Կրթության որակը բարձրացնելու հարցում մենք պետք է համագործակցենք. Կորյուն Աթոյանը հանդիպեց ուսանողներին (2012թ. հոկտեմբեր)

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գլխավոր մասնաշենքի լեփ–լեցուն դահլիճում հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ բուհի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի հանդիպումը ուսանողների հետ: Հանդիպումն անցավ անմիջական և անկաշկանդ մթնոլորտում, ուսանողները նախ շնորհակալություն հայտնեցին ռեկտորին` ուսանողների հետ հանդիպումներն ավանդաբար անցկացնելու համար, ապա նրան ուղղեցին իրենց հուզող հարցերը` որոշ հարցերի շուրջ ծավալելով քննարկում: Միաժամանակ նրանք ընդգծեցին, որ տեսնում են բուհում կատարվող դրական տեղաշարժերը:

Կորյուն Աթոյանը ուշադրությամբ լսեց ուսանողների բարձրացրած հարցերը, որոնք բազմազան ու բազմաբնույթ էին. նրանց հետաքրքրում էր կրթության ոլորտին, ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, ուսանող-դասախոս, ուսանող-գրադարան փոխհարաբերություններին, քննաշրջանի կազմակերպմանը, բացակայություններին և շատ այլ խնդիրներին վերաբերող հարցեր: Ռեկտորը սիրով, մեկ առ մեկ խոսեց դրանց մասին` փորձելով ուսանողների բոլոր հարցերին տալ սպառիչ պատասխաններ:

Օտար լեզուների ուսուցման հիմնախնդիրը

Ուսանողների բարձրացրած առաջին հարցը վերաբերում էր մեր բուհում օտար լեզուների՝ մասնավորապես անգլերենի ուսուցմանը: Նրանց համոզմամբ` օտար լեզուների ուսուցմանը հատկացված երկու տարին բավարար չէ օտար լեզվի լիարժեք յուրացման համար: Այս հանգամանքը, ուսանողների կարծիքով, դժվարություններ է ստեղծում աշխատանքի շուկայում տեղ գտնելու համար:

Կարևորելով բարձրացրած հարցը` ռեկտորը համաձայնեց ուսանողների դիտարկմանը և իր կողմից ավելացրեց նաև ռուսաց լեզվի իմացության կարևորությունը` ընդգծելով ԱՊՀ տարածքում գտնվելու հանգամանքը: Այս առնչությամբ Կորյուն Աթոյանը նշեց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի բուհն ավարտող ուսանողը ազատորեն հաղորդակցվի օտար լեզվով, քանի որ միայն այդպիսի մասնագետը մրցունակ և աշխատաշուկայում պահանջված կլինի: Ռեկտորի հավաստմամբ` այս ուղղությամբ լուրջ ու մեծածավալ աշխատանքներ են սպասվում. գալիք տարվանից կվերանայվեն ուսումնական, առարկայական ծրագրերը: Ռեկտորը խոստացավ հարցն ուսումնասիրել, հանձնարարականներ տալ պրոռեկտորներին։

Ուսումնառության արդի մեթոդների կիրառում, ուսումնառության գործընթացին վերաբերող հարցեր

Ուսանողների բարձրաձայն դժգոհությունը նաև այն մասին էր, որ համալսարանի ոչ բոլոր դասախոսներն են տիրապետում նյութի հաղորդման արդի մեթոդներին և հաճախ դասապրոցեսը վերածում են թելադրության: Դասավանդման մեթոդների, դրանց հնացած և անարդյունավետ լինելու մասին ուսանողների դժգոհությունը դարձավ լուրջ քննարկման առարկա:

«Մենք հասկանում ենք, որ դասընթացի մատուցման ձեր նշած եղանակն արդեն հնացել է, և մենք պետք համատեղ որոնենք ու գտնենք ավելի արդյունավետ ու ժամանակակից մեթոդներ»,-կարևորելով ուսումնառության գործընթացում արդիական մեթոդների կիրառումը, նորագույն, ժամանակակից տեխնիկայով հագեցած ինտերակտիվ լսարանների ստեղծումը` ասաց Կորյուն Աթոյանը և ավելացրեց, որ ինքն արդեն հանձնարարական է տվել ուսումնասիրել խնդիրը և ներկայացնել, թե առաջիկայում քանի ինտերակտիվ լսարան է հնարավոր ստեղծել բուհում: Կրթության որակի բարձրացման և այդ համատեքստում եվրոպական կառույցների հետ համագործակցության անհրաժեշտության մասին ուսանողների հարցին ի պատասխան ռեկտորը նշեց, որ նման համագործակցություն կա ու առանձնացրեց TEMPUS միջազգային ծրագիրը: Բուհի ղեկավարը հիշեցրեց, որ TEMPUS-ի շրջանակներում ՀՊՏՀ-ն շահել է երեք ծրագիր, իսկ դրանցից մեկի` «Արարատ» ծրագրի դեպքում դարձել համակարգող:

Շարունակելով եվրոպական կառույցների հետ համագործակցության թեման` Կորյուն Աթոյանը նշեց, որ նման համագործակցություն կա, ինչի արդյունքում իրականացվում են դասախոսների վերապատրաստման և ուսանողների փոխանակման ծրագրեր, սակայն այդ համագործակցությունը խորացնելու կարիք կա:

Ուսումնառության գործընթացն ավելի որակյալ դարձելու թեմայի քննարկման ժամանակ ուսանողներից մեկը հարց–առաջարկ հնչեցրեց. «Հնարավոր չէ՞, որ ուսանողներն ընտրեն իրենց դասախոսներին և ոչ թե հակառակը»:

Ուսանողները հետաքրքրվեցին նաև կուրսղեկի ինստիտուտի մասին` հարցնելով, թե կա՞ արդյոք նման ինստիտուտ և ի՞նչ գործառույթներ այն պետք է իրականացնի:

Բակալավրիատի և մագիստրատուրայի մասնագիտությունների և մասնագիտացումների հստակեցում

Ուսանողներին մտահոգող առանցքային հարցերից էր որոշ առարկայական ծրագրերի հնացած և իրենց մասնագիտությանը համապատասխան չլինելու հանգամանքը: «Հարցը ճիշտ է և գլոբալ: Այս խնդրի լուծումը պետք է սկսել բակալավրիատում մասնագիտությունների և մագիստրատուրայում մասնագիտացումների հստակեցումից: Միայն այդ հստակեցումից հետո է հնարավոր տվյալ մասնագիտությամբ կամ մասնագիտացմամբ ուսուցանել համապատասխան հատուկ առարկայակազմ»- ի պատասխան հայտարարեց Կորյուն Աթոյանը:

Բացակայություններ

Ուսանողներին, հատկապես մագիստրանտներին հետաքրքրում էր բուհի գիտական խորհրդում բացակայությունների մասին ընդունված նոր կարգը: Ուսանողներն իրենց խոսքում վկայակոչեցին եվրոպական և ամերիկյան համալսարաններում գործող կարգերը, որտեղ ուսանողը դասի է գալիս ազատ ժամանակացույցվով և բացակայության հարց ընդհանրապես գոյություն չունի:

Բացակայությունների խնդիրը լուրջ ու առանցքային համարելով` Կորյուն Աթոյանն ասաց, որ բուհը ուսումնառության կենտրոն է, որտեղ գալիս են սովորելու, և պետք է ներկա լինել գիտելիքների հաղորդման գործընթացին: Խոսելով հատկապես մագիստրատուրայի բացակայությունների մասին` ռեկտորը նշեց, որ այս ուղղությամբ լուրջ անելիքներ կան և հորդորեց ուսանողներին հարցեր բարձրացնելուց առաջ սեփական լուծումներն առաջարկել: Եվրոպական և ամերիկյան համալսարաններում բացակայություններին նշանակություն չտալու մասին ուսանողների վկայակոչումներին ռեկտորը հակադարձեց` ասելով, որ եվրոպացին վճարում է գիտելիքի համար և պահանջում այն, իսկ մեզ մոտ վճարում են և դրա դիմաց ոչ միայն ոչինչ չեն պահանջում, այլև իրենք էլ դասի չգալով չեն ուզում ոչինչ ստանալ: Բացի դրանից, ռեկտորը մատնանշեց, որ մեր կրթական գործընթացում դասախոսություններին չներկայանալն ուսանողի համար լուրջ բացթողում է, մինչդեռ ուրիշ կրթահամակարգերում դասապրոցեսն անցկացվում է այլ մեթոդներով, ինչի համար էլ բացակայությունների հարցը սուր չի դրվում:

Ուսանող-գրադարան հարաբերություններ

Ուսումնառության ընթացքում առանցքային է գրքի և գրադարանի դերը: Պատահական չէ, որ ուսանողներն իրենց հարցադրումներում բարձրաձայնեցին խնդիրը` նշելով, որ գրադարանում անհրաժեշտ հայերեն մասնագիտական գրականությունը ոչ բոլորին է բավականացնում, դժգոհեցին նաև սպասարկումից:

Գրադարանի դերը կարևորելով` ռեկտորը նշեց, որ այստեղ ևս անելիքներ շատ կան. սպասարկման որակի առումով ռեկտորն առաջարկեց դժգոհությունները ներկայացնել առարկայական ձևով (անանուն հանդես գալ և ներկայացնել գրադարանի կոնկրետ աշխատակցի մասին դժգոհությունը–խմբ.), իսկ հայալեզու մասնագիտական գրականության առումով նշեց, որ դա բարդ խնդիր է և հնարավոր չէ միանգամից լուծել, սակայն այդ ուղղությամբ ևս որոշակի քայլեր արվում են: Ռեկտորը տեղեկացրեց, որ ընթացքի մեջ է նաև էլեկտրոնային գրադարանի ստեղծումը: ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am «Գրադարան» բաժնում ստեղծվել է բուհի գրադարանի քարտադարանը, որի միջոցով ուսանողները կարող են տեսնել, թե բուհի գրադարանում ինչպիսի գրականություն կա և պատվիրել այն: Ամբողջական գրքերի թվայնացումը ևս առաջիկա ծրագրերում է:

Պրակտիկաների կազմակերպում

Ուսանողները խոսեցին նաև փորձառության (պրակտիկա) կազմակերպմանն առնչվող խնդիրներից` մասնավորապես նշելով, որ հաճախ փորձառության ծրագրերը չեն համապատասխանում փորձառության անցկացման վայրի հետ:

Ի պատասխան` ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ այս ուղղությամբ որոշակի աշխատանքներ է կատարում ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը, որը վերջերս հանդես է եկել փորձառության կազմակերպման և անցկացման նոր ձևաչափի առաջարկով: Այժմ քննարկվում են տարբեր առաջարկներ, որոնց նպատակը փորձառության արդյունավետ կազմակերպումն է:

Ամփոփում

Այս անկեղծ ու անմիջական հանդիպումը չսահմանափակվեց միայն հիմնախնդիրների բարձրաձայնմամբ: Ուսանողները նաև նշեցին, որ չնայած առկա խնդիրներին` իրենք տեսնում են բուհում կատարվող դրական փոփոխությունները և գնահատում այդ քայլերը:

Ամփոփելով հանդիպումը` ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ կրթության որակի բարձրացման գործում բոլորին` թե’ ուսանողներին, թե’ դասախոսներին, թե’ ՀՊՏՀ ուսումնաօժանդակ մյուս օղակներին, երկար, դժվարին ու համատեղ աշխատանք է սպասվում: «Մարդիկ տարբեր են, ու մենք պետք է պահպանենք համակեցության կանոնները և միասնաբար, միահամուռ ուժերով փորձենք լուծել մեր առջև դրված խնդիրները: Մենք բոլորս պետք է ստեղծենք այն աշխարհը, որն ուզում ենք տեսնել: Կրթության որակը բարձրացնելու, այն ավելի մրցունակ դարձնելու հարցի շուրջ մենք ոչ թե պետք է ելնենք հակառակ դիրքերից, այլ պետք է հանդես գանք միասնաբար՝ մեր համագործակցությունը դնելով ավելի քաղաքակիրթ հիմքերի վրա, որովհետև միայն համատեղ ուժերով է հնարավոր հասնել այս խնդիրների լուծմանը: Ներկայացրեք առաջարկներ բոլոր հարցերի շուրջ, քննարկենք, չէ՞ որ այն, ինչ մենք անում ենք, առաջինը անում ենք հենց Ձեզ համար, դուք եք պատվիրատուն», - նշեց Կորյուն Աթոյանը և հորդորեց արդյունավետորեն օգտագործել ուսումնառության տարիները:

Հ. Գ. Նշենք, որ ուսանողների հետ հանդիպման այս հարթակն ավանդական է դառնում. ինչպես հայտնի է, նախորդ տարի ևս կազմակերպվել էր ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի մեծամասշտաբ հանդիպումը ուսանողության հետ:

Հ. Գ. Ուսանողների հետ հանդիպման ավարտին հնչած հարցերը գրավոր ներկայացվել են ռեկտոր Կորյուն Աթոյանին, դրանց տրվել են նաև գրավոր պատասխաններ։ Հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ: