Почему важны экспертные прогнозирования? (на арм.)

Վարդան Աթոյան
քաղաքական գիտությունների դոկտոր
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
փոխտնօրեն-ավագ փորձագետ

Դեռևս 2016 թվականին «21-րդ ԴԱՐ» գիտական պարբերականում հրապարակել էի «Պետություն-փորձագիտական հանրություն փոխգործակցությունը ազգային անվտանգության համատեքստում» հոդվածը, որտեղ ներկայացրել էի որոշակի առաջարկություններ, որոնց իրականացումը կարող է նպաստել Հայաստանում պետության և փորձագիտական հանրույթի միջև համագործակցության ակտիվացմանը, ինչպես նաև՝ պետական կառավարման, այդ թվում՝ ազգային անվտանգության ապահովման համակարգի արդյունավետության բարձրացմանը: Այդ առումով, հատկապես պետք է առանձնացնել Ազգային անվտանգության խորհրդին (այժմ՝ Անվտանգության խորհուրդ) առընթեր փորձագիտական խորհրդի ստեղծման գաղափարը: Թեև նշված աշխատանքում միջազգային առաջավոր փորձից բերված օրինակներով որոշակիորեն անդրադարձել էի նաև պետական կառավարման և, մասնավորապես, ազգային անվտանգության ապահովման գործում կանխատեսումների նշանակությանը, սակայն այս հոդվածի շրջանակներում կփորձեմ մի փոքր ավելի բացել փակագծերն ու ներկայացնել կոնկրետ կանխատեսման սկզբունքներ և մեթոդներ*:

XXI դարում բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորումը, տեխնոլոգիական ոլորտում արձանագրվող սրընթաց վերափոխումները, Հարավային Կովկասում ռազմաքաղաքական հարափոփոխ իրավիճակը ու բազմաթիվ այլ էնդոգեն և էքզոգեն գործոններ ու գործընթացներ՝ մեր երկրի համար ի հայտ են բերում ինչպես նոր մարտահրավերներ, այնպես էլ՝ նոր հնարավորություններ: Ակնհայտ է, որ նշյալ մարտահրավերներին հաջողությամբ դիմագրավումը, ստեղծված իրավիճակում ռիսկերի և զարգացման նոր հնարավորությունների բացահայտումը, ինչպես նաև՝ մեր երկրում հասարակական, քաղաքական վերափոխումների դրական ընթացքը և տնտեսական բարեփոխումների արդյունավետությունն ի թիվս այլ գործոնների՝ մեծապես կախված է պետության և փորձագիտական հանրույթի միջև փոխգործակցության մակարդակից և խորությունից: Այդ համատեքստում հատկանշական է քաղաքագետ Կարեն Վերանյանի կարծիքն առ այն, որ դինամիկ զարգացող տնտեսություն ունենալու համար կարևոր նախապայման է մտավոր, գիտատեխնոլոգիական ռեսուրսների և կարողությունների արդյունավետ կառավարման հարցը: Միաժամանակ, ինչպես «Կանխատեսումների մասին» հոդվածում նշում է Գագիկ Հարությունյանը՝ պետությունների և ազգային հանրությունների առաջնային խնդիրներից է առկա իրադրության համալիր գնահատումը և ապագա զարգացումների վերաբերյալ որոշակի պատկերացումների ձևավորումը։ Ներկայում աշխարհի առաջատար երկրներում մեծ պահանջարկ ունեն կանխատեսումները և սցենարային մշակումները, որոնք դարձել են քաղաքական մշակույթի կարևոր բաղադրամաս։

Համաձայնելով նշյալ հեղինակների կարծիքների հետ՝ հարկ է ընդգծել, որ Հայաստանի քաղաքական մշակույթում արտաքին և ներքին քաղաքական, տնտեսական, հասարակական գործընթացների վերաբերյալ փորձագետների ներգրավմամբ կանխատեսումների և սցենարային մշակումների պատրաստումը, ցավոք, դեռևս լայնորեն տարածում չի գտել: Ուստի, այս վերլուծական ակնարկի նպատակն է ոչ միայն ներկայացնել փորձագիտական կանխատեսման որոշ կիրառական մեթոդներ, այլև՝ կարևորել և պետական կառավարման ոլորտի մարմինների ուշադրությունը հրավիրել տարբեր ոլորտներում պետական քաղաքականության արդյունավետության բարձրացման առումով էական նշանակություն ունեցող այս հարցի վրա:

Փորձագիտական մեթոդների կիրառման հիմնական շրջանակն ընդգրկում է՝
· նպատակների որոշակիացումը. էական նշանակություն ունեցող որոշումների կայացման ժամանակ անհրաժեշտ է հստակ պատկերացնել նպատակները, որոնց ձգտում է հասնել որոշում կայացնող անձը,
· այլընտրանքային տարբերակների գեներացումը. այս գործընթացը կարող են նախատեսել ինչպես հատուկ փորձագիտության կազմակերպում և իրականացում (օրինակ՝ ուղեղային գրոհի տեսքով), այնպես էլ՝ այլընտրանքային տարբերակներ գեներացնող ավտոմատացված համակարգերի ստեղծում,
· կանխատեսում և սցենարների մշակում. սցենարի մշակման կամ կառուցման հիմնական խնդիրներից է որոշակի իրավիճակը և դրա զարգացման միտումները բնութագրող գործոնների բացահայտումն ու նույնականացումը: Սցենարի այլընտրանքային տարբերակների մշակման ընթացքում փորձագիտական գնահատման առավել տարածված մեթոդն ուղեղային գրոհն է:

Ակնհայտ է, որ վերջին տասնամյակներում հասարակության և պետության տարբեր ոլորտներում արձանագրվող փոփոխությունները, գլոբալ և տարածաշրջանային մակարդակով ընթացող վերափոխումները, միաժամանակ՝ հաճախ դրանց անկանխատեսելիությունը և ազդեցության բազմաշերտ, բազմամակարդակ ու մեծամասշտաբ բնույթը նպաստում են գլոբալ անորոշությանը: Նման իրավիճակը նպաստում է պետությունների կենսագործունեության, կայուն զարգացման ապահովման և ազգային անվտանգության վրա ազդող գործոնների ու գործընթացների բազմաշերտացմանը, դրանց ապահովման գործիքակազմի վերանայմանն ու արդիականացման անհրաժեշտությանը, կայացվող որոշումների ազդեցության շրջանակների ընդլայնմանը, ինչն անորո­շութ­յան մակարդակի բարձրացման հետ միասին զգալիորեն բարդացնում է որոշումների կայացումը՝ մեծացնելով կայացվող քաղաքական որոշում­ների «գինը» և էապես ընդգծելով չսխալվելու անհրաժեշտությունը: Բնականաբար նման իրավիճակն էապես փոփո­խում է նաև statecraft-ը (պետության կառավարման արվեստ) և քաղաքական վերնախավին առաջադրվող պահանջները՝ նվազեցնելով քաղաքական որոշում կայացնող անձանց կողմից այս հարափոփոխ աշխարհում և գործընթացներում բացառապես սեփական գիտելիքների ու փորձառության հիման վրա արդյունավետ որոշում կայացնելու հնարավորությունը:

Հարկ է հստակ հասկանալ երեք դերային դիրքերում առկա տարբերությունները՝ որոշում կայացնող անձի, քաղաքական վերլուծաբանի և փորձագետի: Իրատեսական չէ քաղաքական որոշումներ կայացնող անձից արհեստավարժ մակարդակով բոլոր ծագող խնդիրների վերաբերյալ խոր գիտելիքներ ակնկալել: Ակնհայտ է նաև, որ կարևոր խնդիրների լուծման համար անհրաժեշտ ժամանակը երբեմն բավականին սահմանափակ է: Մյուս կողմից, քաղաքական վերլուծաբանները, որոնք կոչված են նման որոշումների պատրաստման համար, նույնպես չեն կարող լինել մասնագետներ բոլոր հարցերում: Քննարկվող հարցի շրջանակներում նրանց հիմնական խնդիրն է կազմակերպել փորձաքննություն, ներգրավել ընդունվող որոշմանն առնչվող ոլորտի բարձրակարգ փորձագետներ և ապահովել դրա անցկացման պատշաճ մակարդակ ու փորձաքննության արդյունքների առավելագույն հավաստիություն:

Միաժամանակ, որակյալ փորձաքննություն ստանալու համար անհրաժեշտ է ապահովել հետևյալ պայմանները.
· փորձաքննության օբյեկտին քաջածանոթ մասնագետներից բաղկացած փորձագիտական հանձնաժողովի առկայություն,
· փորձաքննության կազմակերպման և անցկացման տեխնոլոգիաներին, ինչպես նաև՝ փորձագիտական տեղեկատվության վերլուծությանը արհեստավարժորեն տիրապետող վերլուծական խմբի առկայություն,
· հավաստի փորձագիտական տեղեկատվության ստացում,
· փորձագիտական տեղեկատվության պատշաճ մշակում և վերլուծություն:

Վերոնշյալ ցանկացած պայմանի բացակայությունը կասկածի տակ կարող է դնել անցկացվող փորձաքննության արդյունավետությունն ու ճշգրտությունը: Բացի այդ, փորձագիտական գնահատման ժամանակ էական նշանակություն ունեն փորձաքննությունների կազմակերպման և անցկացման մեթոդները: Ներկայացնենք դրանցից որոշները:

Հանձնաժողովների մեթոդը որոշակի հիմնախնդրի վերաբերյալ փորձագետների միասնական կարծիքի մշակման նպատակով կազմակերպվող բաց քննարկումն է: Միասնական կարծիքը որոշվում է բաց կամ գաղտնի քվեարկության միջոցով, սակայն, եթե քննարկման ընթացքում ակնհայտ է լինում գերակշռող մոտեցումը, ապա համակարգողները կարող են նաև քվեարկություն չանցկացնել: Հանձնաժողովների մեթոդի առավելութուններից է քննարկվող հարցի վերաբերյալ փորձագետների տեղեկացվածության բարձրացումը (քանի որ քննարկման ընթացքում փորձագետները բերում են իրենց գնահատականների հիմնավորումները) և մասնակիցների միջև հետադարձ կապը, որի դեպքում ստացված տեղեկատվության ազդեցությամբ փորձագետը կարող է վերանայել իր նախնական տեսակետը:

Այնուամենայնիվ, հանձնաժողովների մեթոդը զերծ չէ նաև թերություններից: Որպես հիմնական թերություն նշենք անանունության բացակայությունը: Վերջինս կարող է հանգեցնել փորձագետների կողմից հարմարվողականության դրսևորման, երբ շատերը նույնիսկ ունենալով հակառակ կարծիք՝ իրենց դիրքորոշումը հարմարեցնում են առավել հեղինակավոր և ճանաչված փորձագետների կարծիքին: Նման դեպքերում քննարկումը հաճախ վերածվում է առավել հեղինակավոր փորձագետների բանավեճի: Էական գործոն է նաև փորձագետների կողմից ցուցաբերվող տարբեր մակարդակի ակտիվությունը, որը միշտ չէ կոռելյացվում ոլորտում իրենց ունեցած գիտելիքների հետ: Բացի այդ, հրապարակային քննարկման ժամանակ փորձագետները հնարավոր է չցանկանան հրաժարվել իրենց նախնական կարծիքից, նույնիսկ եթե քննարկման ընթացքում վերջինս փոփոխության է ենթարկվել:

Դատարանի մեթոդով փորձաքննությունը անց է կացվում դատական գործընթացի նմանությամբ: Փորձագետները բաժանվում են երեք խմբի: Առաջին խումբը հանդես է գալիս որպես քննարկվող այլընտրանքի կողմնակից՝ բերելով փաստարկներ հօգուտ դիտարկվող այլընտրանքի: Երկրորդ խումբը դիտարկվող այլընտրանքի հակառակորդներ են, որոնք փորձում են բացահայտել դրա բացասական կողմերը: Երրորդ խումբը համակարգում է փորձաքննության ընթացքը և կայացնում վերջնական որոշում: Այս մեթոդով փորձաքննության ընթացքում փորձագետները կարող են փոխել խմբերը: Այնուամենայնիվ, դատարանի մեթոդն ունի հանձնաժողովների մեթոդին բնորոշ նույն առավելություններն ու թերությունները:

Հանրահայտ ՌԷՆԴ կորպորացիայում մշակված Դելֆի մեթոդը փորձաքննության անցկացման հիմնական մեթոդներից է: Ըստ էության, վերջինս իրենից ներկայացնում է մեթոդների խումբ, որոնք միավորված են փորձաքննության ընթացակարգերի կազմակերպման ընդհանուր պահանջներով և փորձաքննության գնահատականների ստացման ձևերով: Դելֆի մեթոդում նախատեսվում է այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ապահովում են փորձագիտական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը: Վերջինս իրականացվում է ընթացակարգի անանունությամբ և փորձաքննության առարկայի վերաբերյալ տեղեկատվության համալրման հնարավորությամբ: Հետադարձ կապը այս մեթոդի մեկ այլ կարևոր առանձնահատկությունն է, ինչը թույլ է տալիս փորձագետներին ճշգրտել սեփական դատողությունները՝ հաշվի առնելով փորձագետների միջանկյալ միջինացված գնահատականները և բևեռացված տեսակետներ արտահայտած փորձագետների բացատրությունները: Հետադարձ կապի իրականացման համար անհրաժեշտ է փորձաքննության բազմափուլային ընթացակարգ: Առաջին փուլում փորձագետներին հայտնում են փորձաքննության նպատակը և ձևակերպվում են հարցեր, որոնց պատասխանները կազմում են փորձաքննության հիմնական բովանդակությունը: Հարցերը հարցաթերթիկի ձևաչափով ներկայացվում են անհատապես բոլոր փորձագետներին, որը երբեմն ուղեկցվում է բացատրական մեկնաբանությամբ: Հարկ է նշել, որ փորձաքննության հաջողությանը նպաստում է նաև փորձաքննության առարկայի վերաբերյալ հավելյալ տեղեկատվությունը: Փորձագետի կողմից ստացված տեղեկատվությունը փոխանցվում է վերլուծական խմբին, որն ապահովում է փորձաքննության կազմակերպումը, անցկացումը, փորձաքննության միջանկյալ և վերջնական արդյունքները:

Դելֆի մեթոդով փորձաքննության անցկացման երկրորդ փուլում փորձագետներին ներկայացվում է փորձագիտական հանձնաժողովի միջինացված գնահատականը և «ծայրահեղ» տեսակետներ արտահայտած փորձագետների հիմնավորումները, որոնք ներկայացվում են անանուն կերպով (չեն նշվում դրանք տրամադրած փորձագետները): Որպես կանոն, լրացուցիչ տեղեկատվությունը ստանալուց հետո փորձագետները ճշգրտում են սեփական գնահատականները: Ճշգրտված տեղեկատվությունը կրկին ներկայացվում է վերլուծական խմբին: Երրորդ և չորրորդ փուլերը չեն տարբերվում երկրորդից և իրականացվում են միևնույն ընթացակարգով: Դելֆի մեթոդի բնորոշ առանձնահատկություններից է փուլից փուլ կարծիքների, մոտեցումների և դիրքորոշումների ցրվածության նվազեցումը, մոտարկումն ու համաձայնեցվածության բարձրացումը: Հարկ է նշել, որ երբեմն հանդիպող կարծիքների բևեռացումները կարող են բացատրվել փորձագետների տարբեր գիտական դպրոցներին պատկանելիությամբ: Տվյալ պարագայում այս մեթոդի օգտակարությունը փորձագետների տարբեր խմբերի կարծիքների բացահայտման մեջ է: Փորձագետների բևեռացված կարծիքների առկայությունը կարող է բացատրվել նաև ոչ այդքան ճշգրիտ ձևակերպված հարցերով, նախնական տեղեկատվության տարբեր կերպ մեկնաբանմամբ կամ փորձաքննության նպատակների ոչ միանշանակ ընկալմամբ:

Որոշ դեպքերում փորձագետների համաձայնեցված տեսակետը կարող է ստացվել արդեն երկրորդ կամ երրորդ փուլից հետո: Բնականաբար այդ դեպքում հաջորդ փուլերի անցկացման անհրաժեշտություն չի առաջանում: Հատկանշական է, որ ակադեմիական շրջանակներում առ այսօր չկա ընդհանուր մոտեցում դելֆյան մեթոդով անցկացվող փորձաքննությունների փուլերի քանակի վերաբերյալ: Վերջինս հաճախ որոշվում է փորձաքննության առանձնահատկությամբ և նպատակներով: Այնուամենայնիվ, գործընթացը, որպես կանոն, սահմանափակվում է չորս փուլով:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Դելֆի մեթոդի հիմնական առանձնահատկություններն են՝ դատողությունների անանունությունը, «ծայրահեղ» գնահատականներ տված փորձագետների հիմնավորումները և բազմափուլային ընթացակարգի օգնությամբ իրագործվող հետադարձ կապը:

Փորձաքննության անցկացման հանրահայտ միջոցներից է նաև ուղեղային գրոհների մեթոդը, որը մշակվել է XX դարի առաջին կեսին Ալեքս Օսբորնի կողմից: Այս մեթոդի նպատակն է խմբի անդամներին դրդել արտահայտել տարբեր գաղափարներ՝ չվախենալով խմբի մյուս անդամների կողմից քննադատության թիրախ դառնալուց: Այս գործընթացում բոլոր առաջարկվող գաղափարները ներառվում են համապատասխան ցուցակում, հետագայում՝ ավելացվում են, փոփոխվում և լրամշակվում: Նախատեսվում է, որ արդյունքում խումբը պետք է հանգի միասնական լուծման: Ուղեղային գրոհի մեթոդի օգնությամբ խթանվում է երևակայությունն ու մտքի աշխատանքը: Սովորաբար ոչ մեծ խմբով (մինչև 12 մարդ) քննարկվում է որոշակի խնդիր: Խմբի անդամներից մեկը գրանցում է հնչեցված դիտողություններն ու ենթադրությունները: Հաջորդ փուլում բոլոր գաղափարները, նպատակներն ու ռազմավարությունները քննարկվում են:

Առանձնացվում են ուղեղային գրոհների հետևյալ սկզբունքները.
1. Քանակը վերափոխվում է որակի. որքան շատ գաղափարներ, լուծումներ, նպատակներ, ռազմավարություններ կառաջարկվեն, այդքան դյուրին կլինի դուրս բերել խնդրի առավել արդյունավետ լուծումը:
2. Չի խրախուսվում քննադատությունը. առավել ցանկալի է առաջարկվող գաղափարի մեջ գտնել խնդրի հնարավոր լուծումը:
Ուղեղային գրոհի հաջողությունը կախված է խմբի բոլոր մասնակիցների պատրաստվածությունից: Կարևոր է ստեղծել բարենպաստ միջավայր գաղափարների գեներացման, ինչպես նաև՝ լուծումների, նպատակների և ռազմավարությունների առաջարկման համար, միաժամանակ՝ բացառելով առաջ քաշվող գաղափարների վերաբերյալ բացասական գնահատականները:

Ուղեղային գրոհի անցկացման փուլերն են՝
1. խնդրի ձևակերպում. անհրաժեշտ է հնարավորին չափ կոնկրետ ձևակերպել խնդիրը,
2. գաղափարների, նպատակների, լուծումների և ռազմավարությունների գեներացում,
3. գեներացված գաղափարների գնահատում. վարողը ինքնուրույնաբար կամ մասնակիցների հետ համատեղ գաղափարները բաժանում է երեք խմբի՝ կիրառման դեպքում արագ արդյունք ապահովող, դեռևս որոշակի աշխատանք պահանջող և հեռանկարային:

Սցենարների մեթոդը: Կառավարչական որոշումների ընդունման ժամանակ արդյունավետ գործիքներից են նաև որոշակի իրավիճակի զարգացման վերաբերյալ փորձագետների կողմից մշակվող սցենարները: Դրանք թույլ են տալիս տարբեր ճշգրությամբ որոշել զարգացումների հնարավոր ուղղությունները, առկա գործոնների միջև փոխկապվածությունը, միտումները, իրավիճակի վրա տարբեր ուղղակի և անուղղակի, արտաքին և ներքին ազդեցություններն ու դրանց հետևանքով իրավիճակի հնարավոր փոփոխությունը: Այս առումով, արհեստավարժորեն պատրաստված սցենարները թույլ են տալիս առավել ամբողջական և հստակ պատկերացնել իրավիճակը, այդ թվում՝ գլոբալ, տարածաշրջանային կամ պետության ներքին կյանքին առնչվող զարգացումները, նույնիսկ՝ բազմագործոն, բազմամակարդակ և բազմաշերտ ազդեցությունների պարագայում: Բացի այդ, իրավիճակի զարգացման հնարավոր սցենարների մշակումը թույլ են տալիս ժամանակին գիտակցել և կանխել վտանգները կամ նվազեցնել դրանց բացասական ազդեցությունը, այդ թվում՝ որոնք կարող են ի հայտ գալ ոչ ճիշտ կամ վատ հաշվարկված կառավարչական որոշման արդյունքում:

Վերոնշյալին անհրաժեշտ է հավելել, որ իրավիճակի զարգացման հնարավոր սցենարների համադրումը և գնահատումը երբեմն թույլ է տալիս ընդունել միակ ճիշտ որոշումը: Սովորաբար դիտարկվում են իրավիճակների զարգացման երեք հնարավոր սցենարներ՝ լավատեսական, վատատեսական և առավել հավանական:

Ամփոփելով նշենք, որ կանխատեսելով զարգացումների հնարավոր սցե­նարները, պատրաստ լինելով դրանց հետևանքներին և ուղղորդելով գործընթաց­ները մեզ համար առավել ընդունելի հունով՝ մենք ոչ միայն բարձրացնում ենք քաղաքական որոշումների արդյունավետությունը, ձևավորում ռազմավարական տեսլական, նվազեցնում հնարավոր ռիսկերը, այլև՝ փոխում, ձևավորում, պլանավորում և կերտում ենք մեզ համար առավել ցան­կալի ապագան: Հատկապես երկրի կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության ապահովման, հնարավոր ռիսկերի բացահայտման, կանխարգելման, ռազմավարական պլանավորման, գլոբալ, տարածաշրջանային և պետության ներքին տարբեր ոլորտներում գործընթացների զարգացման հնարավոր ուղղությունների բացահայտման ու դրանց հիման վրա առավել արդյունավետ քաղաքականություն մշակելու և իրականացնելու գործում անգնահատելի դեր կարող է խաղալ փորձագիտական կանխատեսումների պրակտիկայի ներդնումը: Այդ առումով, ինչպես հոդվածի սկզբում նշվել է, որպես հարցի ինստիտուցիոնալ լուծում, առաջարկել ենք ՀՀ Անվտանգության խորհրդին կից ստեղծել փորձագիտական խորհուրդ, իսկ դրա կազմում՝ ոլորտային փորձագիտական հանձնաժողովներ: Հենց վերջիններիս շրջանակներում էլ կարող են կազմակերպվել և իրականացվել միջգիտակարգային տարաբնույթ կանխատեսումներ, որոնց հիման հետագայում կարող են մշակվել և որոշում կայացնողներին ներկայացվել կոնկրետ քաղաքական երաշխավորություններ և առաջարկություններ:

Օգոստոս, 2018

* Հոդվածում փորձագիտական կանխատեսման որոշ մեթոդների նկարագրության համար օգտագործվել է Ս. Տուրոնոկի (2016) «Քաղաքական վերլուծություն և կանխատեսում» ձեռնարկը: