Այս քննաշրջանն արձանագրել է նախորդից մի փոքր բարձր առաջադիմություն. Ռեկտորատի հերթական նիստից
Այսօր կայացած ռեկտորատի նիստի ժամանակ ֆակուլտետների դեկանները հաղորդումներ ներկայացրեցին 2011–2012 ուստարվա 1–ին կիսամյակի ամփոփիչ քննաշրջանի արդյունքների մասին։ Ըստ դեկանների հաղորդման՝ պատկերը հետևյալն է.
Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում 398 ուսանող–առարկա մնացել է լուծարքի, որից 367–ը առկա ուսուցման կրթահամակարգից։ Եղել են մոտ տասը հարգելի բացականեր։
Հաշվապահապան հաշվառման և աուդիտի ֆակուլտետում լուծարքի է մնացել 138 ուսանող, որից առկա բակալավրիատում՝ 92, հեռակա բակալավրիատի 1–ին, 2–րդ կուրսերում՝ 29, առկա մագիստրատուրայում՝ 17ուսանողներ։ Մեկից ավելի լուծարք ունեն 76 ուսանողներ։
Մարկետինգի ֆակուլտետում լուծարքի է մնացել 372 ուսանող։ ֆինանսական ֆակուլտետի 1–4–րդ կուրսերի առկա ուսուցման համակարգում 261 ուսանող մնացել է լուծարքի, որոնք, ընդհանուր առմամբ, պետք է հանձնեն 675 լուծարք, իսկ հեռակա 1–2–րդ կուրսերում 213 ուսանողներից լուծարքի է մնացել 142–ը։
Կառավարման ֆակուլտետում 265 ուսանող մնացել է լուծարքի, այդ թվում՝ մեկ առարկայից 71 ուսանող, 2 առարկայից՝ 53 ուսանող, 3 և ավելի առարկաներից՝ 120 ուսանող
Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում ամփոփիչ քննաշրջանին մասնակցած առկա բակալավրիատի 823 ուսանողներից 40 միավորանոց շեմը չի հաղթահարել 223 ուսանող։ Հեռակա բակալավրիատի 1–ին և երկրորդ կուրսերի 103 ուսանողներից 40 միավորանոց շեմը չեն հաղթահարել 60 ուսանողներ, իսկ մագիստրատուրայի (առկա, հեռակա) ուսանողներից քննություններից 40 միավորանոց շեմը չի հաղթահարել 38 ուսանող: Դեկաններից հետո քննաշրջանի արդյունքներին անդրադարձան նաև ՀՊՏՀ Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերի տնօրենները՝ նշելով, որ քննաշրջանն ընթացել է սահմանված գրաֆիկին համապատասխան։
Ռեկտոր Կորյուն Աթոյանը հանձնարարեց մեկ–երկու օրվա ընթացքում նախորդ տարիների առաջին կիսամյակի քննաշրջանների տվյալների հետ համեմատություն անցկացնել՝ այս կիսամյակի արդյունքները գնահատելու համար։ Պրոռեկտոր Պարույր Քալանթարյանն ի պատասխան հայտարարեց, որ նախորդ տարիների համեմատությամբ այս կիսամյակի քննաշրջանն արձանագրել է մի փոքր ավելի բարձր առաջադիմություն։
Ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանն իր հերթին զեկուցեց, որ առաջին լուծարքները կազմակերպելու նախապատրաստական աշխատանքները նորմալ ընթացքի մեջ են։ Կարախանյանի տեղեկացմամբ՝ վաղը կմեկնարկեն լուծարքների հանձնումները և կտևեն մինչև փետրվարի 8–ը ներառյալ։
Նիստի ժամանակ դեկանները նաև հաղորդումներ ներկայացրին 2011–2012 ուստարվա բակալավրիատի հեռակա ուսուցման համակարգի 5–րդ կուրսի քննաշրջանի ընթացքի մասին՝ նշելով, որ քննաշրջանն ընթանում է սահմանված գրաֆիկի համաձայն։ Կարիերայի և մարքեթինգի կենտրոնի գլխավոր մասնագետ Մերի Դալլաքյանն անդրադարձավ մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման համակարգի 2–րդ կուրսի գիտահետազոտական փորձառության կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքին։ Նրա խոսքով՝ ուսանողների գիտահետազոտական փորձառությունը կմեկնարկի փետրվարի 9–ից և կտևի մինչև փետրվարի 19–ը։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին