Այս քննաշրջանն արձանագրել է նախորդից մի փոքր բարձր առաջադիմություն. Ռեկտորատի հերթական նիստից

30.01.2012
Количество просмотров: 497

Այսօր կայացած ռեկտորատի նիստի ժամանակ ֆակուլտետների դեկանները հաղորդումներ ներկայացրեցին 2011–2012 ուստարվա 1–ին կիսամյակի ամփոփիչ քննաշրջանի արդյունքների մասին։ Ըստ դեկանների հաղորդման՝ պատկերը հետևյալն է.

Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում 398 ուսանող–առարկա մնացել է լուծարքի, որից 367–ը առկա ուսուցման կրթահամակարգից։ Եղել են մոտ տասը հարգելի բացականեր։

Հաշվապահապան հաշվառման և աուդիտի ֆակուլտետում լուծարքի է մնացել 138 ուսանող, որից առկա բակալավրիատում՝ 92, հեռակա բակալավրիատի 1–ին, 2–րդ կուրսերում՝ 29, առկա մագիստրատուրայում՝ 17ուսանողներ։ Մեկից ավելի լուծարք ունեն 76 ուսանողներ։

Մարկետինգի ֆակուլտետում լուծարքի է մնացել 372 ուսանող։ ֆինանսական ֆակուլտետի 1–4–րդ կուրսերի առկա ուսուցման համակարգում 261 ուսանող մնացել է լուծարքի, որոնք, ընդհանուր առմամբ,  պետք է հանձնեն 675 լուծարք, իսկ հեռակա 1–2–րդ կուրսերում 213 ուսանողներից լուծարքի է մնացել 142–ը։

Կառավարման ֆակուլտետում 265 ուսանող մնացել է լուծարքի, այդ թվում՝ մեկ առարկայից 71 ուսանող, 2 առարկայից՝  53 ուսանող, 3 և ավելի առարկաներից՝ 120 ուսանող

Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում  ամփոփիչ քննաշրջանին մասնակցած առկա բակալավրիատի 823 ուսանողներից 40 միավորանոց շեմը չի հաղթահարել 223 ուսանող։ Հեռակա բակալավրիատի 1–ին և երկրորդ կուրսերի 103 ուսանողներից 40 միավորանոց շեմը չեն հաղթահարել 60 ուսանողներ, իսկ մագիստրատուրայի (առկա, հեռակա) ուսանողներից քննություններից 40 միավորանոց շեմը չի հաղթահարել 38 ուսանող: Դեկաններից հետո քննաշրջանի արդյունքներին անդրադարձան նաև ՀՊՏՀ Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերի  տնօրենները՝ նշելով, որ քննաշրջանն ընթացել է սահմանված գրաֆիկին համապատասխան։

Ռեկտոր Կորյուն Աթոյանը հանձնարարեց մեկ–երկու օրվա ընթացքում  նախորդ տարիների առաջին կիսամյակի քննաշրջանների տվյալների հետ համեմատություն անցկացնել՝ այս կիսամյակի արդյունքները գնահատելու համար։ Պրոռեկտոր Պարույր Քալանթարյանն ի պատասխան հայտարարեց, որ նախորդ տարիների համեմատությամբ այս կիսամյակի քննաշրջանն արձանագրել է մի փոքր ավելի բարձր առաջադիմություն։

Ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանն իր հերթին զեկուցեց, որ առաջին լուծարքները կազմակերպելու նախապատրաստական աշխատանքները նորմալ ընթացքի մեջ են։ Կարախանյանի տեղեկացմամբ՝ վաղը կմեկնարկեն լուծարքների հանձնումները և կտևեն մինչև փետրվարի 8–ը ներառյալ։

Նիստի ժամանակ դեկանները նաև հաղորդումներ ներկայացրին 2011–2012 ուստարվա բակալավրիատի հեռակա ուսուցման համակարգի 5–րդ կուրսի քննաշրջանի ընթացքի մասին՝ նշելով, որ քննաշրջանն ընթանում է սահմանված գրաֆիկի համաձայն։ Կարիերայի և մարքեթինգի կենտրոնի գլխավոր մասնագետ Մերի Դալլաքյանն անդրադարձավ մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման համակարգի 2–րդ կուրսի գիտահետազոտական փորձառության կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքին։ Նրա խոսքով՝ ուսանողների գիտահետազոտական փորձառությունը կմեկնարկի փետրվարի 9–ից և կտևի մինչև փետրվարի 19–ը։