Ուշադրություն բակալավրիատի դիմորդներին. լրացուցիչ հնարավորություն չհայտագրված դիմորդներին

Դիտումների քանակ՝ 1706

Սիրելի ուսանողներ, ՀՀ ԿԳՆ Գնահատման և թեստավորման կենտրոնից բուհերի ընդունող հանձնաժողովներին ուղղվել է շրջաբերական նամակ, որում ասվում է՝ 2018թ. բուհերի ընդունելության մրցույթի առաջին փուլում չհայտագրված դիմորդներին թույլատրել փաստաթղթերը ներկայացնել հունիսի 25-ից հուլիսի 2-ն ընկած ժամկետում:
Խոսքը հանրակրթական ուսումնական հաստատությունների նախորդ տարիների և այս տարվա բազմաթիվ շրջանավարտների մասին է, ովքեր, ԳԹԿ ձևակերպմամբ, տարբեր պատճառներով (հիվանդ են եղել, երկրից բացակայել են, պատրաստվում էին մեկնել այլ երկիր, պատրաստվում էին դիմել օտարերկրյա բուհեր, այլն) 2018թ. բուհերի ընդունելության մրցույթին մասնակցելու համար իրենց փաստաթղթերը բուհ չեն ներկայացրել սահմանված ժամկետում՝ մայիսի 5-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
«ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից 2018թ. հունիսի 22-ին Գնահատման և թեստավորման կենտրոնը ստացել է պատասխան գրություն սահմանված ժամկետում փաստաթղթերը բուհ չներկայացրած շրջանավարտներին (դիմորդներին) փաստաթղթերը բուհերում հունիսի 25-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում հանձնելու համաձայնության մասին»,- նշվում է ԳԹԿ կողմից ուղարկված շրջաբերական նամակում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին