Հայկական լրատվամիջոցներ. օբյեկտիվ տեղեկատվության և իրականության աղավաղված պատկերի միջև
Հայկական լրատվամիջոցներ. օբյեկտիվ տեղեկատվության և իրականության աղավաղված պատկերի միջև
Վերջին շրջանում հայաստանյան իրականության մեջ տեղի ունեցան մի շարք ողբերգական իրադարձություններ՝ բռնության կիրառմամբ (մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքեր, սպանություններ), որոնց՝ լրատվամիջոցներում բավականաչափ հաճախակի հիշատակումների հետևանքով ձևավորվեց գիտակցություն, թե ՀՀ-ում մեծացել է հանցագործությունների թիվը (Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանություն (հուլիսի 25), կրկնակի սպանություններ Սևան քաղաքի մոտ (հուլիսի 31), հրաձգություն ու սպանություններ Շամիրամ գյուղում (օգոստոսի 1), դանակահարություններ Վանաձորում (օգոստոսի 4) ու Դիլիջանում (օգոստոսի 5) և այլն): Մինչդեռ, եթե դիտարկենք հուլիսի վերջին տասնօրյակը և օգոստոսի առաջին տասնօրյակը, ապա, հիմք վերցնելով ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալները, կստանանք հանցագործությունների հետևյալ պատկերը.
Իսկ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2017 թ. առաջին կիսամյակում սպանությունների ու սպանության փորձերի թիվը ՀՀ-ում նվազել է մոտ 1,5 անգամ՝ 25 սպանություն ու 13 սպանության փորձ (ընդամենը՝ 38 միջադեպ) 2016 թ. առաջին կիսամյակում սպանության 39 և սպանության փորձի 17 դեպքի (56 միջադեպի) դիմաց:
Հետևաբար, մեր գիտակցության մեջ հանցագործությունների թվի մեծացման ամրագրումը կարող է պայմանավորված լինել մի շարք պատճառներով: Դրանցից մեկը հայկական լրատվամիջոցներին բնորոշ մեդիագրագիտության պակասն է, որը կապված է նաև հեռուստադիտողների և կայքերի հետևողների թվի մեծացման ձգտման հետ:
Կարևոր պատճառ են նաև մեդիամանիպուլյացիաները, ընդ որում, տվյալ դեպքում դրսևորվեցին ուշադրության անընդհատ շեղման ռազմավարությունը (մարդկանց չթողնել կենտրոնանալ քաղաքական և սոցիալական խնդիրների վրա) և հույզերի կիրառումը՝ ի վնաս փաստերի (ըստ ամերիկացի փիլիսոփա, քաղաքական հրապարակախոս Ա. Ն. Խոմսկու՝ այս եղանակի նպատակը հասարակության մեջ վախի, անվստահության ու տագնապի մթնոլորտի ձևավորումն է):
Այն հարցը, թե որքանով են լրատվամիջոցները նպաստում ագրեսիայի, բռնությունների, հանցագործությունների աճին, ագրեսիվ սոցիալական դիրքորոշումների ձևավորմանը, հետազոտական-փորձագիտական շրջանակների ուշադրությունը գրավեց XX դարի կեսերից: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ագրեսիայի դրդող հայտնի գործոնների (ալկոհոլ, եղանակ, աղքատություն և այլն) անփոփոխ մակարդակի դեպքում ագրեսիայի ավելացման համար պատասխանատու գործոն է դառնում հասարակությունում լրատվամիջոցների աճող ընդգրկվածությունը: Այդ տվյալները լրացվեցին սոցիալական ուսուցման (կամ սոցիալական կոգնիտիվիզմի) տեսության կողմից, որի տեսաբանների կարծիքով՝ մարդու վարքը պայմանավորված է վարքային, իմացական և միջավայրային գործոնների մշտական փոխադարձ ազդեցությամբ: Դա նշանակում է, որ ոչ միայն միջավայրը կամ անձնային գործոններն են ազդում մարդու վարքի վրա, այլև մարդն ինքն ակտիվ դեր է խաղում շրջակա միջավայրի պայմանների ստեղծման մեջ: Ըստ այս տեսության հիմնադիր, հոգեբան Ալբերտ Բանդուրայի՝ մարդն ագրեսիվ վարքագիծ է յուրացնում ոչ միայն սեփական փորձի արդյունքում՝ տեսնելով, որ ագրեսիան կարող է դրական արդյունքի հանգեցնել, այլև ուրիշների ագրեսիվ վարքը դիտելով, կրկնօրինակելով, իսկ կրկնօրինակման հիմնական մոդելներից են, ի թիվս այլոց (ենթամշակույթներ, ընտանիք), լրատվամիջոցները: Այդ պատճառով հանրության առողջ զարգացման համար վտանգավոր է լրատվամիջոցներում ագրեսիվ, ապասոցիալական, անբարոյական սոցիալական մոդելների առկայությունը:
Խնդիրը հայկական իրականության մեջ դիտարկելիս կարող ենք ընդգծել, որ ՀՀ-ում հարկ է առաջին հերթին կատարելագործել լրատվությանն առնչվող օրենսդրական դաշտը, հատկապես «Զանգվածային լրատվության մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքները: Այսպես, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի VIII հոդվածի («Տեղեկատվության ազատության սահմանափակումները») առաջին կետում անհրաժեշտ է ավելացնել նոր դրույթ. «Տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկատվության տրամադրումը, եթե դա ներգործում է ագրեսիվ սոցիալական դիրքորոշումների ձևավորման վրա»:
Անհրաժեշտ է ընդլայնել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի VII հոդվածի («Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները») I կետը, որտեղ նշվում է «Արգելվում է օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող կամ քրեորեն պատժելի արարքներ քարոզող, ինչպես նաև այնպիսի տեղեկատվության տարածումը, որը խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը»: Այս ձևակերպումը կարելի է փոխարինել ավելի հստակ սահմանմամբ. «Արգելվում է օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող կամ քրեորեն պատժելի արարքներ քարոզող, ինչպես նաև այնպիսի տեղեկատվության տարածումը, որը խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը, բացասաբար ներգործում ազգի, հասարակության, անձի արժեհամակարգի, հոգեբարոյական կերտվածքի վրա»: