Վաղը կկայանա ուսումնամեթոդական խորհրդի նիստը. օրակարգում կարևորագույն հարցեր են

06.02.2012
Количество просмотров: 427

Փետրվարի 7-ին, ժամը 14.30-ին տեղի կունենա ՀՊՏՀ ուսումնամեթոդական խորհրդի նիստը, որի օրակարգում ուսումնական գործընթացին առնչվող կարևորագույն հարցեր են: Նիստում կքննարկվեն ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի որոշման 5-րդ հավելվածի (ուսումնական հաստատությունների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները) պահանջներին համապատասխան դասախոսների անհատական բեռնվածության նորմատիվների, 1 կրեդիտի արժեքի վերանայման, ուսումնական կիսամյակը 17+3 շաբաթով կազմակերպելու և 2012-2013 ուսումնական տարվա առաջին կիսամյակից ուսումնական պլաններում փոփոխություններ կատարելու մասին հարցերը: Կճշտվեն նաև յուրաքանչյուր կուրսում ավարտական աշխատանք գրողների տեսակարար կշիռը, մագիստրոսական աշխատանքների ղեկավարման համար տրվող ժամերը, ավարտական աշխատանքների և  մագիստրոսական ատենախոսությունների գրախոսման համար հատկացվող ժամերն ու գրավոր աշխատանքների ստուգման նորմատիվները: Նիստը կկարևորի նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են ստուգարքով ավարտվող դասընթացներից (հատկապես 2 ժամով դասավանդվող) միջանկյալ ստուգումների անցկացման նպատակահարմարությունը, բակալավրիատում հանձնարարվող անհատական աշխատանքների առավելագույն քանակը, մագիստրոսների գիտահետազոտական փորձառության ղեկավարման համար հատկացվող ժամերը և  կրկնակի պետական քննություն կամ ավարտական աշխատանք (մագիստրոսական ատենախոսություն) պաշտպանողներից վարձի մեծության սահմանումն ու դրա գանձումը: