ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» հետազոտական համալսարանի ներկայացուցիչներն այցելեցին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոն

Դիտումների քանակ՝ 1730

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում երեկ հյուրընկալվել էին ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի (НИУ ВШЭ)  տնօրեն Տատյանա Չետվերնինան և նույն հաստատության Հայաստանի նախագծերի համակարգող Նոնա Միրզախանյանը: Այցի  հիմնական նպատակը ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի գործունեությանը ծանոթանալն էր: Հանդիպմանը  մասնակցում էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, «Ամբերդի»  աշխատակազմը՝ տնօրեն Սամվել Ավետիսյանի գլխավորությամբ: Գագիկ Վարդանյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ ուրախ է նրանց ՀՊՏՀ-ում հյուրընկալելու  համար, ապա  շնորհավորեց գործընկերներին՝ ապրիլի 7-ի կապակցությամբ: Հանդիպման սկզբում խոսվեց վերջերս ՀՊՏՀ-ում կայացած օլիմպիադայի արդյունքների մասին (Այդ մասին հրապարակումն այստեղ՝ http://www.asue.am/am/էջեր-220//օլիմպիադա-հպտհ-ում-տնտեսագիտական-կրթության-նոր-հեռանկարներ-1432):

Սամվել Ավետիսյանը լուսապատկերի միջոցով ներկայացրեց «Ամբերդ» հետազոտական  կենտրոնի ստեղծման պատմությունը (ստեղծվել է 2013թ. ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ), ապա ներկայացրեց  կենտրոնի գործունեությունը, հետազոտական ուղղությունները, հրատարակությունները, առաջիկա անելիքներն ու ծրագրերը`նշելով, որ ՀՊՏՀ-ն հայաստանյան միակ բուհն է, որն իր բյուջեից գումար է հատկացնում հետազոտական ծրագրերին: Կենտրոնի տնօրենն ընդգծեց հատկապես այն հանգամանքը, որ մեծ հետաքրքրություն է նկատվում մագիստրոսական խմբի կողմից և նրանք հետազոտական աշխատանքներ են իրականացնում մեծ ոգևորությամբ: Սամվել Ավետիսյանը հյուրերին տրամադրեց «Ամբերդի» մասին պատմող տեղեկատվական գրքույկներ (ռուսերեն):

Տատյանա Չետվերնինան հղեց կենտրոնի գործունեությանը վերաբերող  հարցեր և ստացավ դրանց պատասխանները: Երկուստեք քննարկվեցին համագործակցության հեռանկարները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին