ՀՊՏՀ արհկոմիտեն նոր նախագահ ունի. 4-րդ համաժողովը ընտրեց արհկոմիտեի և վերստուգիչ հանձնաժողովի նոր կազմ

Դիտումների քանակ՝ 825

Փետրվարի 1-ին ՀՊՏՀ հանդիսասրահում տեղի ունեցավ ՀՊՏՀ արհեստակցական կազմակերպության 4-րդ համաժողովը, որին մասնակցում էր  ՀՀ բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը: Համաժողովը նախագահելու համար պատվիրակներն ընտրեցին ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանին, իսկ քարտուղար ընտրվեց  գրադարանի տնօրեն Վեներա Ավալյանը:

Համաժողովի նախագահը հրապարակեց օրակարգում ընդգրկված հարցերը, որոնք ներառում էին ՀՊՏՀ արհեստակցական կազմակերպության կոմիտեի հաշվետվությունը 2008-2011 թվականների ընթացքում կատարված աշխատանքների մասին, վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, արհեստակցական կազմակերպության նոր կազմի, վերստուգիչ հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջադրումը և ընտրությունը:

ՀՊՏՀ արհեստակցական կազմակերպության կոմիտեի նախագահ Շիրակ Սահակյանը, ներկայացնելով 2008-2011 թվականների ընթացքում կատարած աշխատանքը նշեց, որ կազմակերպությունը հաշվետու ժամանակահատվածում  բուհի գրանցած  առաջընթացի, իրականացվող բարեփոխումների մեջ իր անմիջական մասնակցությունն է ունեցել: Արհկոմիտեն և ֆակուլտետային արհբյուրոները մշտական օգնություն են ցույց տվել  ռեկտորատին և դեկանատներին` ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու և աշխատանքային կարգապահությունը բարձրացնելու ուղղությամբ: Արհկոմիտեի նախագահի խոսքերով` որոշակի աշխատանքներ են կատարվել նաև  ՀՊՏՀ աշխատողների սոցիալական վիճակի ապահովման, կենցաղի բարելավման,  աշխատանքային իրավունքների պաշտպանության բնագավառում: Շիրակ Սահակյանն, անդրադառնալով իրենց գործում տեղ գտած թերություններին, մասնավորապես` կատարողական կարգապահության ապահովմանը, դասաձախողումներն, ուսանողական առօրյայի կազմակերպմանը, վերջիններիս սոցիալական վիճակի ուսումնասիրմանն ու օգնություն հատկացնելուն,  նշեց, որ առաջիկայում դրանք պետք է շտկվեն:

Վերստուգիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին հաշվետովությամբ հանդես եկավ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Էդուարդ Պարսեղյանը: Ելույթներով ու առաջարկություններով հանդես եկան ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը, ֆինանսական ֆակուլտետի դեկան Սերգեյ Սուքիասյանը, գրադարանի տնօրեն Վեներա Ավալյանը: Վերջիններս շնորհակալություն հայտնեցին Շիրակ Սահակյանին` կատարած բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար:

Համաժողովի պատվիրակները  հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքը համարեցին բավարար և հաստատեց վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը:

Համաժողովի նախագահ Միհրդատ Հարությունյանը հրապարակեց  արհեստակցական կազմակերպության նոր կազմի և վերստուգիչ հանձնաժողովի անդամների թեկնածունների անունները և առաջարկեց քվերակել: Պատվիրակները միաձայն որոշմամբ ընտրեցին  նոր կազմ և վերստուգիչ հանձնաժողով:

Ավարտին ելույթ ունեցավ և համաժողովի կառուցողական աշխատանքի համար  շնորհակալություն հայտնեց  ՀՀ բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը:

Համաժողովի ավարտից հետո առաջին նիստը գումարեց  արհկոմիտեի նոր կազմը, որտեղ արհկոմիտեի նախագահ ընտրվեց Գրիգոր Տերտերյանը, նախագահի տեղակալ` Լուսինե Կարագուլյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին