ՀՊՏՀ ներկայացուցիչներն այցելել են Երևանի թիվ 105 ավագ դպրոց

Դիտումների քանակ՝ 1132

ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկանի տեղակալ Փիրուզա Մայիլյանը, օտար լեզուների ամբիոնի դասախոս Լուսինե Կարագուլյանն ու մի խումբ ուսանողներ երեկ՝ ապրիլի 4-ին,  այցելել են  Երևանի թիվ 105 ավագ դպրոց (ՀՊՏՀ-ն ու թիվ 105 դպրոցը համագործակցում են):

Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին  տեղեկացրեց  Փիրուզա Մայիլյանը, երեկվա այցից տպավորված են թե' ՀՊՏՀ-ականները, թե' աշակերտները:

«Հանդիպումը, մասնավորապես ավագ դասարանների աշակերտների հետ էր, ովքեր սովորում են  տնտեսագիտական հոսքում և պատրաստվում են տնտեսագիտական  բարձրագույն կրթություն ստանալ: Աշակերտներին ներկայացրեցինք մեր բուհում մատուցվող կրթական ծառայությունները,ընդունելության քննությունները, ֆակուլտետները, մասնագիտություններն ու մասնագիտացումները, գործող կրթաթոշակներն ու զեղչերը (սոցիալական ծրագրերը) և այլն: Աշակերտները լսում էին մեծ հետաքրքրությամբ, բուհի վերաբերյալ հարցեր ուղղում մեզ և ստանում սպառիչ պատասխաններ»,-ասաց տիկին Մայիլյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ Լուսինե Կարագուլյանը ներկայացրել է Տնտեսագիտական համալսարանի փոխանակության ծրագրերը, օտարերկրյա բուհերի հետ համագործակցությունը, իսկ ՀՊՏՀ ուսանողները աշակերտներին լուսապատկերի միջոցով ցույց են տվել  մեր համալսարանի կառուցվածքը, հիմնական ստորաբաժանումները, համալսարանի գրավիչ ու նորաոճ բակը, լսարանները, բուֆետը  և այլն: Աշակերտների մի մասը նշել է, որ  արդեն որոշել է ընդունվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան:

Նշենք, որ համագործակցության շրջանակներում այցերը շարունակական բնույթ են կրում, Փիրուզա Մայիլյանի փոխանցմամբ՝ առաջիկայում նախատեսվում է վերոնշյալ դպրոցի աշակերտների այցը ՀՊՏՀ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին