Analysis of Agricultural Raw Material Supply System (Armenian version)

Սամվել Ավետիսյան
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
«Տնտեսագիտական հետազոտություններ» ծրագրի ավագ հետազոտող
ծրագրի համակարգող

ՀՀ գյուղատնտեսության ամենաբարդ հիմնախնդիրներից մեկը արտադրանքի իրացման արդյունավետ կազմակերպումն է: Այս հիմնախնդիրն առկա է գրեթե բոլոր երկրներում, բայց, ի տարբերություն Հայաստանի, հատկապես զարգացած երկրներում ձևավորվել է ագրարային շուկայի կայացած համակարգ և կիրառվում են կարգավորման կառուցակարգեր: Հայաստանի ներքին շուկան փոքր է, իսկ արտաքին շուկայում հայաստանյան բուսաբուծական և անասնա­բու­ծական ծագման մթերքները գերազանցապես իրացվում են ՌԴ-ում: Ինչպես հայտնի է, վերջին տարիներին հատկապես ռուսական ռուբլու փոխարժեքի իջնելը և շուկայի անկայունությունն իր բացասական ազդեցությունն ունեցավ ՀՀ-ից արտահանվող ալկահոլային խմիչքների ծավալի և դրանց իրացման գնի վրա: Վերջինս բնականաբար դժվարացնում է ՀՀ ագրովերամշակող կազմակերպությունների ֆինանսական վիճակը, որի պատճառով սահմանափակվում է գյու­ղա­տնտեսական հումքի մթերման հնարավորությունները: Այսպես, ՀՀ գյուղատնտեսության նախա­րա­րության տվյալներով 2016թ. մթերվել է 110 հազ. տոննա խաղող, որը շուրջ 50%-ով պակաս է 2015թ-ի ծավալից (216.8 հազ. տոննա): Այդ տարիներին 1կգ խաղողի մթերման միջին գինը համա­պատասխանաբար կազմել է՝ 129.7 և 145.1 դրամ:

Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ 2007-2016թթ. տվյալներով մթերումների ծավալը և մթերման գինը որևէ օրինաչափության չեն ենթարկվում: Մասնավորապես, մթերման գինը կարծես կապ չունի շուկայական առաջարկի և պահանջարկի հետ: Այնպես որ, թե´ վերա­մշակողները և թե´ խաղողագործները գտնվում են անորոշության դաշտում:

Ինչպես երևում է բերված տվյալներից՝ 2016թ.-ին խաղող վերամշակող կազմա­կեր­պութ­յունների հնարավորությունը բավականին սահմանափակ է եղել, որի վկայությունը մթերման աննախադեպ փոքր ծավալներն ու ցածր գինն է: Այս հիմնախնդիրը կարգավորելու համար նախորդ տարիներին ՀՀ կառավարությունը բավարարվում էր մթերող կազմակերպությունների նկատմամբ սոսկ վարչական ճնշումներ գործադրելով, որը շուկայական տնտեսության պայ­ման­ներում իրեն չի արդարացնում: Ձևավորվել էր այնպիսի գործելաոճ, որ մթերող կազմա­կեր­պությունների կողմից մթերումների ծավալները ավելացնելու և գինը կայունացնելու խնդիրը կարգավորվում էր մինչև անգամ ՀՀ Նախագահի և վարչապետի միջամտությամբ: Ահավասիկ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2015թ. հաշվետվության մեջ արձանագրվել է. «2015 թվականին խաղողի մթերումների գործընթացն ունեցել է իր առանձնահատկու­թյունները։ Մինչև մթերման գործընթացն սկսելը կատարվել է մթերվող խաղողի կանխա­տեսվող ծավալների մոնիթորինգ, ըստ որի՝ 2015 թվականի շուրջ 210 հազ. տոննա խաղողի մթերման առաջարկի դիմաց մթերման պահանջարկը կազմել է 160.0 հազ. տոննա (ընդգծումը Ս. Ա.-ի)։ Ստեղծված իրավիճակում, խաղողի մթերման կազմակերպման համար անհրաժեշտություն առաջացավ լուծելու շուրջ 50.0 հազ. տոննա խաղողի լրացուցիչ քանակության մթերման խնդիրը։ Իրա­կա­նացված նախապատրաստական և հետագա ամենօրյա աշխատանքի, ինչպես նաև ՀՀ Նախա­գահի և ՀՀ Վարչապետի անմիջական աջակցության արդյունքում՝ 2015 թվա­կանին մթերվել է 216.8 հազ. տոննա խաղող, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցա­նիշը 32.7 հազ. տոննայով։ Խաղողի մթերումների հետ կապված՝ առանձնակի պետք է կարևորել վերամշակող ընկերությունների սեփականատերերի՝ անկախ իրենց մոտ առկա դժվարություններին, ընդառաջ գնալու հանգամանքը» [1]։ Պատահական չէ, որ երկու տարի անց դեռևս գյուղացիներն ընդվզում են, քանի որ վերամշակող կազմակերպություններն ամբողջությամբ չեն վճարել խաղողագործների պարտքը: Հանուն ճշմարտության պետք է նշել, որ հակառակ դեպքում, եթե այգում մնար մոտ 60 հազ. տոննա խաղողը, ապա սոցիալական լարվածությունն ավելի մեծ կլիներ:

Հաշվի առնելով այս դասը և կարևորելով մթերումների կարգավորման տնտեսական լծակների կիրառումը՝ ՀՀ կառավարությունը 2017թ. օգոստոսի 3-ի թիվ 33 արձանագրային որոշմամբ հավանություն տվեց «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպա­տակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրին»: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վարկային շուկայում ձևավորված տոկոսադրույքը և այլ պայմանները չեն համապատասխանում գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության առանձնահատկություններին, որոշվեց գյուղատնտեսական հումքի մթերումների կազմակերպման համար նպատակային վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման միջոցով բարձրացնել վարկավորման մատչելիությունը: Նախատեսվում է ագրովերամշակման ոլորտի տնտեսավարողներին տրա­մա­դրվել մինչև 150.0 մլն դրամ առավելագույն չափով, 1 տարի մարման ժամկետով և տարեկան մինչև 12 % տոկոսադրույքով վարկեր, որոնց մինչև 9 տոկոսային կետը կսուբսիդավորվի: Այսինքն, տնտեսավարողներին վարկերը տրամադրվեն 3 % տոկոսադրույքով, իսկ գյուղա­ցի­ական տնտեսությունները բերքը հանձնելուն զուգընթաց սպասարկող բանկից կստանան վաճառված ապրանքի արժեքը: 2017թ. սեպտեմբերի 29-ի դրությամբ նշված ծրագրից օգտվելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարություն է ներկայացվել 19 նախնական հայտ՝ 1864.0 մլն դրամի չափով: Նշենք, որ հիմնական մթերող կազմակերպությունների թիվը չորս տասնյակից ավելի է:

Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության օպերատիվ տվյալների՝ 2017թ. մթերումը հիմնականում կազմակերպված է ընթանում, խաղողի որակը բարձր է և նվազագույն գինը 120 դրամ է: Իհարկե, սուբսիդավորվող վարկերի դերակատարությունը անժխտելի է, սակայն մի շարք մթերող կազմակերպությունների կարծիքով այն առավել արդյունավետ կլիներ, եթե տրամադրվեր առնվազն 2-3 տարի ժամկետով: Այս կարծիքը հիմնավորված է, քանի որ մթերված խաղողից ստացված արտադրանքը գերազանցապես իրացվում է այդ ժամկետում: Կարծում ենք, որ պիլոտային ծրագրի արդյունքների վերջնական վերլուծությունը հնարավորություն կընձեռի ավելի կատարելագործել կիրառվող կառուցակարգերը և երկարացնել վարկի վերադարձման ժամկետը:

Հոկտեմբեր, 2017 թ.

Հաշվետվություն, էջ 5-6