ՀՊՏՀ ռեկտորը դրամական պարգևներով և պատվոգրերով խրախուսեց ՈՒԳԸ մրցանակակիրներին և հաղթողներին

Դիտումների քանակ՝ 3970

ՀՊՏՀ հանդիսությունների դահլիճում այսօր տեղի ունեցավ Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) 38-րդ նստաշրջանի ամփոփիչ հանդիպումը, որի ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, հաշվապահական հաշվառման ն և աուդիտի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Մերի Բադալյանը, գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արամ Սարգսյանը, նույն ամբիոնի դոցենտ Սոֆյա Օհանյանը, ՈՒԳԸ նախագահ Մարի Եղիազարյանը, վարչական ստորաբաժանումների աշխատակիցներ, ուսանողներ:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին տեղի էր ունեցել ՈՒԳԸ եզրափակիչ փուլը և, ինչպես հրապարակել էինք, արդյունքները հետևյալն են՝
1-ին տեղ՝ Լիլիթ Խաչատրյան (ֆինանսական ֆակուլտետ, արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում, 4-րդ կուրս)՝ «Ներդրումային պորտֆելի կառավարման հիմնախնդիրները ՀՀ արժեթղթերի շուկայում»,
2-րդ՝ Անի Դավթյան (կառավարման ֆակուլտետ, աշխատանքի տնտեսագիտություն, մագիստրատուրա 1-ին կուրս)՝ «Կենսաթոշակային համակարգերի կառավարման հիմնախնդիրները ԱՊՀ-ում»,
3-րդ՝ Լիանա Իսայան (տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, տնտեսագիտության տեսություն, մագիստրատուրա 1-ին կուրս)՝ «Ինստիտուտները որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմնարար պատճառ»:
Սևակ Խաչատրյանը, անդրադառնալով ՈՒԳԸ սույն նստաշրջանի կազմակերպմանը, նշեց, որ գլխավոր նպատակը համալսարանում ուսանողական գիտական կյանքն աշխուժացնելն էր և հաշվի առնելով ամբիոններում, ֆակուլտետներում կատարված աշխատանքները՝ կարելի է փաստել, որ նստաշրջանը կայացել էր: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց ամբիոնների վարիչներին, ֆակուլտետների դեկաններին, որոնք մեծապես աջակցել են նստաշրջանի անցկացմանը, ինչպես նաև առանձնացրեց փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնին, որը, վարիչի գլխավորությամբ, կազմակերպել է թեմատիկ առանձնահատկությամբ (ոչ մասնագիտական) նստաշրջան: Պրոռեկտորը նաև նշեց, որ ուսանողական գիտական գործունեության բարելավման առումով կան նոր առաջարկներ, որոնք կքննարկվեն նոր ուսումնական տարվանից:
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, շնորհավորելով ՈՒԳԸ մասնակիցներին և մրցանակակիրներին, ուրախությամբ ընդգծեց, որ հաջողվել է կայացնել ՈՒԳԸ այս նստաշրջանը, որը վերջին տարիներին պասիվացել էր: «Մեր ցանկությունն էր, որ ՈՒԳԸ-ն իսկապես գործի, որպեսզի ուսանողներին հնարավորություն տրվի իսկապես զբաղվելու գիտական, հետազոտական աշխատանքով, քանի որ մենք հավատացած ենք՝ առանց այս գործընթացների բարելավման մենք չենք կարող բարելավել կրթության որակն առհասարակ: Մեր այն ուսանողները, որոնք իրենց հետագա կյանքը կապում են գիտության հետ, ուրեմն պետք է հիշեն, որ աշխատանքն այդ ուղղությամբ սկսվում է ուսանողական նստարանից»,- հայտարարեց համալսարանի ռեկտորն՝ ավելացնելով, որ աշխատանքները պետք է շարունակական լինեն, ինչին ՀՊՏՀ ռեկտորատը պատրաստ է աջակցել:
ՈՒԳԸ նախագահ Մարի Եղիազարյանը շեշտեց, որ նստաշրջանին մասնակցել են 150 ուսանողներ, որոնցից 15-ը մրցանակակիրներ ու հաղթողներ են: «Սա նշանակում է, որ նստաշրջանում ընդգրկված այս մարդիկ գիտելիքի ճշմարիտ ուղին բռնած ուսանողներն են: Եվ այո, պետք է նշել, որ նստաշրջանն իսկապես կայացավ բոլորիս համատեղ ուժերով»,- ասաց նա:
Գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը շեշտեց, որ ՈՒԳԸ մասնակցության վերջնարդյունքը պետք է լինի գիտական հոդվածի հրապարակումը և այս պատճառով է, որ իրենք նախատեսում են հոկտեմբերին հրատարակել ՈՒԳԸ հոդվածների ժողովածու: Այս մասին հարցերի դեպքում հարկավոր է դիմել նշված բաժնին:
Ելույթներից հետո ռեկտոր Կորյուն Աթոյանը պատվոգրեր հանձնեց մասնակիցներին, ինչպես նաև մրցանակակիրներին և հաղթողներին: Ռեկտորի հրամանով ֆակուլտետային, ոչ մասնագիտական նստաշրջանի, ինչպես նաև համալսարանական փուլի մրցանակակիրներն ու հաղթողները կստանան դրամական խրախուսում:
Հ.Գ. Վերջին լուսանկարում համալսարանական փուլի հաղթող եռյակն է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին