Շուտով կկայանա ՀՊՏՀ պաշտոնական կայքի շնորհանդեսը

Количество просмотров: 575

Դեկտեմբերի 27-ին ՀՊՏՀ մեծ հանդիսասրահում տեղի կունենա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պաշտոնական կայքի շատ սպասված շնորհանդեսը:

 ՀՊՏՀ նոր կայքը կներկայանա բոլորովին նոր դիզայնով, տեխնիկական և ծրագրային հետաքրքիր լուծումներով, նոր էջերով և ուշագրավ խորագրերով: Այսուհետ մեր կայքում Դուք կարող եք գտնել բուհին վերաբերող բազմաթիվ տեղեկություններ, ծանոթանալ բուհի անցուդարձին, համալսարանական կյանքին ու իրադարձություններին: ՀՊՏՀ կայքում կան հետևյալ խորագրերը` «ՀՊՏՀ-ի մասին», «Ընդունելություն»,  «Ֆակուլտետներ», «Մեդիա», «Կյանքը ՀՊՏՀ-ում», «Հետադարձ կապ»:

 «ՀՊՏՀ-ի մասին» խորագրի ներքո ներկայացված են համալսարանական իրադարձությունների հետ կապված ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի ելույթները, բուհի կառուցվածքը, ղեկավար կազմը,  համալսարանի կանոնադրությունը, պատմությունը, խորհրդանշանը, խորհուրդներն ու շրջանավարտները:

 ՀՊՏՀ ընդունվելու կարգերի, այս գործընթացի, ինչպես նաև ուսման վարձերի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները Դուք կարող եք գտնել կայքի «Ընդունելություն» բաժնում: ՀՊՏՀ 6 ֆակուլտետների և 32 ամբիոնների մասին տեղեկությունները զետեղված են «Ֆակուլտետներ»  բաժնում: Այստեղ ուշագրավ մի տեղեկություն ևս կա. սիրելի ուսանողներ այսուհետ Դուք ձեր դասացուցակներին կարող եք ծանոթանալ նաև հենց բուհի կայքի միջոցով:

 Կայքի  «Մեդիա» բաժնում ներկայացված են նորություններ համալսարանական կյանքից, ինչպես նաև բուհի մասին լրատվամիջոցների հրապարակումները, լուսանկարներ, տեսանյութեր, ինչպես նաև համալսարանի «Տնտեսագետ» ամսագրի և «Բանբեր»  գիտական հանդեսի էլեկտրոնային տարբերակները: Ի դեպ, նորությունները թարմացվում են ամենօրյա ռեժիմով:

 Մեր համալսարանի ուսանողական խորհրդի, նրա գործունեության մասին տեղեկությունները զետեղված են «Կյանքը ՀՊՏՀ-ում» բաժնում, որտեղ ներկայացված են նաև «Սպորտ», «Մշակույթ», «Հանգիստ», «ՀՊՏՀ-ի ոճը»  ենթաբաժինները: «Հետադարձ կապ» խորագրում կարելի է գտնել մեր բուհի հեռախոսահամարներն ու էլեկտրոնային հասցեն:

 Կայքի գլխավոր էջում ներկայացված են նաև բուհի հարուստ գրադարանը, որը թվայնացվել է, քննությունների արդյունքները, «Բիզնես» էջը, ինչպես նաև հայտարարությունների բաժինը:  

 Նշենք նաև, որ նախատեսված է կայքը դարձնել եռալեզու: Այս պահին մեծ թափով աշխատանքներ են իրականացվում կայքի ռուսերեն և անգլերեն տարբերակների պատրաստման ուղղությամբ: Շուտով դրանք ևս կներկայացվեն: