Ովքե՞ր են ՀՀ ներգնա զբոսաշրջինկերը, որտե՞ղ են նրանք հանգրվանում և որքա՞ն գումար են ծախսում
Ովքե՞ր են ՀՀ ներգնա զբոսաշրջինկերը, որտե՞ղ են նրանք հանգրվանում և որքա՞ն գումար են ծախսում
Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության` միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավելի քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկա-տարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:
2016թ. Հայաստան է ժամանել 1.259.657 զբոսաշրջիկ (նախորդ տարվա համեմատ 5.7 %-ով շատ): 2016թ. զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 1.262.687 մարդ: 2016թ. ՀՀ ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 976.968 մարդ:
Ներգնա և արտագնա զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակի հաշվարկման համար հիմք է հանդիսացել սահմանային անցման կետերում ուղևորների հաշվառման արդյունքում արձանագրված` ՀՀ ժամանողների և ՀՀ-ից մեկնածների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ստացված ՀՀ ազգային անվտանգության ծառայության ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով:
2016թ. ՀՀ ժամանած զբոսաշրջիկների ընդամենը 14%-ն է տեղավորվել ՀՏՕ-ներում: Ընդ որում՝ նրանց 49.8%-ի այցելության նպատակը եղել է հանգիստը և ժամանցը, 31.9%-ն այցելել է գործնական նպատակով: Ներքին զբոսաշրջիկների 71.1%-ի ճամփորդության նպատակը եղել է հանգիստն ու ժամանցը, 17.5%-ը ճամփորդել է գործնական նպատակով:
Ըստ ՀՀ ԱՎԾ տրամադրած տվյալների՝ Հայաստանում 2016թ. եղել է 551 հյուրանոցային տնտեսության օբյեկտ, իսկ դրանց գործունեության ծավալը կազմել է 22960.9 մլն դրամ[2]:
2016թ. ՀՀ այցելած զբոսաշրջիկների 21.7%-ը եկել է ՌԴ-ից, 17%-ը՝ Իրանից, 9.6%-ը՝ ԱՄՆ-ից:
Քանի որ առկա չէ վիճակագրական տեղեկատվություն այցելուների ազգային պատկանելության մասին, ապա չենք կարող ասել, թե նշված երկրներից ժամանողների քանիսն է ազգությամբ հայ: Նման հետազոտություն կատարվել է 2007թ. և 2013թ. ըստ «Հայաստան միջազգային այցելությունների հետազոտություն 2013թ. հունվար-դեկտեմբեր» ծրագրի, որի շրջանակներում իրականացված հարցմանը մասնակցել է 22100 ներգնա զբոսաշրջիկ: Ըստ սույն հետազոտության՝ Հայաստանը գրավիչ է եղել այն երկրների համար, որտեղ առկա է հայկական մեծ սփյուռք, մասնավորապես՝ Ռուսաստան, Վրաստան, Իրան, Ուկրաինա, ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա: Վրաստանից ժամանողների մեջ հայկական ծագում ունեցել են 83.68%-ը, Ռուսաստանից՝ 76.16%-ը, ԱՄՆ-ից՝ 64.16%-ը, Սիրիայից՝ 90.91%-ը՝ պայմանավորված այդ ժամանակահատվածում Սիրիայում ծավալված քաղաքացիական պատերազմի հետ:
Ըստ նշված հետազոտության՝ տարբեր է ներգնա զբոսաշրջիկների ծախսերի կառուցվածքը: Այսպես, ճամփորդական փաթեթով մեկ ներգնա ճանապարհորդի ծախսերը միջինը կազմել են 1331.4 դոլար (միջին տևողությունը՝ 7.7 օր, միջին օրական ծախսը՝ 172.2 դոլար), ճանապարհորդությունն ինքնուրույն կազմակերպած մեկ ներգնա զբոսաշրջիկի միջին ծախսերը կազմել են 712.6 դոլար (միջին տևողությունը՝ 17.7 օր, միջին օրական ծախսը՝ 40.3 դոլար), իսկ ճամփորդական փաթեթով և ինքնուրույն ճամփորդողների միջին ծախսերը կազմել են 727.7 դոլար (միջին տևողությունը՝ 17.4 օր, միջին օրական ծախսը՝ 41.9 դոլար): Ի տարբերություն վերոնշյալի՝ հայկական ծագումով մեկ ներգնա ճանապարհորդի ծախսերը ճամփորդական փաթեթով կազմել են՝ 2716.6 դոլար (միջին տևողությունը՝ 23.2 օր, միջին օրական ծախսը՝ 116.9 դոլար), ինքնուրույն կազմակերպած զբոսաշրջիկներինը՝ 668.4 դոլար (միջին տևողությունը՝ 20.0 օր, միջին օրական ծախսը՝ 33.4 դոլար), ճամփորդական փաթեթով և ինքնուրույն կազմակերպած զբոսաշրջիկների միջին ծախսերը՝ 669.3 դոլար (միջին տևողությունը՝ 20.0 օր, միջին օրական ծախսը՝ 33.4 դոլար)[4]: Ինչպես տեսնում ենք՝ ոչ հայկական ծագում ունեցող զբոսաշրջիկների միջին օրական ծախսերը ավելի շատ են հայկական ծագում ունեցողների ծախսերից, սակայն հայկական ծագում ունեցողների հանգստի տևողությունն ավելի երկար է: 2015թ. ՀՀ վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի Ճանապարհորդություն ենթահաշիվը կազմել է -59.96 մլն դոլար (կրեդիտ՝ 935.82 մլն դոլար, դեբետ՝ 995.78 մլն դոլար)[5]: Զբոսաշրջային ծառայությունների դեբետի մեծ թիվը կրեդիտից նշանակում է, որ մեր արտագնա զբոսաշրջիկներն ավելի շատ գումար են ծախսում դրսում, քան ներգնա զբոսաշրջիկները ՀՀ-ում՝ ապրանքների և ծառայությունների վրա: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ստացվում է, որ 2015թ. ներգնա զբոսաշրջիկները ՀՀ-ում ծախսել են միջինը 785 դոլար:
Այսպիսով, ՀՀ ներգնա զբոսաշրջիկների շատ քիչ մասն է հանգրվանում ՀՏՕ-ներում: Քանի որ ՀՀ ներգնա զբոսաշրջիկների ազգային պատկանելության վերաբերյալ վիճակագրական տեղեկատվություն չկա, ուստի հայտնի չէ, թե որքան է կազմել Հայաստանից վերջին տարիներին արտագաղթած և այժմ որպես «զբոսաշրջիկ» մեր երկիր այցելած մարդկանց թիվը, որոնք այստեղ հանգրվանում են ոչ թե ՀՏՕ-ներում, այլ հարազատների, բարեկամների, կամ էլ իրենց իսկ սեփական բնակարաններում: Ընդ որում, այդ մարդիկ այստեղ հիմնականում չեն կատարում այն զբոսաշրջային ծախսերը, ինչ օտարերկրացի զբոսաշրջիկները (այցելություններ ՀՀ պատմամշակութային, կուրորտային վայրեր, հանրային սննդի օբյեկտներ, հուշանվերների գնում, և այլն): Իսկ մեր երկիր ժամանած ազգությամբ ոչ հայ զբոսաշրջիկները հիմնականում հանգրվանում են ՀՏՕ-ներում, և երբեմն էլ՝ վարձու բնակարաններում: Ուստի կարելի է հետևություն անել, թե իրականում որքան փոքր թիվ է կազմում ՀՀ ժամանած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը: Հետևաբար կարծում ենք՝ ներգնա օտարերկրացի զբոսաշրջիկների գրավումը կարևոր խնդիր է թե´զբոսաշրջային բազմարկչի գործառնության, թե´ միջազգային շուկայում Հայաստանի՝ որպես զբոսաշրջության երկրի ճանաչման տեսանկյունից: ՀՀ կառավարությունը նպատակադրվել է 2017-2022թթ. իրականացվելիք միջոցառումների արդյունքում ներգնա զբոսաշրջիկների թիվը տարեկան հասցնել 3 մլն-ի[6], որի կեսը սփյուռքահայեր պետք է լինեն: Հուսանք վերոնշյալը կհաջողվի իրականություն դարձնել, ինչի արդյունքում կմեծանա նաև ՀՀ ժամանող օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը:
- Աղբյուրը՝ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ հրապարակումներ՝ 2007-2017թթ.
- Աղբյուրը՝ ՀՀ ԱՎԾ-ի տրամադրած տեղեկատվություն
- Աղբյուրը՝ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2017թ. հունվարին, էջ՝ 89
- Աղբյուրը՝ «Հայաստան միջազգային այցելությունների հետազոտություն 2013թ. հունվար-դեկտեմբեր», էջ՝ 54-56
- Հայաստանի Հանրապետության արտաքին հաշիվներ, 2016, էջ՝ 17
- Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագիր, Հավելված ՀՀ կառավարության 2017թ. հունիսի 19-ի N 646 – Ա որոշման, էջ՝ 51