Հաշվետու տարում համալսարանը զգալի հաջողություններ է գրանցել. Հովիկ Աբրահամյան

Количество просмотров: 669

Հունվարի 31-ին ՀՊՏՀ նիստերի սրահում տեղի ունեցավ խորհրդի նիստ, որին մասնակցում էին համալսարանի  խորհրդի  նախագահ Հովիկ Աբրահամյանը, խորհրդի անդամներ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ազգային վիճակագրության ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, «Համահայկական բանկ» ԲԲԸ-ի տնօրեն Վահրամ Ներսիսյանցը, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ- տնօրեն Արա Կիրակոսյանը: Ընդհանուր առմամբ խորհրդի 32 անդամից նիստին մասնակցում էին 25-ը, այդ թվում` պրոֆեսորադասախոսկան անձնակազմի և ուսանողնության ներկայացուցիչներ:

ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց օրակարգային հարցը, որը վերաբերում էր ՀՊՏՀ 2011 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներին և 2012 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներին: Զեկուցման համար ձայնը տրամադրվեց    ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանին: Անդրադառնալով բուհի գործունեության բոլոր բնագավառներին՝ ռեկտորը կատարեց համալսարանի ձեռքբերումների և ինչպես նաև թերությունների օբյեկտիվ վերլուծություն, ներկայացրեց հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրները: Զեկուցողը նշեց, որ բուհի ղեկավարությունը  հետևողական է բարեփոխումների իրականացման գործում և հետագա մարտավարությունը պետք է նպատակամղվի բուհի կրթական որակի բարձրացմանը նպաստող ստեղծարար ու նորամուծական միջավայրի  ստեղծմանը: Կորյուն Աթոյանը ներկայացրեց նաև 2011թ բյուջեի կատարման արդյունքները, ինչպես նաև ընթացիկ տարվա բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները:

Նիստի ընթացքում ելույթներով, առաջարկություններով ու հարցադրումներով հանդես եկան տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Լուկաշ Բադանյանը,  «Բնօգտագործման տնտեսագիտության» ամբիոնի դոցենտ Ավետիս Բերբերյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն, անդրադառնալով անցած ուսումնական տարվա ընդունելությանը, նշեց, որ ՀՊՏՀ-ն և ՀՊՃՀ-ն գրանցել են դիմորդների թվի  առավել ցածր ցուցանիշ, և պետք է այս ուղղությամբ աշխուժացնել տարվող աշխատանքները: Նախարարը այս հարցում կարևորեց ավագ դպրոցների հետ տարվող աշխատանքը, որպեսզի դեռ դպրոցից  աշակերտները կողմնորոշվեն դեպի բուհն ու մասնագիտությունը։

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հանրապետության առաջատար գիտակրթական օջախներից է, ունի մեծ հեղինակություն ու բարձր վարկանիշ: Գործելով ռեսուրսների խնայողության ռեժիմի պայմաններում` հաշվետու տարում համալսարանը զգալի հաջողություններ է գրանցել կրթության որակի բարձրացման, հաղորդվող գիտելիքը ժամանակի պահանջներին համահունչ դարձնելու գործում»,-իր խոսքում ասաց խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, միաժամանակ նշելով, որ այսօր բուհի առջև ծառացած կարևորագույն խնդիրը որակյալ գիտամանկավարժական կադրերի պատրաստումն ու սերնդափոխությունն է:  «Ավագները պետք է կարողանան իրենց հարուստ փորձն ու գիտելիքները հաղորդել երիտասարդներին, վերջիններս էլ` դիմակայելով ժամանակի մարտահրավերներին` սովորեն, ձեռք բերեն նոր ու արդի գիտելիքներ»,-ասաց խորհրդի նախագահը՝ ավելացնելով, որ այսօր տնտեսագիտական համալսարանի ձեռքբերումներն այսօր նշանակալի են:

Այնուհետև Հովիկ Աբրահամյանը հրապարակեց խորհրդի նիստի որոշումը` հավանություն տալ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2011թ. ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու ֆինանսական  գործունեությանը,  բյուջեի կատարման արդյունքները գնահատել բավարար և հաստատել ՀՊՏՀ 2012 թվականի բյուջեն։ Որոշումը դրվեց քվեարկության, որը խորհուրդն ընդունեց միաձայն: