Գյուղատնտեսության ապահովագրության գործընթացի հաջողության նախապայմանները

Սամվել Ավետիսյան
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
«Տնտեսագիտական հետազոտություններ» ծրագրի ավագ հետազոտող
ծրագրի համակարգող

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մթնոլորտային վտանգավոր երևույթներից, հատկապես ցրտահարումից և կարկուտից, գյուղատնտեսության մշակաբույսերի համատարած պաշտպանության տեխնիկական հնարավորությունները խիստ սահմանափակ են, իսկ որոշ դեպքերում՝ ոչ արդյունավետ:

Ամենևին չանտեսելով այդ միջոցների (հակակարկտային ցանցեր, հռթիռային տեղակայանքներ և այլն) անհրաժեշտությունը՝ որպես ռիսկերի հետևանքով արտադրողների կրած վնասի մասնակի վերականգման գործիք կարևորվում է գյուղատնտեսության ապահովագրությունը: ՀՀ կառավարության որոշակի ձեռնարկումներ նկատի ունենալով (քաղաքական կամքը, պիլոտային ծրագրի արտաքին և ներքին ֆինանսավորումը, մասնակիցները և այլն), իմ նախորդ վերլուծականներից մեկը վերնագրել էի «Հայաստանում գյուղատնտեսության ապահովագրության գործընթացը սկսվել է»:

ՀՀ ԱԺ 2019թ. մարտի 27-ի նիստում վարչապետ Ն. Փաշինյանը նշեց, որ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում խաղողի և ծիրանի այգիները ապահովագրվելու են կարկուտի, ցրտահարության և հրդեհի պատահարներից: Այդ նպատակով պետությունն իր վրա է վերցնում ապահովագրավճարի ծախսերի 50%-ը: Սա չափազանց կարևոր ուղերձ է և առանցքային քայլ: Այդ առնչությամբ կարևոր է գործընթացն այնպես կազմակերպել, որ այս քայլն արդյունք ապահովի կիրառման հենց սկզբից, որպեսզի տպավորություն չձևավորվի, որ այդ հայտարարությունը վերջին ութ տարիներին գյուղատնտեսության նախարարների ամենամյա չիրականացված խոստումների բախտին արժանացավ: Իհարկե, մտավախություն կա, քանի որ ավարտվում է գարնան առաջին ամիսը, հարթավայրային շրջաններում սկսվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները, իսկ իրավիճակային վերլուծությունը ցույց է տալիս, որ ապահովագրության ներդրման ընթացքը շատ դանդաղ է:

Մեր կարծիքով գյուղատնտեսության ապահովագրության գործընթացը կարող է հաջող իրականացվել, եթե ի սկզբանե առաջնորդվենք հետևյալ պայմաններով.

1. Ապահովագրության օբյեկտն ունի եկամտաբերության ողջամիտ մակարդակ: Գյուղատնտեսության ապահովագրությունը բավականին ծախսատար միջոցառում է և այն տնտեսապես արդարացվում է բարձր ավելացված արժեք ապահովող մշակաբույսերի ապահովագրության պայմաններում: Այսինքն, ցածր եկամտաբեր, առավել ևս՝ վնասաբեր արտադրությունը ապահովագրելով, ավելացնում ենք ծախսերը և ավելի դժվարացնում տնտեսական վիճակը: Այս առումով, ՀՀ գյուղատնտեսության ոլորտում առաջնահերթ պետք է ապահովագրել խաղողի և պտղատու այգիների, ինչպես նաև բանջարա-բոստանային մշակաբույսերի ծախսերը և բերքը:

2. Առկա է մթնոլորտային ռիսկերի կանխատեսման և ահազանգման արդիական համակարգ: Հայաստանում մթնոլորտային ռիսկերի կանխատեսման և ահազանգման համակարգը դեռևս չունի այն տեխնիկական հնարավորությունները, որ գյուղատնտեսներին ողջամիտ ժամկետում տեղեկատվություն ապահովի և հնարավորություն տա իրականացնել պայքարի հնարավոր միջոցառումներ:

3. Ստեղծվել է գյուղատնտեսության ապահովագրության ազգային մարմին և պատրաստվել են գործին տիրապետող մասնագետներ: Անցյալ տարվա սկզբին տեղեկատվություն է հրապարակվել, որ դոնոր «…ընկերությունների հետ միասին Գյուղատնտեսության նախարարությունը և ԿԲ-ն կնախապատրաստեն 2018թ.-ին Հայաստանի գյուղատնտեսության ապահովագրության առաջին փորձնական ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է ստեղծել ռիսկերի կառավարման ազգային բյուրո գործակալությունը գյուղատնտեսության ոլորտում՝ NARMA - National Agroinsurance Risk Management Agency (ընդգծումը իմն է, Ս. Ա.), որի համար կհատկացվի 1,9 մլն եվրո»: Սակայն այս գործակալության մասին այլ տեղեկատվություն չեմ կարողացել գտնել:

4. Կիրառելի է գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության արդյունավետ տեխնոլոգիաներ: Կարծում ենք, որ այդ տեխնոլոգիաների նկարագիրը պետք է կցվի ապահովագրական պայմանագրի հավելվածում և արտադրողը հնարավորինս պետք է պահպանի այդ պահանջները: Դա բնականոն աճի և նախատեսված բերքի ստացման կարևոր երաշխիք է, ուստի տարբեր պատճառներով դրանից շեղումը կարող է ապահովագրող-արտադրող հարաբերություններում խնդիրներ ստեղծել:

5. Ապահովագրության օբյեկտի վերաբերյալ առկա է բազմամյա տարիների հավաստի վիճակագրական տեղեկատվություն: Ապահովագրության օբյեկտի վերաբերյալ բազմամյա տարիների հավաստի վիճակագրական տեղեկատվության խնդիրը պետք է լուծել փորձագիտական ճանապարհով, քանի որ առկա վիճակագրական տվյալների հավաստիությունը փոքր է:

6. Կատարվել է հիմնական ռիսկերի գնահատում: Գյուղատնտեսության վրա մթնոլորտային երևույթների ներգործության հիմնական ռիսկերի ամբողջական գնահատում դեռևս չի կատարվել, որը լուրջ խոչնդոտ է ապահովագրության ներդրման համար: Չհավակնելով բարձր ճշգրտության՝ արագ կարգով այս խնդիրը կարելի է լուծել համեմատական եղանակով: Այսինքն, առավել նմանատիպ պայմաններում կատարված ուսումնասիրությունների արդյունքները տեղայնացնելով մեր պայմաններում:

7. Ընտրել ապահովագրավճարի սահմանման և հասցված վնասի փոխհատուցման ընդունելի կառուցակարգեր: Այս գործում կարող է օգտակար լինել ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի 2017թ. կատարած ուսումնասիրությունը:

8. Պետությունը պատրաստակամ է գործընկերային սկզբունքով (ապահովագրող-ֆերմեր-պետություն) մասնակցել գյուղատնտեսության ապահովագրմանը: Ինչպես նշվեց՝ ապահովագրավճարի 50%-ը սուբսիդավորելու է պետությունը: Կարծում ենք, որ առաջին տարիներին այս գործընթացի իրականացմանը անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն նաև միջազգային կազմակերպությունները:

9. Ֆերմերների գերակշիռ մասն ունի կամավոր ապահովագրությանը մասնակցելու ցանկություն: Դեռևս զանգվածային ձևով այսպիսի հարցում չի իրականացվել, բայց տարբեր առիթներով գյուղացիների կողմից ապահովագրության ներդրումը կարևորվել է: Նրանց մասնակցությունը մեծ չափով պայմանավորված կլինի ապահովագրության պայմանների մատչելիությունից և քարոզչական աշխատանքի արդյունավետությունից: Կարևոր պայման է նաև ապահովագրական ընկերությունների նկատմամբ վստահությունը:

10. Օրենսդրորեն սահմանել առանձնահատուկ դեպքերում գյուղատնտեսության պարտադիր ապահովագրության պայմանները և օբյեկտները: Կան երկրներ, օրինակ Իսրայելը, որտեղ գյուղատնտեսության ապահովագրությունը պարտադիր է: Սա պայմանավորված է երկրի առանձնահատկությամբ և պետության ագրարային քաղաքականության բնույթով: Իսրայելում հողի մասնավոր սեփականությունը իսպառ բացակայում է: Միաժամանակ պետությունը հսկայական ծախսեր է կատարում գյուղատնտեսության ոլորտում նորամուծական տեխնոլագիաների ներդրման համար, ուստի վերջնարդյունքի պահպանումը դիտվում է որպես կարևոր գերակայություն: Այդուհանդերձ, աշխարհի երկրների մեծ մասը նախապատվությունը տալիս է գյուղատնտեսության կամավոր ապահովագրությանը, որն ընդունելի է նաև Հայաստանի համար: Դրա հետ մեկտեղ, թերևս, գյուղատնտեսության ապահովագրական համակարգի ներդրման սկզբնական շրջանում օրենսդրորեն նախատեսել նաև պարտադիր ապահովագրության դեպքեր: Մասնավորապես, խոսքը վերաբերում է 5 մլն և ավելի արտոնյալ վարկեր ստացող կամ պետական աջակցությամբ խոշորամասշտաբ ծրագրեր (այգիների հիմնում, արտադրական բնույթի կապիտալ շինարարության իրականացում և այլն) իրականացնող սուբյեկտներին:

Մարտ, 2019