Կրիպտոարժույթների ֆենոմենը: «Ապագայի փողեր», թե՞ դասական «փուչիկ»

Նարեկ Կարապետյան
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
փորձագետ

«Բիթքոինի գինը հատեց 5000 ԱՄՆ դոլարի սահմանը», «Էթերիումը կրկին բարձրանում է». այս և նման վերտառությամբ հոդվածները վերջերս ողողել են համաշխարհային մեդիան, առավել ևս՝ դրա ֆինանսական և տնտեսական լրատվավերլուծական հատվածը: Կրիպտոարժույթների թեման այժմ աշխարհում ամենաքննարկվողներից ու ամենահակասականերից մեկն է: Մինչդեռ ընդամենը 1 տարի առաջ դրանք վերաբերում էին հասարակության բավականին նեղ շրջանակի՝ հիմնականում երիտասարդ, արագ հարստանալու ուղիներ փնտրող կամ լիբերալ քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց: Վերջիններիցս նրանք, ովքեր պատրաստ էին նաև ռիսկի գնալ՝ բազմապատկեցին իրենց ներդրումը: Քանի որ կրիպտոարժույթների գներն իրոք թռչում են վեր…

* Էթերիումի համար միջին աճի ցուցանիշը հաշվարկված է որպես 2016թ ապրիլ-դեկտեմբեր և 2017թ հունվար – հոկտեմբեր հավելաճի տեմպերի թվաբանական միջին

Բիթքոին, Էթերիում, Լայթքոին, Ռիպլ. ի՞նչ են ի վերջո իրենցից ներկայացնում նման հարյուրավոր՝ նույնիսկ հազարավոր, տարբեր անուններով նշանակվող կրիպտոարժույթները: Առավել հետաքրքրա­սերներն անշուշտ կարդացել են Վիքիպեդիայում. «Կրիպտոարժույթը թվային ակտիվ է, որը նախագծված է որպես փոխանակման միջոց, և օգտագործում է կրիպտոգրաֆիա՝ ապահովելու գործարքների անվտանգությունն ու կարգավորելու լրացուցիչ արժույթների թողարկումը»: Սակայն նրանց, ովքեր լսել են օր օրի բարձրացող Բիթքոինի կամ Էթերումի գների մասին, և որևէ կերպ ցանկանում են «միանալ խաղին», այս սահմանումը հազիվ թե ինչ որ բան տա: Ոչինչ չի տա նաև նրանց, ովքեր փորձում են հասկանալ գրեթե 100 և 32 մլրդ դոլարի կապիտալիզացիայի հասած այս կրիպտոարժույթների տնտեսագիտական էությունը:

Իսկ մեդիայից, փորձագիտական և տնտեսագիտական հանրույթից եկող ինֆորմացիան իրոք հակա­սական է: Աշխարհի ամենախոշոր բանկերից մեկի՝ G. P. Morgan-ի գլխավոր տնօրեն Ջեյմի Դայմոնը Բիթքոինը բնորոշում է որպես «խաբեություն», «ամենավատ փուչիկից էլ վատը», իսկ պարզվում է՝ Բիթքոինի թրեյդինգով զբաղվում է նաև G. P. Morgan-ը: Ընդ որում՝ պարզվում է այս հայտարարությունից հետո: Տնտեսագիտության նոբելյան մրցանակակիր Ռոբերտ Շիլլերը Բիթքոինը համարում է «ֆինանսական փուչիկի լավագույն օրինակը», իսկ կրիպտոարժույթների ներդրողների շրջանակը համալրում են ինչպես ոչ պրոֆեսիոնալ, այնպես էլ պրոֆեսիոնալ՝ ինստիտուցիոնալ ներդրողներ(բնականաբար՝ հիմնականում հեջ ֆոնդեր), և արդյունքում գինը շարունակում է աճել…

Հակասական տեսակետերի ցանկը կարելի է իհարկե շարունակել, սակայն այս վերլուծական ակնարկում այլ կերպ կմոտենանք հարցին: Դիտարկելով 2 տեսակետերն էլ իրենց տեսական և փորձառական հիմքերով՝ փորձենք դուրս բերել դրանց ռացիոնալ հատիկը, որը կօգնի որոշ չափով բացահայտել կրիպտոարժույթների ֆենոմենը:

Կրիպտոարժույթները դասական ֆինանսական «փուչիկ» են, որն ամեն պահի կարող է փլուզվել

Նախ պարզենք՝ ինչ ասել է ֆինանսական փուչիկ, և ինչու են կարող կրիպտոարժույթները բնորոշվել այսկեպ, և այն էլ՝ «դասական»: Ռոբերտ Շիլլերը այն սահմանում է այսպերպ: Սպեկուլյատիվ փուչիկը(speculative bubble) իրավիճակ է, երբ ակտիվի գնի աճը խթանում է ներդրողների էնտուզիազմը, որը վարակի պես տարածվում է անձից անձ և ներառում ներդրողների ավելի ու ավելի մեծ շրջանակ, որոնք, չնայած գնվող ակտիվի իրական արժեքի նկատմամբ կասկածին, ձեռք են բերում այն՝ արդեն հաջողության հասած ներդրողների նկատմամբ նախանձից կամ խաղացողի կրքից դրդված*: Կարծես թե՝ արդեն ամեն ինչ ասված է: Կամ գրեթե ամեն ինչ: Կարելի է ընդամենը նայել քիչ ներքև բերված գրաֆիկներին և փորձել եզրակացնել՝ արդյո՞ք Բիթքոինի և Էթերիումը գներն այսպես թռչել են, որովհետև ներդրողները հանկարծ հասկացել են դրանց իրական արժեքը՝ և

գնելով կրիպտոարժույթները, գները «մո­տեցրել ֆունդամենտալներին»: Թե՞ այնուամենայնիվ գործում է Շիլլերի նշած տարբերակը. ներդրողների մեծ մասին անգամ չի էլ հետաքրքրում՝ դրանք իրական արժեք ունեն, թե ոչ. գնում են, քանի որ գինն աճում է, և փորձում իրենք էլ խաղից իրենց բաժինն ստանալ: Չէ որ խիստ գրավիչ է թվում՝ ներկայիս արագ փոփոխվող և մարդու համար անընդհատ նոր մարտա­հրավերներ առաջացնող աշխարհում հասկանալ տեղի ունեցող փոփոխությունը և հարստանալ՝ ոչինչ չստեղծելով, ընդամենը «կատարելով ճիշտ ներդրում»…

Շիլլերի և նրա համախոհների տեսակետի օգտին վերջերս բավականին հետաքրքիր վիճակագրություն է բացահայտվել: Պարզվում է, Բիթքոինի գինը պատմականորեն 96%-ով կոռելացված է Գուգլում «Բիթքոին» բառի որոնումների քանակին: Մնում է հասկանալ, թե դեռ որքան է շարունակելու աճել կրիպտոարժույթների նկատմամբ հետաքրքրությունը: Բայց որ դա իր սահմաններն ունի, կարծում եմ, միանշանակ է…

Կրիպտոարժույթները ապագայի փողերն են

Մինչ այժմ խոսել ենք կրիպտորժույթների մասին որպես ֆինանսական ակտիվներ, որոնց գինը տատանվում է կախված շուկայական պահանջարկից: Իսկ ի՞նչ է առաջարկի կողմում: Սա, արդեն, լրիվ ուրիշ պատմություն է: Կրիպտոարժույթների հիմքը բլոկչեին(բլոկ-շղթա) տեխնոլոգիան է: Բլոկչեինին իր «Ազգային մրցունակության զեկույց 2017»-ում անդրադարձ է կատարել EV Consulting ընկերությունը՝ դիտարկելով այն «համաշխարհային առումով բեկումնային մեծ ու երկարաժամկետ ներուժ ունեցող, և Հայաստանի համար արդիական» 7 հիմնական տեխնոլոգիաների ցանկում:

«Բլոկ-շղթա տեխնոլոգիան, որը հաճախ համարվում է 21-րդ դարի կարևորագույն հայտնագործություններից մեկը, մասնակիցների միջև իրականացված գործարքների կամ այլ թվայնացված հարաբերությունների ամբողջական գրանցումների բաշխված գրանցամատյան է». այս կերպ է սահմանված վերոնշյալ զեկույցում:

Բլոկչեինի առաջին և լայն առումով՝ դեռևս միակ կիրառումը կրիպտոարժույթն է, դեռ ավելին՝ տեխնոլոգիան ստեղծվել է որպես ապակենտրոնացված թվային արժույթ ստեղծելու խնդրի լուծում: Սակայն չնայած այն ստեղծողի տեսլականը սահմանափակվում էր արժույթի գաղափարով՝ բլոկչեինն այժմ շատերը համարում են «երկրորդ սերնդի ինտերնետ»: Եթե առաջին սերնդի ինտերնետը վերաբերում էր տեղեկատվությանը, ապա սա արդեն՝ արժեքին կամ փողին: Տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ապահովել սեփականության իրավունքի փոխանցումը՝ կլինի ֆինանսական և իրական ակտիվների, թե գաղափարների նկատմամբ: Այստեղ սեփականության իրավունքը պաշտպանվում է ոչ թե պետությունը ներկայացնող ուժային մարմինների, այլ տեխնոլոգիայի կողմից:

Բլոկչեինը կարող է կիրառվել այնտեղ, որտեղ գործարքի վավերացումն այժմ կատարում է երրորդ կողմը. վճարամիջոց, պետության կողմից սեփականության իրավունքի գրանցում և փոխանցում, հանրային տարբեր ծառայություններ, դրամական փոխանցումներ, ներդրումներ, բորսայական առևտուր, քլիրինգ և այլն: Այն կարող է ապահովել անհատների առավելագույն ներառում տնտեսական համակարգին՝ ապահովելով ներառական տնտեսական աճ և զարգացում **:

Ամփոփելով վելուծությունը կարծում եմ, որ բլոկչեինը իրական բեկումնային տեխնոլոգիա է, որի՝ տնտեսական համակարգում ներդրումը պահանջում է վերջինիս նկատմամբ վստահության ձևա­վորում, պետական մարմինների պատրաստակամություն և համապատասխան ջանքեր դրա ինստի­տու­ցիոնալացման ուղղությամբ։ Ինչ տեղ ունեն այստեղ կրիպտոարժույթները՝ անշուշտ խիստ մեծ՝ որպես տեխոլոգիայի կիրառման առանցքային ուղղություն, տարածման առաջին փուլ և դրա նկատ­մամբ վստահության ամրապնդման գործիք։ Սակայն Բիթքոինն արժե 5000, թե 1500 դոլար (ինչպես օրինակ գնահատում է այս կրիպտոարժույթի «արդարացի» գինը հայտնի ֆինանսիստ Մուհամեդ Էլ-Էրիանը), տնտեսությունում այս տեխնոլոգիայի ներդրման տեսանկյունից, համոզված եմ, այնքան էլ կարևոր չէ։ Ամեն դեպքում, անկախ կրիպտոարժույթների առաջարկի հիմքում ընկած տեխնո­լոգիայից, շուկայում դրանք սովորական ակտիվներ են, որոնց գինը տատանվում է պահան­ջարկով, և ավելի քան պատմության մեջ հայտնի որևէ այլ ակտիվի գնի՝ սպեկուլյատիվ պահանջարկով պայմանավորված, հետևապես կարելի է պնդել, որ այս շուկայում դասական ֆինանսական փուչիկ է ձևավորվել։

Հոկտեմբեր, 2017 թ.

* Սահմանումը վերցված է Շիլլերի «Irrational Exeburance» գրքի 3-րդ հրատարակությունից, որում տեղ գտած հիմնական գաղափարների շնորհիվ է հեղինակը 2013թ-ին արժանացել նոբելյան մրցանակի՝ «ակտիվների գների էմպիրիկ վերլուծության համար»: Գրքում Շիլլերը ոչ միայն էմպիրիկ վերլուծություն է իրականացրել, այլև ներկայացրել է ֆինանսական փուչիկների առաջացման կառուցվածքային, մշակութային և հոգեբանական պատճառները, որոնց ծանոթությունը հետաքրքիր կլինի ոչ միայն վարքագծային տնտեսագիտությամբ հետաքրքրվողների, այլև բոլորի համար, ովքեր ցանկանում են հասկանալ աշխարհում տեղի ունեցող մի շարք զարգացումներ:

** Բլոկչեինի՝ երկրորդ սերնդի ինտերնետ» լինելու գաղափարը վերցված է Դոն և Ալեքս Թափսքոթների «Բլոկչեինի հեղափոխություն» գրքից, որտեղ մանրամասն նկարագրված են այս տեխնոլոգիայի տնտեսական էությունը և տնտեսությունում կիրառման հնարավոր արդյունքերը: