Nagorno-Karabakh "Smoldering" Conflict and the Geopolitical Situation in The Region (Armenian version)

Վարդան Աթոյան
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
«Ազգային անվտանգության հետազոտություններ»
ծրագրի տնօրեն

21-րդ դարի երկրորդ տասնամյակում Կովկասում դեռևս պահպանվում է բարդ ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը՝ պայմանավորված մի շարք սառեցված հակամարտությունների առկայությամբ և անցումային տնտեսությանը բնորոշ հիմնախնդիրներով:

Հարկ է ընդգծել, որ Խորհրդային Միության նման հզոր համակարգի փլուզումից ի վեր ստեղծված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, սառեցված հակամարտությունների առկայությունը էականորեն խոչընդոտում է Կովկասյան տարածաշրջանի նորանկախ պետությունների ազգային անվտանգության համակարգերի լիարժեք կայացմանը: Մյուս կողմից, հետխորհրդային տարածքում ի հայտ եկած նոր կառույցը՝ Անկախ երկրների համագործակցությունը (ԱՊՀ), որը ներկայումս միավորում է նախկին մի շարք միութենական հանրապետություններ, այդ թվում` հարավկովկասյան տարածաշրջանից Հայաստանին և Ադրբեջանին, սկզբից ի վեր բավական կրավորական, պասիվ գործող կազմակերպություն էր և բազմաթիվ փորձագետների բնորոշմամբ՝ ապաինտեգրացման և «խաղաղ բաժանման» կառույց էր հիշեցնում:

Տարածաշրջանում գործընթացների ակտիվ քաղաքական դերակատարներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ ռազմաքաղաքական դաշինքը, ինչպես նաև Թուրքիան և Իրանը, որոնք էլ մշտական պայքարի մեջ են Կովկասյան տարածաշրջանի, այդ թվում՝ Հարավային Կովկասի երկրների վրա վերահսկողություն սահմանելու կամ ունեցած ազդեցությունը պահպանելու համար:

Տարածաշրջանում ձևավորված աշխարհաքաղաքական գործընթացների համակարգում Հայաստանը, կրելով մի կողմից՝ չհանգուցալուծված Ղարաբաղյան հակամարտության, իսկ մյուս կողմից՝ Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական շրջափակման ազդեցությունը, հայտնվել է բավական բարդ իրավիճակում: Իրավիճակը բարդացնում են նաև ռուս-վրացական լիովին չկարգավորված հարաբերությունները և էսկալացիոն ներուժով օժտված վրաց-աբխազական և վրաց-հարավօսական սառեցված հակամարտությունները: Մտահոգության առարկա են մնում նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր բացասական զարգացումները:

Այստեղ կարող ենք նշել, որ ըստ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանի՝ ներկայում նկատելիորեն նվազել է մի կողմից՝ Իրանի և ԱՄՆ-ի ու Իսրայելի, և որոշ սցենարներում՝ նաև Իրանի և Ադրբեջանի միջև պատերազմի հավանականությունը: Այս հանգամանքն, ընդհանուր առմամբ, բարենպաստ ազդեցություն է ունեցել Հարավային Կովկասի իրավիճակի վրա [1]: Համանման տեսակետ ունի նաև ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ըստ որի՝ Իրանի հետ հարաբերություններում ևս կարող ենք արձանագրել, որ նշմարվում է դրական զարգացում. Իրանի միջուկային խնդիրը լուրջ բանակցությունների առարկա է սկսում դառնալ Իրանի և «վեցյակի» միջև և կարծես դրական արդյունք է տալիս: Այս գործընթացը դեռևս առաջին քայլերն է անում, և վերջնական դրական արդյունքը դեռ հեռու է հարյուրտոկոսանոց լինելուց [2]:

Անդրադառնալով Կովկասում Թուրքիայի շահերին՝ պետք է նշել, որ Թուրքիայի հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ թելադրվում է Կովկասի թյուրքական ժողովուրդների հետ խորհրդային իշխանության տարիներին կորսված ավանդական կապերի վերականգնման ձգտումով, և հենց այդ պատճառով իր քաղաքականության մեջ Թուրքիան նախապատվությունը տալիս է Ադրբեջանին: Բացի այդ, Թուրքիան որպես ՆԱՏՕ անդամ և ԱՄՆ ռազմավարական գործընկեր երկիր՝ իրականացնում է յուրահատուկ կամրջի դեր, որը թույլ է տալիս Ադրբեջանին գտնվել Հյուսիսատլանտյան դաշինքի շահերի գոտում: Թուրքիան, կրելով գերակայող ամերիկյան ազդեցությունը, ունի նաև սեփական ազգային շահերն ու առաջնահերթությունները: Դրանք էլ որոշում են Ադրբեջանի նկատմամբ, որպես կրտսեր գործընկեր, վերաբերմունքը, որին Անկարան ապահովում է դիվանագիտական և ռազմական օժանդակություն: Թուրքիան ձգտում է նաև առավել ակտիվ դեր խաղալ տարածաշրջանի տնտեսության մեջ, քանի որ նրա համար վերջինս տարանցիկ շրջան է Կենտրոնական Ասիայի ճանապարհին, և այդ պատճառով Անկարան մտադիր է ստեղծել նրանից անկախ տնտեսական ենթակառուցվածք: Այդ ծրագրերի ճանապարհին գլխավոր խոչընդոտն է հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորվածությունը և ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը [3]:

Մյուս կողմից, իր քաղաքականությունը Կովկասում կառուցելով՝ Թուրքիան հաշվի է առնում, որ զինված հակամարտության պարագայում իր՝ որպես էներգառեսուրսների տարանցման երկիր, կարգավիճակը լրջորեն կվնասվի: Այսպես, 2008թ. օգոստոսին, հարավօսական ճգնաժամով պայմանավորված, բրիտանական Вritish Рetroleum ընկերության կողմից երկու անգամ կրճատվել է նավթի փոխադրումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով (մինչև 12,4 մլն. բարել): Համանման կրճատում եղավ նաև Բաքու-Սուպսա նավթամուղի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի դեպքում: Որպես հետևանք՝ Ադրբեջանը ստիպված էր ավելացնել նավթի արտահանումը Ռուսաստան և սկսել գազի վաճառքը Իրանին: Այստեղ նշենք, որ գոյություն ունեն Եվրոպա ածխաջրածնային հումքի արտահանման այլ ճանապարհներ ևս: Մասնավորապես, սկսվել է «Հարավային հոսք» գազամուղի շինարարությունը, որը շրջանցելով Թուրքիան՝ Սև ծովի հատակով կհասնի Եվրոպա: Նման պայմաններում Թուրքիան ստիպված է մտածել սեփական էներգետիկ անվտանգության ապահովման մասին, քանի որ ներկայումս թուրքական շուկան 75%-ով կախված է էներգառեսուրսների ներմուծումից և փորձագիտական հաշվարկներով այդ ցուցանիշը 2020թ. կաճի մինչև 85% [4]:

Վերոնշյալի համատեքստում նշենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման քաղաքականությունը, Հայաստանի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայության պատճառներն են: Ադրբեջանա-թուրքական տնտեսական, տրասպորտային շրջափակման հետևանքով Հայաստանի հիմնական տրասպորտային հաղորդակցությունը մնում է հյուսիս-արևմտյան՝ վրացական ուղղությունը, որին բաժին է հասնում բոլոր բեռնահոսքերի ծանրակշիռ մեծամասնությունը և օդային միջանցքը: Իրանի հետ ցամաքային ճանապարհը ոչ բավարար չափով է օգտագործվում, որի պատճառներն են լեռնային ռելիեֆը, տրանսպորտային ենթակառուցվածքի թերզարգացվածությունը, Ջուլֆայի երկաթուղու արգելափակումը և Իրանի շուրջ միջազգային լարված իրավիճակը: Այդ պատճառով, օրինակ, Հայաստանի պաշտոնական արձագանքը 2008թ. օգոստոսին վրաց-օսական/ռուսական ճգնաժամի վերաբերյալ ստիպված էր լինելու չափազանց զգուշավոր և հավասարակշռված:

Պետք է նշել, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև 2008թ. օգոստոսին կարճատև պատերազմը լրջորեն և երկար ժամանակով Կովկասում ապակայունացրել էր իրավիճակը: Ռազմական գործողություններից մի քանի օրում տուժել են տարածաշրջանի բոլոր երկրները: 2008թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղ այցի ժամանակ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն նշել էր. «Հայաստանին շատ դժվար էր շարունակել մատակարարումը և տարանցումը Վրաստանի միջոցով: Ադրբեջանը նույնպես տուժել է՝ հասկանալով, թե ինչքան դժվար է պատերազմի ժամանակ օգտագործել նավթամուղերը և գազամուղերը: Այդ ամենը խոսում է նրա մասին, որ պետք է առավել ուժեղ և շուտ կենտրոնացնել բոլոր ջանքերը՝ խաղաղ կարգավորմանը հասնելու համար» [5]:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ նշենք, որ թեև ներկայում լայնածավալ ռազմական գործողություններ չեն տարվում, սակայն, փաստ է, որ դիվերսիոն խմբերի և դիպուկահարների գործողություններից երկու կողմից պարբերաբար զոհվում են մարդիկ՝ ինչպես զինվորականներ, այնպես էլ՝ քաղաքացիական անձինք: Ուստի կարող ենք փաստել, որ հակամարտությունը գտնվում է «ծխացող» վիճակում և, չնայած կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում դրա չափազանց ցածր հավանականությանը, լիովին բացառել լայնածավալ ռազմական գործողությունները սխալ կլինի:

Մյուս կողմից, Կովկասում գոյություն ունեցող ուժերի հավասարակշռությունը բավականաչափ կայուն չէ և իրենից ներկայացնում է բարդ խճանկար. ՀԱՊԿ՝ ի դեմս Հայաստանի, ՆԱՏՕ՝ ի դեմս Թուրքիայի, Ադրբեջան՝ Թուրքիայի ռազմաքաղաքական դաշնակից, Վրաստան՝ ՆԱՏՕ-ի անդամության թեկնածու և Իրան: Նման պարագայում Հայաստանի իրավիճակը բարդ է այն առումով, որ չնայած ՀԱՊԿ-ին անդամությանը՝ Հայաստանը չունի այդ կազմակերպության հետ ընդհանուր սահման: Այդ պատճառով Ադրբեջանի հետ հավանական հակամարտության վերսկսման դեպքում Հայաստանը ՀԱՊԿ օգնությունը կարող է ակնկալել միայն օդային ճանապարհով: Այստեղ դժվար կանխատեսելի է նաև Իրանի արձագանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր հակամարտության ժամանակ:

Հարկ է նշել, որ Ղարաբաղյան հակամարտության արդի գործընթացներն առավելապես բնորոշվում են կողմերի դիրքորոշումների կարծրացման միտումով, ինչը լրջորեն բարդացնում է որևիցե կառուցողական երկխոսություն հակամարտող կողմերի միջև: Ակնհայտ է սակայն, որ նույնիսկ ոչ արդյունավետ երկխոսությունը, բանակցությունը առավել գերադասելի է պատերազմից, իսկ «ուժի դիրքերից» երկխոսություն անելու փորձերը կանխավ դատապարտված են ձախողման՝ իրենց բնույթով ոչ կառուցողական և քայքայիչ լինելու պատճառով: Ինչպես ժամանակին ճշմարտացիորեն նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը. «…չի կարելի ժողովրդի ազատ կամարտահայտմանը հակադրել լուծման ռազմական ճանապարհը: Դա հղի է լուրջ հետևանքներով, այդ թվում և աշխարհաքաղաքական: Այդ պատճառով մենք պետք է ընդմիշտ մոռանանք այդպիսի հարցերի ռազմական լուծման մասին» [6]:

Հատկանշական է նաև «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքը, ըստ որի՝ կողմերի միջև նվազագույն վստահության բացակայության պայմաններում Լեռնային Ղարաբաղի հակամարության կարգավորման վերաբերյալ ամբողջական և համապարփակ փաստաթղթի ընդունման մասին խոսելն անիմաստ է [7]:

Այսպիսով, քննարկելով Հայաստանի ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը և տարածաշրջանային գործընթացների արդյունքում ի հայտ եկող միտումները՝ կարող ենք անել որոշակի եզրակացություններ: Ղարաբաղյան հակամարտությունը գտնվում է «ծխացող» իրավիճակում և ներկայում չկան լուրջ և հիմնավոր պատճառներ ենթադրելու, որ կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում կգտնվի վերջինիս խաղաղ կարգավորման բանալին կամ համակողմանի ընդունելի բանաձևը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ղեկավարության վերջին տարիների բացահայտ ռազմատենչ հայտարարություները, ռազմական բյուջեի անշեղ աճը (դրանից բխող բոլոր հետևանքներով), որոշակի աշխարհաքաղաքական իրավիճակում կարող է դրդել Ադրբեջանին փորձել հասնել արագ ռևանշի, եթե վերջինս զգա իր բացահայտ առավելությունը և նպատակին հասնելու իրական հնարավորությունը: Չնայած դրան, ինչպես ցույց տվեցին նաև վերջին սահմանային միջադեպերը, ՀԱՊԿ անդամ և Եվրասիական տնտեսական միությանը ձգտող Հայաստանին հաջողվում է պահպանել ուժերի հավասարակշռությունը, ինչը նվազագույնի է հասցնում տեսանելի հեռանկարում ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսումը:

Հոկտեմբեր, 2014

  1. Հարությունյան Գ․, Համաշխարհային միտումները և Հարավային Կովկասը, Noravank
  2. Տարածաշրջանում նշմարվում է նոր իրավիճակ
  3. Малышева Д., Конфликты в развивающемся мире, России и Содружестве независимых государств
  4. Евсеев В., Иран в системе безопасности на Южном Кавказе
  5. Саргсян пригласил Гюля, Медведев – Алиева: французский посредник по карабахскому урегулированию
  6. Սերժ Սարգսյան. Պետք է ընդմիշտ մոռանալ հակամարտությունների ռազմական ճանապարհով կարգավորման մասին
  7. Эксперты оценивают заявление главы МИД Азербайджана по Карабаху как пропаганду и зондаж