Վարչապետն ուրբաթ հանդիպել է ՔԴԵԴ ունկնդիրներին. մասնակցել են նաև ՀՊՏՀ դասախոսները

30.01.2012
Количество просмотров: 511

Կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունվարի 29-ին Ծաղկաձորում հանդիպել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրներին: Կառավարության ղեկավարը հանդես է եկել «Տնտեսական քաղաքականությունը հետճգնաժամային ժամանակաշրջանում. մարտահրավերները և հնարավորությունները» թեմայով դասախոսությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Հայաստանում ԱՄՆ-ի և Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպաններ՝ Ջոն Հեֆֆերնը և Պետրի Օլավի Սալոն: 
Ողջունելով ներկաներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ դասախոսության նպատակն է փորձել հասկանալ, թե Ճգնաժամն ինչ արմատներ ունի, ինչպես է դրսևորվում և որն է դրանից ելքը: «Մենք այսօր ապրում ենք մի ժամանակահատվածում, որն ունի բազմաթիվ ներքին հակասություններ, որի արդյունքում էլ առկա է ճգնաժամը: Դասախոսությամբ ցանկանում եմ անդրադառնալ այն ճեղքվածքներին, որոնք հանդիսանում են ճգնաժամի հիմնական պատճառները և որոնք բնութագրում են ժամանակակից աշխարհի խնդիրները», - ասել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ այդ ճեղքվածքները չորս են՝ հասարակությունների միջև աճող անհավասարությունը, ժողովրդավարության և կապիտալիզմի բախումը, ինչպես նաև ֆինանսական ու առևտրային անհաշվեկշռվածությունները: 
Վարչապետը մանրամասն անդրադարձել է դրանցից յուրաքանչյուրին, ինչպես նաև Հայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականությանը, կրթության, արդարադատության, ոստիկանության, մեր երկրի կառավարման համակարգում ու այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: 
Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրները շնորհակալություն են հայտնել Տիգրան Սարգսյանին՝ իր ծննդյան օրը հետաքրքիր դասախոսությամբ հանդես գալու և իրենց բարձրացրած հարցերին պատասխանելու համար:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՊՏՀ դասախոսներ՝ կառավարման ֆակուլտետի դեկան Էդգար Ղազարյանը, նույն ֆակուլտետի դասախոս Ռուբեն Հայրապետյանը, հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման ամբիոնի դասախոսներ Հասմիկ Համբարձումյանը և Մխիթար Միքայելյանը։ Վերջինը ՔԴԵԴ ներկա դասարանի ունկնդիր է, իսկ առաջին երեքը ՔԴԵԴ նախորդ տարիների շրջանավարտներ։