Hostel: de Facto it Acts, de Jure No (Armenian version)

Գայանե Թովմասյան
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
«Տնտեսագիտական հետազոտություններ»
ծրագրի համակարգող

Ըստ <<Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին>> ՀՀ օրենքի (ընդունված 2003թ. դեկտեմբերի 17-ին) 8-րդ հոդվածի 2-րդ կետի՝ ՀՀ-ում հյու­րա­նոցային տնտեսության օբյեկտներն են (ՀՏՕ) հյուրանոցները, մոթելները, հյու­րանոցատիպ հանգրվանները, առողջարանները, հանգստյան և մասնա­գի­տաց­­ված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապա­տա­­նեկան և ճամբարային բնակատեղիները (համալիրները), զբոսաշրջային տները:

Ըստ նշված օրենքի՝ հյուրանոցային ծառայություններն են՝ տեղաբաշխման, գի­շերակացի, սննդի կազմակերպման և մատուցման, ինչպես նաև կեցության հետ կապված այլ վճարովի ծառայություններ: Նվազագույն հյուրանոցային ծառա­յութ­յուններն են հետևյալ ամենօրյա ծառայությունները՝ անկողնու հարդարում, հա­ճախորդներին տրամադրված կացարանի և սանհանգույցի մաքրում: ՀՏՕ-ների որակավորումը կամավոր է:

Չնայած այն բանին, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ ՀՏՕ-ների հոսթել տեսակը, ՀՀ-ում դրանք գործում են: Նշենք, որ միջազգային պրակտիկայում հոսթել է համարվում բյուջե­տա­յին ընդհանուր կացարանը, որի սենյակները կարող են լինել խառը կամ նախա­տես­ված մեկ սեռի ներկայացուցիչների համար։ Հյուրերը համատեղ են օգտա­գոր­ծում լվացարանը, խոհանոցը, սանհանգույցը, և այլն: Հնարավոր է նաև առանձին սենյակների առկայություն։

Ներկայացնենք որոշակի տեղեկատվություն ՀՀ-ում գործող հոսթելների գների վերաբերյալ: www.armhotels.am հյուրանոցային առցանց ամրագրման համակարգում, օրինակ, գրանցված են Երևանում գործող 9 հոսթելներ, որոնց գները տատանվում են 3500 դրամից (տասը տեղանոց կոմունալ սենյակ) մինչև 40000 դրամի սահմաններում:

Ստացվում է, որ Հայաստանում գործում են հյուրանոցային ծառայություններ մատուցող այնպիսի օբյեկտներ, որոնք օրենսդրությամբ սահմանված չեն:

Այժմ անդրադառնանք նախատեսվող օրենսդրական փոփոխություններին: «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագծով (դեռ քննարկման փուլում է) նախատեսվել են մի շարք փոփոխություններ վերոնշյալի հետ կապված, ըստ որի՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտներ են համարվում՝ հյուրանոցը, մոթելը, առողջարանը, հոսթելը, հանգստյան կամ մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնը, ճամբարային բնակատեղին (քեմփինգ), զբոսաշրջային տունը (Բի ընդ Բի` B&B), հյուրատունը:

Ինչպես տեսնում ենք, հյուրանոցային տնտեսության օբյեկտների ցանկում ավելացվել է հոսթել տեսակը (Հոսթելը հյուրանոցային տնտեսության այն օբյեկտն է, որտեղ, բացի նվազագույն հյուրանոցային ծառայություններից, տրամադրվում են ինքնասպասարկման հնարավորություններ և որն ունի գիշերելու համար առնվազն 20 ննջատեղ: Աղբյուրը՝ «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագիծ, հոդված 10:

Ըստ օրենքի նախագծի հոդված 9-ի՝ նախատեսվում է ՀՀ-ում հյուրանոցային ծառայությունների մատուցման լիցենզավորում, որն իրականացնելու է լիազոր մարմինը` ՀՀ կառավարության հաստատած կարգով: Ըստ այդմ՝ լիցենզիա կարող է ստանալ այն հյուրանոցապանը, որը սեփականության կամ օգտագործման իրա­վունքով տիրապետում է օրենքին համապատասխան հաշվառված հյուրանոցային տնտեսության օբյեկտի:

Հյուրանոցապանին արգելվում է՝

  • օրենքով նախատեսված հաշվառման կամ որակավորման վկայական չունե­ցող հյուրանոցային տնտեսության օբյեկտի միջոցով հյուրանոցային ծառայութ­յուն­ներ մատուցելը կամ առաջարկելը,
  • լիցենզիա չունեցող զբոսաշրջային գործունեության սուբյեկտի միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցելը կամ առաջարկելը:

Ըստ օրենքի նախագծի՝ ՀՏՕ-ների որակավորումը կրկին կամավոր է լինելու: Ավելացել է, սակայն, ՀՏՕ-ների պարտադիր հաշվառման պահանջը՝ ըստ օրենքով նախատեսված տեսակների, ընդ որում` հյուրանոցային տնտեսության օբյեկտի տեսակը որոշում է հյուրանոցապանը` օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված պահանջներին համապատասխան:

Հաշվառված հյուրանոցային տնտեսության օբյեկտներին տրվելու է ՀՀ կառավարության հաստատած ձևի վկայական: Իսկ որակավորված հյուրանոցային տնտեսության օբյեկտը համարվելու է հաշվառված:

Ըստ օրենքի նախագծի՝ զբոսաշրջային գործունեության սուբյեկտին արգելվում է իրացնել, առաջարկել կամ զբոսաշրջային փաթեթում ներառել՝

  • լիցենզիա չունեցող հյուրանոցապանի հյուրանոցային ծառայություններ,
  • հաշվառման կամ որակավորման վկայական չունեցող հյուրանոցային տնտեսության օբյեկտի միջոցով հյուրանոցային ծառայություններ:

Կարծում ենք՝ օրենքի նախագծով նախատեսվող լիցենզավորման և հաշվառման պահանջը խիստ կարևոր փոփոխություն է, ինչի պայմաններում այլևս կբացառվի այսօր գործող իրավիճակը, երբ օրենքով չկա ՀՏՕ-ի նման տեսակ, բայց այն փաստացի գործում և մատուցում է հյուրանոցային տնտեսության ծառայություններ:

Հարկ ենք համարում նշել նաև, որ ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016թ. ՀՀ ժամանած 1.259.657 ներգնա զբոսաշրջիկ­ներից միայն 174.724-ն է (կամ ընդհանուրի 13.87%-ը) հանգրվանել հյուրանոցային տնտեսության օբյեկտներում իսկ նույն տարում ՀՏՕ-ներում հանգրվանած ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 979.968 մարդ: Քանի որ ՀՏՕ-ներն ըստ ԱՎԾ-ի հետազոտության հետևյալն են՝ հյուրանոցներ, հյուրանոցատիպ հանգրվաններ, առողջարաններ, հանգստյան տներ և այլն (աղբյուրը՝ «Հայաստանի Հանրա­պե­տության սոցիալ-տնտեսական վիճակը 2017թ. հունվարին», էջ՝ 88-90) այսինքն այն, ինչը սահմանված է գործող օրենսդրությամբ, ստացվում որ «փաստացի» գործող հոսթելներում հանգրվանած զբոսաշրջիկների վերաբերյալ տեղեկատվությունը չի հաշվառվում: Կարծում ենք՝ վերոնշյալ օրենսդրական փոփոխությունները կնպաստեն նաև ոլորտի վիճակագրական հաշվառման կատարելագործմանը:

Սեպտեմբեր, 2017 թ.