Brief Program for the Introduction of a Microrain System in the RA Communities With High Water (Armenian version)

Սամվել Ավետիսյան
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
«Տնտեսագիտական հետազոտություններ» ծրագրի ավագ հետազոտող
ծրագրի համակարգող

Հայաստանում ոռոգելի հողատարածքների ավելի քան 90%-ի վրա կիրառվում է մակերեսային ոռոգում, որի պատճառով ջրի կորուստը կազմում է 40-50%: Այդ կորուստները 1.5-2 անգամ ավե­լանում են գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում: ՀՀ Արմավիրի, Արարատի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի 52 համայնքներ ունեն գերնորմատիվային ջրա­պա­հանջարկ ունեցող, որոնց ոռոգման համար լրացուցիչ պահանջվում է 1.5 մլրդ դրամի ջուր: Սա­կայն ջրի անբավարար մատակարարման և ջրախնայողական տեխնոլոգիաների բացա­կա­յության պատճառով հողօգտագործողները յուրաքանչյուր տարի ավելի քան 12 մլրդ դրամի կորուստ են ունենում: Բացի այս, կլիմայի տաքացումը մի կողմից պահանջում է 1 հա հաշվով ոռոգման ջրի ծավալի ավելացում և մյուս կողմից նվազեցնում է ջրի մակերեսային հոսքը: Ուստի անհրաժեշտ է նախապատվությունը տալ ջրախնայողական տեխնոլոգիաներին և բարձրար­դյունավետ մշակաբույսերին:

Նախալեռնային գոտու բարդ ռելիեֆային պայմաններում բավարար արդյունավետ կարող է լինել ոռոգման անձրևացման եղանակի ներդրումը: Սակայն այս եղանակի ներդրման համար լուրջ խոչընդոտ են բարձր էներգածախսերը: Այս խոչընդոտը կարող է հաղթահարվել` կիրառելով միկրոանձրևացման «Գոլդեն սփրեյ» համակարգը: Այն իրենից ներկայացնում է ճկուն խողովակ, որի վրա բացված անցքերի միջոցով կատարվում է հողատարածքի անձրևացում: Ջրաղբյուրից ջուրը վերցվում և անհրաժեշտ՝ 0.8-1.0 ճնշում է ապահովվում շարժական բենզինային միկրոշար­ժիչով պոմպի միջոցով:

Ծրագրի հիմնական նպատակն է գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատա­րածքներում նոր արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման ճանապարհով կրճատել ոռոգման ջրի ծախսը և վարձավճարները, միաժամանակ ինտենսիվ երկրագործության վարման միջոցով գյուղացիական տնտեսություններում ապահովել բարձր եկամուտներ:

ԳԵՐՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՋՐԱՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

Ներկայումս լուծված չէ գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող տարածքների ոռոգման հիմնախնդիրը: Ծախսված ջրին համապատասխան վարձավճարի գանձումը անարդյունավետ է դարձնում հողօգտագործումը: Ոռոգման ջրի դիմաց վճարման համակարգը իրականում կախված չէ ջրի փաստացի օգտագործումից, քանի որ հիմք են ընդունվում սահմանված նորմաները: Այս հանգամանքը հողօգտագործողին չի շահագրգռում ներդնել ջրախնայողական տեխնոլոգիաներ: Պետական աջակցության՝ սուբսիդավորման համակարգը հասցեական չէ: Կլիմայի փոփո­խության հարմարվողականության առաջարկվող տեխնոլոգիան ձեռնատու է հողօգտագործողին փաստացի ծախսված ջրի իրական ջրաչափության դեպքում: Ջրօգտագործողների ընկե­րութ­յուններին (ՋՕԸ) այս տեխնոլոգիան բավարարում է միայն գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում կիրառելու դեպքում, քանի որ այստեղից գրեթե անհնար է հավաքել փաստացի ծախսված ջրի վարձը: Նորմալ ոռոգվող տարածքներում այս տեխնոլոգիայի ներդրումը ՋՕԸ-երին ձեռնատու չէ, քանի որ նրանց գործունեության արդյունքները կախված են իրացված ջրի ծավալից: Այսինքն, համակարգը ծախսումային է և իրեն չի արդարացնում:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող տարածքներում տնտեսապես արդյունավետ է պտղատու մշակաբույսերի մշակությունը: Մինչև նորատունկ այգու բերքատու դառնալը միջշարքային տարածությունները կարելի է զբաղեցնել բանջարաբոստանային և հատապտղային մշակաբույսերով: Տեխնոլոգիան կիրառվել է 2013թ. ՀՀ Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայն­քում հիմնված կեռասենու Կրուպնոպլոդնայա սորտի այգում, որտեղ 2014թ. գարնանը միջշարա­յին տարածությունները մուլչապատվել են պոլիէթիլենային թաղանթով և կատարվել է ելակի /Ֆրեսկա F1/ դաշտի սածիլում: Ոռոգումն իրականացվել է միկրոանձրևացման «Գոլդեն սփրեյ» համակարգով:Այն իրենից ներկայացնում է ճկուն խողովակ, որի վրա բացված անցքերի միջոցով իրականացվում է հողատարածքի անձրևացում, և գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում 4-16 անգամ կրճատում է էներգածախսերը: Քանի որ պտղատուների և հատա­պտուղների ոռոգման նորմերը և ռեժիմները տարբեր են, ոռոգման ցանցը բաղկացած է 2 մասից: Պտղատուները ոռոգվել են առանձին միկրոհիդրանտային /բնային/ եղանակով, որոնց ջուրը մատակարավում է պոլիէթիլենային խողովակի՝ բների մոտ կատարված փոքր անցքերից դուրս եկող բարակ խողովակների միջոցով: Դա հնարավորություն է տալիս ջուրը մատակարարել անմիջապես ծառերի սնման մակերեսին: Միջշարային տարածքներում մշակվող ելակը ոռոգվում է գոլդեն սփրեյ 4 միկրոանձրևացման խողովակներով, որոնց ընդգրկման մակերեսը յուրաքանչյուրի համար կազմում է 600 մ2: Խողովակներին ջուրը մատակարարվում է բենզինի միկրոշարժիչով աշխատող պոմպի միջոցով:

Հատկանշական է, որ տեխնոլոգիան բարդ չէ, կիրառվող սարքավորումները մատչելի են և հեշտ շահագործվող: Տարածված է Հարավային Կորիայի արտադրության Golden Spray A համակարգը: Շարժական փոքր պոմպեր արտադրվում է բազմաթիվ ֆիրմաների կողմից:

Կեռասենու 1 հա հաշվով այգու հիմնման և մինչև բերքատվության անցնելը խնամքի անհրա­ժեշտ ծախսերը առաջին չորս տարիներին կկազմեն 3 610 հազ. դրամ: Հինգերորդ տարում, երբ այգին լիարժեք բերքատու հասակում է, տարեկան եկամուտը կկազմի շուրջ 1 500 հազ. դրամ: Միաժամանակ, միջշարային տարածություններում ելակի մշակության շնորհիվ տարեկան զուտ եկամուտը կկազմի 1600 հազ. դրամ: Բերքահասակ դառնալուց հետո այգու հիմնադրման և պահպանման ծախսերը կփոխհատուցվեն 2.4 տարում (3610/1500=2.4):

Կարծում ենք, որ գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող տարածքներում ՀՀ կառա­վարությունը պետք է հրաժարվի ոռոգման ջրի սուբսիդավորման ավանդական գործելաոճից և իրականացնի քննարկվող տեխնոլոգիայով այգետնկումների, ինչպես նաև ոռոգման Golden Spray A համակարգի ձեռքբերման աջակցություն:

Այս համակարգի ներդրումը բացի տնտեսական արդյունավետությունից ապահովում է սոցիալական և բնապահպանական արդյունավետություն: Մասնավորապես՝ 1) կրճատվում է ոռոգման ջրի համար վճարումը մոտ 2 անգամ, 2) մինչև ծառերի բերքատու հասակը միջշարքային տարածքներից ստացվում է անհրաժեշտ եկամուտ, 3) ապահովում է աշխատաժամանակի և ոռոգման ջրի խնայողություն, 4) հնարավորություն է ընձեռում խուսափել ջրային էրոզիայից, 5) բարելավվում է հողի կառուցվածքը:

Հոկտեմբեր, 2017 թ.