել:
  • Որքան բարձր է տնային տնտեսություններում գործազուրկների համամասնությունը, այնքան ցածր է սպառման ցուցանիշը՝ վարձու աշխատողների համամասնության համեմատ: Այդ գործոնն էապես ազդում է և բարձր կարևորություն ունի սպառման բաշխվածության վրա:

Ինչպես տեսնում ենք Հայաստանում միջին վիճակագրական ցուցանիշից շեղումները պայմանավորված են ոչ միայն եկամուտների անհավասարաչափ բաշխման հետ, այլև տնտային տնտեսությունների կազմի, կառուցվածքի, մեծության, դրանց անդամների զբաղվածության, կրթության, միգրացիայի, որոշ դեպքերում նաև բնակության վայրի հետ: Ավելին, նշված գործոնների ազդեցությունը տնային տնտեսությունների սպառման մեծության և ներուժի վրա էական են և բնականաբար պահանջում են, որ հետազոտողներն իրականացնեն առավել խորքային վերլուծություններ, որոնք չեն առնչվում մանրածախ առևտրաշրջանառության կառուցվածքին կամ բնակչության կենսամա­կարդակին:

Մյուս կողմից հատկանշական է, որ ԱՎԾ վիճակագրական հրապարակումները չեն արտացոլում նաև Հայաստանում ազգային փոքրամասնությունների, կրոնական տարբեր հոսանք­ների, տեղային պատկանելության և հայրենա­դարձության հանգամանքով պայմանավոր­ված ենթամշակութային տարբեր հատվածների ապրանքների նախապատվությունների առանձ­նա­հատկությունները: Սա նույնպես կարևոր բաց է, քանի որ կապված կրոնական ծիսակարգերի և ընկալումների տարբերությունների, կրոնական տարբեր միջոցառումներին մասնակցության, տեղային սովորույթների և խոհանոցի տարբերությունների հետ ՀՀ բնակչության մշակութային տարբեր շերտերի ապրանքային նախապատվությունները տարբեր են: Պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանը հիմնակա­նում ունիտար և կրոնական մեկ ընդհանուր հոսանքի հետևող բնակչություն ունի: Բնակչության 98%-ը ազգությամբ հայեր են և գրեթե նույնքան տոկոսն էլ Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ: Մյուս երկու նշանակալի թիվ ունեցող ազգային փոքրամասնություններն են համար­վում եզդիները (1,2%) և ռուսները (0,39%), իսկ առավել մեծաթիվ կրոնական հոսանքներն են հանդիսանում Ավետարանական (1%), Շարվադինական (0.9%), Կաթոլիկ (0.5%) եկեղեցիների հետևորդներև և Եհովայի վկաները (0.3%): Թվում է, թե ազգային և կրոնական փոքրամաս­նութ­յունների այսքան փոքր մասնա­բաժինը բնակչության թվաքանակում որևէ էական ազդեցություն պետք է չունենար բնակչության ապրանքային նախապատվությունների ձևավորման վրա, սակայն դա այդպես չէ: Մենք հայերս բավականին արագ ենք փոխառնում մեր հարևանությամնբ բնակվողների խոհանոցային սովորույթները: Օրինակները բազմաթիվ են: Եզդիական համայնք­ներին մոտ բնակվող հայկական համայնքներում գերակշռող են ոչխարի մսի, ինչպես նաև ոչխարի պանրի նախապատվությունները: Մեր սննդակարգում ներկայումս առկա երշիկեղենի տեսականու մի ստվար մասը, սորդելները, խոզամսի դոնդողը (холодец), թթուների բազմաթիվ տեսակներ (կաղամբի, վարունգի, «մոլոկանի» խոզի ենթամսամթերքի), պինդ թթվասերը (կաթնասերը կամ «ռեժանը») և բազմաթիվ այլ սննդամթերքներ փոխառնված են Հայաստանի ռուսական համայնքից: Հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ այս համայնքն ավելի կոմպակտ է բնակվում հայ բնակչության ապրանքային նախապատվությունները էապես նման են վերջինների նախապատվություններին: Բացի այս ՀՀ բնակչության մեջ մեծ է նաև տեղային հայրենա­սիրության (գաղթականների սերունդներ, տեղաբնակների սերունդներ) և հայրենադարձության փաստարկի ազդեցությունը: Սա էական տարբերություններ է պայմանավորում բնակչության խոհանոցի մշակույթի և կերակրացանկի մեջ (հիմնականում մսի տեսակներին, կաթնա­մթերքներին և պանրի տեսակներին, հացահատիկային մշակաբույսերին, բանջարեղենի որոշ տեսակներին և միևնույն կերակրատեսակի պատրաստման առանձին բաղադրիչներին տրվող նախապատվությունների տեսանկյունից):

Ինչպես տեսնում ենք սպառողական վարքագծի, ապրանքային նախապատվությունների, ինչպես նաև շուկայական հետազոտությունների գործընթացները Հայաստանում կապված են մեծ բարդությունների և ռիսկերի հետ: Ակնհայտորեն նման ռիսկերից խուսափելու միակ հնարավոր ուղին առաջնային տվյալների վրա հիմնված հետազոտությունների իրականացումն է, ինչի հնարավորությունը մեր հայրենական կազմակերպությունների զգալի մասը չունեն: Խնդիրը հնարավոր է լուծել հետազոտական հարթակների ձևավորման ճանապարհով, երբ որոշակի ճյուղերի պատկանող փոքր ընկերությունները կմիավորեն իրենց և մարքեթինգային հետազո­տութ­յուններում մասնագիտացված կենտրոնների ջանքերը: Այսպես, ՀՀ յուրաքանչյուր ապրան­քային շուկայում մեկ երկու խոշոր տնտեսվարողներին զուգահեռ սովորաբար գործունեություն են ծավալում մեկ տասնյակից ավելի փոքր ընկերություններ, որոնցից յուրաքանչյուրն, առանձին վերցրած, մարքեթինգային հետազոտություն ֆինանսավորելու հնարավորություն չունի: Սակայն նման ընկերությունները միավորելով ջանքերն, իրենց մրցակիցների հետ կարող են ձևավորել տեղեկատվական-հետազոտական հարթակներ և համատեղ միջոցներով պարբերաբար ֆինան­սա­վորել համանման հետազոտությունների իրականացումը և օգտվել իրենց գործընկեր հետա­զոտական կենտրոնների տվյալների շտեմարաններից: Ուշագրավ է, որ սա տարածում ունեցող պրակտիկա է զարգացած երկրներում և շահավետ է, ինչպես փոքր ընկերությունների համար, որոնք ավելի փոքր ֆինանսական միջոցներով հնարավորություն են ստանում տնօրինել թանկարժեք առաջնային տեղեկատվություն, այնպես էլ հետազոտական կենտրոնների համար՝ որոնք հնարավորություն են ստանում ապրանքային պորտֆելում ձևավորել մշտական շահու­թաբեր ուղղություններ:

Դեկտեմբեր 2014

Առավել մանրամասն տես հղմամբ, էջ 73-85-ի աղյուսակները կամ www.asue.am կայքում հաջորդաբար բացելով հետևյալ հատվածները՝ Ամբերդ հետազոտական կենտրոն/Վիճակագրական տվյալների բազա/Շուկաներին առնչվող վիճակագրություն/Պարենային ապրանքների շուկաները հայաստանում 2009-2014թթ, էջ 73-85

*Օրինակ՝ ՀԴՄ կտրոններ չտրամադրելու հետևանքով էականորեն փոքր են ստացվում մանրածախ առևտրաշրջանառության ծավալները Հայաստանում, սրա հետևանքով փոքր են ստացվում նաև սպառողական ծախսերի մեծությունը, հաճախ սխալ է ստացվում դրանց կազմին ու կառուցվածքին առնչվող տեղեկատվությունը: Կամ Հայաստանում վաճառվում են ներմուծված ապրանքատեսակներ, որոնք ըստ պաշտոնական վիճակագրության կամ չեն ներմուծվել (օրինակ՝ բուսասերուցքային կարագները, եգիպտացորենի ձեթը, սև բրինձը և այլն) կամ ներմուծվել են շատ սահմանափակ քանակությամբ (օրինակ կապույտ պանիրները, սոյայի ձեթը, ձկան պահածոների մի ստվար զանգվածը և այլն): Կամ Հայաստանում վաճառվում են ապրանքներ, որոնց այդ պահին արձանագրված մանրածախ գինն ավելի էժան է քան դրանց մաքսային արժեքները մինչ մաքսազերծումը (օրինակ՝ լիկյորները, վարունգը, լոլիկը, թխվածքաբլիթը և այլն)