Խրախուսանքի և պարգևների արժանացան 2022 թ․ ՀՊՏՀ լավագույն ուսանողները

21.12.2022
Դիտումների քանակ՝ 1185

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ այսօր կայացավ «ՀՊՏՀ լավագույն ուսանող‒2022» մրցանակաբաշխությունը։ Երկամյա ընդմիջումից հետո սիրված ու սպասված հանդիսությունը բուհի մեծ դահլիճում էր համախմբել համալսարանի ղեկավարությանը, ամբիոնի վարիչներին, դեկաններին, դասախոսներին և, իհարկե, ուսանողներին։

Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը՝ նշելով, որ լավագույններին ընտրելը բավականին բարդ էր, բայց մրցութային հանձնաժողովներն ամենայն պատասխանատվությամբ են քննարկել յուրաքանչյուր հայտադիմում, որոշել հաղթողին։

««Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչվելը, թերևս, յուրաքանչյուր ուսանողի թաքուն երազանքն է։ Իսկ բուհի ղեկավարության խնդիրը բարձր առաջադիմություն ունեցող, մասնագիտական ու հասարակական ակտիվ գործունեություն ծավալող ուսանողներին բացահայտելն ու խրախուսելն է»,- ասաց Դիանա Գալոյանը։

Հանդիսության մասնակիցներին ու հյուրերին ողջունեց նաև ուսանողական խորհրդի նախագահ Արև Մանուկյանը։ «Թող ողջ կյանքի ընթացքում ձեր ընտրությունը լինի լավի ու լավագույնի միջև»,- մաղթեց ՈւԽ նախագահը։

Ապա հայտարարվեցին 6 անվանակարգերում լավագույնը ճանաչված ուսանողների անունները։ ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը «Գիտական գործունեություն ծավալող լավագույն ուսանող» մրցանակը շնորհեց մակրոէկոնոմիկայի ամբիոնի «Մակրոտնտեսական վերլուծություն» կրթական ծրագրի 2-րդ կուրսի մագիստրանտ Սուրեն Կարապետյանին։

«Ակտիվ հասարակական գործունեություն ծավալող լավագույն ուսանող» անվանակարգի հաղթողի անունը հայտարարեց ՀՊՏՀ ՈւԽ պատվավոր նախագահ Աբրամ Բախչագուլյանը՝ մրցանակը հանձնելով «Կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի Հասմիկ Ղամբարյանին։

«Բարձր առաջադիմություն ցուցաբերած լավագույն ուսանող» պարգևը հանձնեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը։ Այս անվանակարգում հաղթող ճանաչվեց «Արժեթղթերի շուկայի կառավարում և վերլուծություն» մասնագիտության 2-րդ կուրսի մագիստրանտ Անահիտ Իսրայելյանը։

«ՀՊՏՀ լավագույն ուսանող մարզիկ» ճանաչված Մանվել Խնձրցյանը, թեև մրցանակաբաշխությանը ներկա չէր, բայց ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանը խոստացավ՝ մրցանակը կփոխանցեն հասցեատիրոջը։

«ՀՊՏՀ բարի սիրտ» անվանակարգի հաղթողը «Մարդկային ռեսուրսների կառավարում» կրթական ծրագրի 2-րդ կուրսի մագիստրանտ Լուսիկ Խուրշուդյանն է։ Մրցանակը հանձնեց ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը։

«ՀՊՏՀ լավագույն ուսանող‒2022» մրցանակին արժանացավ 3 համալսարանական․ բակալավրի կրթական ծրագրով սովորող ուսանողներից լավագույնը ճանաչվեց «Տնտեսագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Մարիամ Նիգոյանը։ Մրցանակը վերջինիս հանձնեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը։

Ռեկտոր Դիանա Գալոյանը նույն անվանակարգում պարգևատրեց մակրոէկոնոմիկայի ամբիոնի «Մակրոտնտեսական վերլուծություն» մասնագիտության 2-րդ կուրսի մագիստրանտ Նարինե Պետրոսյանին։

Ասպիրանտներից լավագույնի անունը հայտարարեց ՈւԽ նախագահ Արև Մանուկյանը՝ մրցանակը հանձնելով ՄՏՀ ամբիոնի ասպիրանտ Ժորա Ստեփանյանին։

Բոլոր հաղթողներն ստացան հավաստագրեր ու արժեքավոր նվերներ։

Տոնական միջոցառումն ամփոփվեց երգիչ Արտեմ Վալտերի կատարումներով։