ՀՊՏՀ–ում սովորող պորտուգալացի Սառա Բաչմանը հաջողությամբ պաշտպանեց իր անհատական աշխատանքը
Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում այսօր ներկա գտնվեցինք մի ուշագրավ դասի: Կառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտության 4-րդ կուրսեցիների լսարանի առջև «Զբոսաշրջային կառավարման համակարգեր» դասընթացի շրջանակներում անհատական աշխատանքի ցուցադրական պաշտպանությամբ հանդես եկավ Եվրամիության «Էրասմուս Մունդուս» փոխանակման ծրագրով ՀՊՏՀ-ի բակալավրիատում ուսումնառող, Պորտուգալիայի Վիանա դո Կաշտելոյի պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողուհի Սառա Բաչմանը: Նախաձեռնությունը ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Վարդան Սարգսյանին էր:
Ամբիոնի վարիչի տեղեկացմամբ` Սառայի և նրա երկու ընկերուհիների` Անիտա Ֆերեյրայի և Սյուզաննա Ֆերնանդեսի հետ (վերջիններս արդեն հասցրել են պաշտպանել իրենց անհատական աշխատանքները բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր լսարաններում), անձամբ է կատարել ծավալուն անհատական աշխատանք զբոսաշրջային ցանցային համակարգերի վերաբերյալ:
Սառա Բաչմանի անհատական աշխատանքը նվիրված էր Expedia և Edrems զբոսաշրջային ցանցային համակարգերի համեմատական բնութագրին: Ուսանողուհին այն ներկայացրեց անգլերենով, առանց թարգմանության: Վարդան Սարգսյանի հավաստիացմամբ` մեր ուսանողները նույնքան տիրապետում են անգլերենին, որքան պորտուգալուհիները, որոնց մայրենի լեզուն պորտուգալերենն է: Պորտուգալացի ուսանողուհին պատասխանեց նաև հնչած հարցերին, խորհուրդ տվեց իր հասակակիցներին Եվրոպայում գտնվելու դեպքում ավիատոմսեր պատվիրել առավել էժան համարվող Edrems համակարգով, իսկ ելույթի ավարտին շնորհավորեց բոլորին Ծննդյան տոների առթիվ:
Վարդան Սարգսյանն էլ հավելեց, որ Սառայի կատարած աշխատանքը գնահատելու է բարձր: Նա նաև նշեց` նմանատիպ դասերի միջոցով ցանկանում է առավել սերտացնել կապերը օտարերկրացի ու հայ ուսանողների միջև, որը երկուստեք կարևոր է:
Զրուցելով Սառա Բաչմանի, Անիտա Ֆերեյրայի և Սյուզաննա Ֆերնանդեսի հետ` պարզեցինք, որ նրանք շատ են հավանում մեր երկիրն ու մեր ժողովրդին, իսկ մասնագիտական կայացումից հետո փորձելու են այստեղ իրենց զբոսաշրջային բիզնեսը հիմնադրել: Դասին ներկա էր ֆակուլտետի դեկան Գրիգոր Արքելաթյանը: