ՀՊՏՀ արհկոմիտեն նոր նախագահ ունի. 4-րդ համաժողովը ընտրեց արհկոմիտեի և վերստուգիչ հանձնաժողովի նոր կազմ
Փետրվարի 1-ին ՀՊՏՀ հանդիսասրահում տեղի ունեցավ ՀՊՏՀ արհեստակցական կազմակերպության 4-րդ համաժողովը, որին մասնակցում էր ՀՀ բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը: Համաժողովը նախագահելու համար պատվիրակներն ընտրեցին ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանին, իսկ քարտուղար ընտրվեց գրադարանի տնօրեն Վեներա Ավալյանը:
Համաժողովի նախագահը հրապարակեց օրակարգում ընդգրկված հարցերը, որոնք ներառում էին ՀՊՏՀ արհեստակցական կազմակերպության կոմիտեի հաշվետվությունը 2008-2011 թվականների ընթացքում կատարված աշխատանքների մասին, վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, արհեստակցական կազմակերպության նոր կազմի, վերստուգիչ հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջադրումը և ընտրությունը:
ՀՊՏՀ արհեստակցական կազմակերպության կոմիտեի նախագահ Շիրակ Սահակյանը, ներկայացնելով 2008-2011 թվականների ընթացքում կատարած աշխատանքը նշեց, որ կազմակերպությունը հաշվետու ժամանակահատվածում բուհի գրանցած առաջընթացի, իրականացվող բարեփոխումների մեջ իր անմիջական մասնակցությունն է ունեցել: Արհկոմիտեն և ֆակուլտետային արհբյուրոները մշտական օգնություն են ցույց տվել ռեկտորատին և դեկանատներին` ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու և աշխատանքային կարգապահությունը բարձրացնելու ուղղությամբ: Արհկոմիտեի նախագահի խոսքերով` որոշակի աշխատանքներ են կատարվել նաև ՀՊՏՀ աշխատողների սոցիալական վիճակի ապահովման, կենցաղի բարելավման, աշխատանքային իրավունքների պաշտպանության բնագավառում: Շիրակ Սահակյանն, անդրադառնալով իրենց գործում տեղ գտած թերություններին, մասնավորապես` կատարողական կարգապահության ապահովմանը, դասաձախողումներն, ուսանողական առօրյայի կազմակերպմանը, վերջիններիս սոցիալական վիճակի ուսումնասիրմանն ու օգնություն հատկացնելուն, նշեց, որ առաջիկայում դրանք պետք է շտկվեն:
Վերստուգիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին հաշվետովությամբ հանդես եկավ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Էդուարդ Պարսեղյանը: Ելույթներով ու առաջարկություններով հանդես եկան ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը, ֆինանսական ֆակուլտետի դեկան Սերգեյ Սուքիասյանը, գրադարանի տնօրեն Վեներա Ավալյանը: Վերջիններս շնորհակալություն հայտնեցին Շիրակ Սահակյանին` կատարած բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար:
Համաժողովի պատվիրակները հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքը համարեցին բավարար և հաստատեց վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը:
Համաժողովի նախագահ Միհրդատ Հարությունյանը հրապարակեց արհեստակցական կազմակերպության նոր կազմի և վերստուգիչ հանձնաժողովի անդամների թեկնածունների անունները և առաջարկեց քվերակել: Պատվիրակները միաձայն որոշմամբ ընտրեցին նոր կազմ և վերստուգիչ հանձնաժողով:
Ավարտին ելույթ ունեցավ և համաժողովի կառուցողական աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց ՀՀ բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը:
Համաժողովի ավարտից հետո առաջին նիստը գումարեց արհկոմիտեի նոր կազմը, որտեղ արհկոմիտեի նախագահ ընտրվեց Գրիգոր Տերտերյանը, նախագահի տեղակալ` Լուսինե Կարագուլյանը: