ՀՀ գյուղատնտեսական հողերի օգտագործման վերլուծություն
ՀՀ գյուղատնտեսական հողերի օգտագործման վերլուծություն
Գյուղատնտեսական հողատեսքերի, հատկապես վարելահողերի և բազմամյա տնկարկների, նպատակային ու արդյունավետ օգտագործման հիմնախնդիրը գնալով ավելի հրատապ է դառնում: Ահավասիկ, ՀՀ կառավարության 2019-2023թթ ծրագրում ուղղակիորեն նշվում է. «Կառավարությունն անթույլատրելի է համարում, որ գյուղատնտեսական նշանակության հողերի շուրջ 1/3-ը մնացել է անմշակ։ Կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկելու չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերը նպատակայնորեն օգտագործելու ուղղությամբ: Այս նպատակին հասնելու համար մշակվելու են խթաններ ու մեխանիզմներ»[1]:
Այս վերլուծության նպատակն է ներկայացնել հողօգտագործման փաստացի վիճակը և ՀՀ կառավարության առաջադրած խնդրի լուծումների մեր տարբերակները:
Աղյուսակ 1-ի տվյալներով 2011-2016թթ. դինամիկ աճել է գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները և կրճատվել ոչ նպատակային օգտագործվող վարելահողերի տարածությունը:
Այդ ցուցանիշների արժանահավատությունը փոքր է և ներկայումս արդեն գաղտնիք չէ, որ տեղի է ունեցել վիճակագրական տվյալների ակնհայտ խեղաթյուրում: Այսպիսի վիճակագրության հիմքի վրա դժվար է հիմնավոր տնտեսագիտական վերլուծություն կատարել: Այդ մասին նշվել է մեր ուսումնասիրություններում[1] և, մասնավորապես Հ. Բագրատյանի կողմից քննադատվել է ՀՀ ԱԺ-ի ամբիոնից: ՀՀ նախկին վարչապետ Կ. Կարապետյանի ցուցումով, արդեն իսկ 2017թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և մարզպետարանները աստիճանաբար սահմանափակեցին վիճակագրական տվյալների հավաքմանը անհարկի միջամտությունը:
Սույն վերլուծության շրջանակում շեշտադրենք գյուղատնտեսական հողերի արդյունավետ օգտագործման նպատակով մեր կարծիքով անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները: Ներկայումս գյուղական համայնքներում հատկապես վարելահողերը նպատակային չեն օգտագործվում հիմնականում հետևյալ պատճառներով (գծապատկեր 1)[2]:
Գծապատկեր 1․ Վարելահողերի ոչ նպատակային օգտագործման պատճառները
Նշված հիմնական պատճառներից փորձենք առանձնացնել գյուղական համայնքներում միգրացիայի հետևանքով լքված հողատարածքների խնդիրը և դրա հնարավոր օրենսդրական կարգավորումը: Ներկայումս ՀՀ գրեթե բոլոր գյուղական համայնքներում կան լքված հողեր, որոնց սեփականատերերը համայնքից բացակայում են: Արդյունքում՝ այդ հողերը ոչ միայն չեն մշակվում, այլև տարիներ շարունակ դրանց համար հողի հարկ չի վճարվում: Մեր կարծիքով նման պայմաններում, համայնքի ավագանու որոշմամբ, պահպանելով սեփականության իրավունքը, այդ հողամասերը պետք է օգտագործման տրամադրել առավել ակտիվ գյուղատնտեսներին: Նման գործարքի համար անհրաժեշտ է ստանալ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը, իսկ դրա անհնարինության կամ առանց հիմնավոր պատճառների անհամաձայնության դեպքում՝ գործել օրենքի ուժով: Վերջինս պահանջում է ՀՀ Հողային օրենսգրքի հոդվածներ 43-ում, 44-ում և 102-ում[1], «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի հոդվածներ 12-ում, 18-ում, 32-ում և 43-ում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել և իրավական հիմքեր ստեղծել պասիվ սեփականատերերի կողմից անօգտագործելի թողնված հողամասերը որոշակի ժամանակահատվածով անհատույց օգտագործման կամ վարձակալության սկզբունքով հանձնել առավել ակտիվ գյուղատնտեսներին: Այս միջոցառումը կարող է լուծել մի քանի խնդիր, նախ՝ արդյունավետ ու նպատակային օգտագործել հողը որպես ազգային հարստություն, երկրորդ՝ ապահովել հողի հարկի վճարումները և երրորդ՝ կանխել հողի դեգրադացիայի գործընթացները:
[1] ՀՀ կառավարության ծրագիր, փետրվար 2019, էջ 49, http://parliament.am/draft_docs7/K-010.pdf
[2] Հաշվարկները կատարվել է ՀՀ ԱՎԾ-ի 2013 և 2018 թվականների Տարեգրքերի տվյալներով
[3] Տես՝ Ս.Ս. Ավետիսյան, Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության հրատապ խնդիրները, Եր.; Տնտեսագետ, 2014թ. ; 96 էջ: Գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրական համակարգի ներդրման ուղիները Հայաստանի Հանրապետությունում/ Ս. Ավետիսյան և ուրիշներ.- Եր.:Տնտեսագետ, 2017.-112 էջ:
[4] «Հայեցակարգ չօգտագործվող հողատարածքների և հողերի միավորման (կոնսոլիդացիա) վերաբերյալ քաղաքականության վերանայման և առաջարկությունների տրամադրման», ՄԱԿ- ի ՊԳԿ և ENPARD ծրագիր 2018թ.:
[5] http://www.irtek.am/views/act.aspx?aid=150023