Who are the Incoming Tourists in Armenia, Where do They Stay and How Much Money do They Spend? (Armenian version)

Գայանե Թովմասյան
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
«Տնտեսագիտական հետազոտություններ»
ծրագրի համակարգող

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթո­դա­բանության` միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստա­նալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավելի քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկա-տար­­վեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինան­սական միջոցների հաշվին:

2016թ. Հայաստան է ժամանել 1.259.657 զբոսաշրջիկ (նախորդ տարվա հա­մե­մատ 5.7 %-ով շատ): 2016թ. զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 1.262.687 մարդ: 2016թ. ՀՀ ներ­քին զբո­սաշրջիկ­ների թիվը կազմել է 976.968 մարդ:

Ներգնա և արտագնա զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակի հաշվարկման համար հիմք է հանդիսացել սահմանային անցման կետերում ուղևորների հաշվառման արդյունքում արձանագրված` ՀՀ ժամանողների և ՀՀ-ից մեկնածների թվաքանակի վերա­բերյալ տեղեկատվությունը՝ ստացված ՀՀ ազգային անվտանգության ծա­ռա­յութ­յան ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով:

2016թ. ՀՀ ժամանած զբոսաշրջիկների ընդամենը 14%-ն է տեղավորվել ՀՏՕ-նե­րում: Ընդ որում՝ նրանց 49.8%-ի այցելության նպատակը եղել է հան­­գիստը և ժա­ման­ցը, 31.9%-ն այցելել է գործնական նպատակով: Ներքին զբո­սաշրջիկ­ների 71.1%-ի ճամ­փոր­դության նպատակը եղել է հանգիստն ու ժամանցը, 17.5%-ը ճամփորդել է գործնա­կան նպատակով:

Ըստ ՀՀ ԱՎԾ տրամադրած տվյալների՝ Հայաստանում 2016թ. եղել է 551 հյու­րա­նո­ցային տնտեսության օբյեկտ, իսկ դրանց գործունեության ծավալը կազմել է 22960.9 մլն դրամ[2]:

2016թ. ՀՀ այցելած զբոսաշրջիկների 21.7%-ը եկել է ՌԴ-ից, 17%-ը՝ Իրանից, 9.6%-ը՝ ԱՄՆ-ից:

Քանի որ առկա չէ վիճակագրական տեղեկատվություն այցելուների ազգային պատ­­­կանելության մասին, ապա չենք կարող ասել, թե նշված երկրներից ժամա­նող­նե­րի քանիսն է ազգությամբ հայ: Նման հետազոտություն կատարվել է 2007թ. և 2013թ. ըստ «Հայաստան միջազգային այցելությունների հետազոտություն 2013թ. հունվար-դեկտեմբեր» ծրագրի, որի շրջանակներում իրականացված հարց­մա­նը մասնակցել է 22100 ներգնա զբոսաշրջիկ: Ըստ սույն հետազոտության՝ Հայաստանը գրավիչ է եղել այն երկրների համար, որտեղ առկա է հայկական մեծ սփյուռք, մասնավորապես՝ Ռու­սաս­տան, Վրաստան, Իրան, Ուկրաինա, ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա: Վրաստանից ժամ­անողների մեջ հայկական ծագում ունեցել են 83.68%-ը, Ռուսաստանից՝ 76.16%-ը, ԱՄՆ-ից՝ 64.16%-ը, Սիրիայից՝ 90.91%-ը՝ պայմանավորված այդ ժամանակա­հատ­վա­ծում Սիրիայում ծավալված քաղաքացիական պատերազմի հետ:

Ըստ նշված հետազոտության՝ տարբեր է ներգնա զբոսաշրջիկների ծախսերի կա­ռուցվածքը: Այսպես, ճամփորդական փաթեթով մեկ ներգնա ճանապարհորդի ծախ­սե­րը միջինը կազմել են 1331.4 դոլար (միջին տևողությունը՝ 7.7 օր, միջին օրական ծախ­սը՝ 172.2 դոլար), ճանապարհորդությունն ինքնուրույն կազմակերպած մեկ ներգնա զբոսաշրջիկի միջին ծախսերը կազմել են 712.6 դոլար (միջին տևողությունը՝ 17.7 օր, միջին օրական ծախսը՝ 40.3 դոլար), իսկ ճամփորդական փաթեթով և ինքնուրույն ճամ­­­փորդողների միջին ծախսերը կազմել են 727.7 դոլար (միջին տևողությունը՝ 17.4 օր, միջին օրական ծախսը՝ 41.9 դոլար): Ի տարբերություն վերոնշյալի՝ հայկական ծա­գու­մով մեկ ներգնա ճանապարհորդի ծախսերը ճամփորդական փաթեթով կազմել են՝ 2716.6 դոլար (միջին տևողությունը՝ 23.2 օր, միջին օրական ծախսը՝ 116.9 դոլար), ինքնու­րույն կազմակերպած զբոսաշրջիկներինը՝ 668.4 դոլար (միջին տևողությունը՝ 20.0 օր, միջին օրական ծախսը՝ 33.4 դոլար), ճամփորդական փաթեթով և ինքնուրույն կազմակերպած զբոսաշրջիկների միջին ծախսերը՝ 669.3 դոլար (միջին տևողությունը՝ 20.0 օր, միջին օրական ծախսը՝ 33.4 դոլար)[4]: Ինչպես տեսնում ենք՝ ոչ հայկական ծագում ունեցող զբոսաշրջիկների միջին օրական ծախսերը ավելի շատ են հայկական ծագում ունեցողների ծախսերից, սակայն հայկական ծագում ունեցողների հանգստի տևո­ղությունն ավելի երկար է: 2015թ. ՀՀ վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի Ճա­նա­­պարհորդություն ենթահաշիվը կազմել է -59.96 մլն դոլար (կրեդիտ՝ 935.82 մլն դո­լար, դեբետ՝ 995.78 մլն դոլար)[5]: Զբոսաշրջային ծա­ռա­յությունների դեբետի մեծ թիվը կրե­դիտից նշանակում է, որ մեր արտագնա զբոսաշրջիկներն ավելի շատ գումար են ծախսում դրսում, քան ներգնա զբոսաշրջիկները ՀՀ-ում՝ ապրանքների և ծառայութ­յուն­­ների վրա: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ստացվում է, որ 2015թ. ներգնա զբո­սաշրջիկ­­ները ՀՀ-ում ծախսել են միջինը 785 դոլար:

Այսպիսով, ՀՀ ներգնա զբոսաշրջիկների շատ քիչ մասն է հանգրվանում ՀՏՕ-ներում: Քանի որ ՀՀ ներգնա զբոսաշրջիկների ազգային պատկանելության վերա­բեր­յալ վիճակագրական տեղեկատվություն չկա, ուստի հայտնի չէ, թե որքան է կազմել Հայաստանից վերջին տարիներին արտագաղթած և այժմ որպես «զբոսաշրջիկ» մեր երկիր այցելած մարդկանց թիվը, որոնք այստեղ հանգրվանում են ոչ թե ՀՏՕ-ներում, այլ հարազատների, բարեկամների, կամ էլ իրենց իսկ սեփական բնակարաններում: Ընդ որում, այդ մարդիկ այստեղ հիմնականում չեն կատարում այն զբոսաշրջային ծախսերը, ինչ օտարերկրացի զբոսաշրջիկները (այցելություններ ՀՀ պատմամշա­կու­թա­յին, կուրորտային վայրեր, հանրային սննդի օբյեկտներ, հուշանվերների գնում, և այլն): Իսկ մեր երկիր ժամանած ազգությամբ ոչ հայ զբոսաշրջիկները հիմնականում հանգրվա­նում են ՀՏՕ-ներում, և երբեմն էլ՝ վարձու բնակարաններում: Ուստի կարելի է հետևություն անել, թե իրականում որքան փոքր թիվ է կազմում ՀՀ ժամանած օտարերկրա­ցի զբոսաշրջիկների թիվը: Հետևաբար կարծում ենք՝ ներգնա օտարերկ­րա­ցի զբո­սաշրջիկ­ների գրավումը կարևոր խնդիր է թե´զբոսաշրջային բազմարկչի գործառնութ­յան, թե´ միջազգային շուկայում Հայաստանի՝ որպես զբո­սաշրջության երկրի ճանաչ­ման տեսանկյունից: ՀՀ կառավարությունը նպա­տա­կադրվել է 2017-2022թթ. իրակա­նաց­վելիք միջոցառումների արդյունքում ներգնա զբոսաշրջիկների թիվը տարեկան հասցնել 3 մլն-ի[6], որի կեսը սփյուռքահայեր պետք է լինեն: Հուսանք վերոնշյալը կհաջողվի իրականություն դարձնել, ինչի արդյունքում կմեծանա նաև ՀՀ ժամանող օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը:

Հոկտեմբեր, 2017

  1. Աղբյուրը՝ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ հրապարակումներ՝ 2007-2017թթ.
  2. Աղբյուրը՝ ՀՀ ԱՎԾ-ի տրամադրած տեղեկատվություն
  3. Աղբյուրը՝ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2017թ. հունվարին, էջ՝ 89
  4. Աղբյուրը՝ «Հայաստան միջազգային այցելությունների հետազոտություն 2013թ. հունվար-դեկտեմբեր», էջ՝ 54-56
  5. Հայաստանի Հանրապետության արտաքին հաշիվներ, 2016, էջ՝ 17
  6. Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագիր, Հավելված ՀՀ կառավարության 2017թ. հունիսի 19-ի N 646 – Ա որոշման, էջ՝ 51