Spa town Jermuk and Amulsar
Առողջարանային քաղաք Ջերմուկը և Ամուլսարը
Վերջին ժամանակահատվածում շատ է խոսվում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման և առողջավայր Ջերմուկին դրա հասցրած հնարավոր վնասների մասին։ Ուստի սույն վերլուծականում հարկ ենք համարում անդրադառնալ զբոսաշրջային քաղաք Ջերմուկի առողջարանային ռեսուրսներին և Ամուլսարի հնարավոր վտանգներին։
Հայաստանի հարավ-արևելքում, Սևանի ավազանի և Սյունիքի միջև է գտնվում Վայոց ձորը, որն ընդգրկում է Եղեգնաձորի և Վայքի շրջանները: Վայքի շրջանում, Վայոց ձորի հյուսիս-արևելքում, Զանգեզուրի լեռնաշղթայով երիզված, Արփա գետի հոսանքով կիրճն ընդլայնվում է, ձևավորելով երկու լայն սարահարթ, որոնց վրա` ծովի մակարդակից 2080մ բարձրության վրա գտնվում է հանրաճանաչ կլիմայաբալնեոլոգիական կուրորտ Ջերմուկը: Բոլոր կողմերից սարահարթը սահմանափակված է հրաբխային կոներով: Հարավ-արևմտյան և արևմտյան կողմերից իջնում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերը: Կուրորտին մոտենալիս 1900-1950մ գոտում չոր լանդշաֆտը մեղմանում է, շրջակա լեռների լանջերը ծածկված են խիտ անտառով, իսկ վերևում` ալպիական բուսականությամբ` տալով կուրորտի բնապատկերին հրաշք գեղեցկություն: Աննկարագրելի տպավորություն է թողնում Արփա գետի ձորը և գեղատեսիլ ջրվեժը` 70մ բարձրությունից կիրճ են գահավիժում ադամանդե պարզության աղբյուրի ջրերը:
Ջերմուկի հիմնական բուժիչ ռեսուրսներն են` չափազանց ջերմային, ածխաթթվային, հիդրոկարբոնատա-սուլֆատա-նատրիումային հանքային ջրերը և բարձր լեռնային, անտառային կլիման: Ջերմուկի հանքային ջրերի բուժիչ հատկությունները հայտնի էին դեռևս հին ժամանակներում: Առաջին գրավոր վկայությունները Ջերմուկի մասին վերաբերում են 13-րդ դարին: Որոշ հանքային աղբյուրների մոտ պահպանվել են հին ավազանների մնացորդները: Հենց գյուղի անվանումը ներկայացնում է դրա անվանումը («ջերմ»-տաք, ջերմուկ-ջերմային հանքային աղբյուր):
Ջերմուկի ջրերի բաղադրությունը հաճախ համեմատվում է Չեխիայի Հանրապետությունում գտնվող Կարլովի Վարիի և Ռուսաստանի Ժելեզնովոդսկի ջրերի հետ: Ջերմուկի ջրերը համարվում են նույնքան բուժիչ, որքան և հանրահայտ չեխական թերմալ ջրերը:
Ջերմուկի հանքային ջրերի առաջին վկայությունները և գիտական նկարագրությունը տվել է ինժեներ, երկրաբան Գ. Վոսկոբոյնիկովը, որը Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո (1828թ.), 1831թ. հրատարակեց տվյալներ այդ ջրերի ջերմաստիճանի, քիմիական բաղադրության և գազի պարունակության (դեբիտ) մասին: 1925թ. Ջերմուկի աղբյուրները առաջին անգամ հետազոտվեցին կոմիտեի կողմից, որը նշեց այդ աղբյուրների բացառիկ արժեքավորությունը: 1938թ. պրոֆեսոր Ա. Մելիք-Ադամյանի գլխավորությամբ կատարված արշավը ուսումնասիրեց հիվանդների վրա Ջերմուկի հանքային ջրերի ազդեցությունը: Նույն տարում սկսվեցին երկրաբանական-հետախուզական աշխատանքները: 1936թ. սկսվեց և 1940թ. ավարտվեց առաջին առողջարանային կորպուսի շինարարությունը, իսկ 1938թ.` վաննայի շենքի շինարարությունը: 1950թ.-ից սկսվում է կուրորտի զարգացման նոր էտապը: Շահագործման են հանձնվում առողջարանները, ըմպասրահը, հյուրանոցը, ավարտվում է ՀԷԿ-ի շինարարությունը, կառուցվում է ավտոմատ հեռախոսակայան, սկսվում է հանքային ջրերի լցման գործարանի շինարարությունը: 1962-1978թթ. շահագործման են հանձնվում նոր առողջարաններ:
Ջերմուկը գտնվում է չոր ենթաարևադարձային գոտու բարձր լեռնային անտառային զոնայում և ունի տաք, չափավոր խոնավ, երբեմն և չափավոր շոգ ամառ և չափավոր սառը, արևային, առանց քամու ձմեռ:
«Ջերմուկ» հանքային ջուրը դասվում է ածխաթթվային գերջերմային, թույլ թթվային-նեյտրալ, հիդրոկարբոնատա-սուլֆատա-նատրիումային, սիլիկատային ջրերի թվին` 4.2-4.7գ/դմ3 ընդհանուր հանքայնացվածությամբ, պարունակում է միկրոէլեմենտներ: «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի» աշխատակիցների կողմից իրականացված բժշկական հետազոտությունները պարզել են, որ «Ջերմուկ» հանքային ջուրն ունի ստամոքսի արտազատական-թթվածնաձևավորող ֆունկցիայի վրա նորմալացնող ազդեցություն, շնորհիվ հիդրոկարբոնատների և սուլֆատների մեծ պարունակության` ունի հակախոցային ազդեցություն: Դրա հետ կապված` ջերմուկի հանքային ջրի ներքին օգտագործումը նշանակվում է ստամոքսի նորմալ և հատկապես բարձրացված արտազատական-թթվածնաձևավորող ֆունկցիայով խրոնիկական գաստրիտի ժամանակ, տասներկումատնյա աղիքի խոցի (խոցային հիվանդության), լեղապարկի խրոնիկական բորբոքումների, ոչ սպեցիֆիկ ռեակտիվ գեպատիտի, խրոնիկական պանկրեատիտի ժամանակ: «Ջերմուկ» հանքային ջուրը բարձրացնում է վերականգնողական բուժման արդյունավետությունը վաղ շրջանում ստամոքսի անդամահատությունից հետո: Գիտական հետազոտություններով հաստատված է ջերմուկի ջրի դրական ազդեցությունը թեթև և միջին աստիճանի շաքարային դիաբետի, միզաթթվային դիաթեզի, միզաքարային հիվանդության, հենաշարժական ապարատի հիվանդությունների ժամանակ: Ուսումնասիրվել և ապացուցվել է նաև «Ջերմուկ» հանքային ջրի դրական ազդեցությունը կենտրոնական և ծայրամասային ջղային համակարգի վնասվածքների ժամանակ, ու նման հիվանդությունների դեպքում նշանակում են հանքային վաննաներ: Բազմակողմ ուսումնասիրությունները հաստատել են Ջերմուկի բարձր լեռնային կուրորտի բալնեոկլիմայական գործոնների բարենպաստ ազդեցությունը առաջին և երկրորդ աստիճանի հիպերտոնիկ հիվանդների, սրտի իշեմիկ հիվանդների կոմպենսատոր-ադապտացիոն մեխանիզմների վրա:
Ջերմուկում ձմռանը սառը եղանակները սահմանափակում են կլիմայաբուժության բոլոր տեսակների ընդունումը: Ցածր ինտենսիվության սառը եղանակների ժամանակ, արևի և առանց քամու եղանակների պայմաններում կարելի է նշանակել դոզավորված բուժիչ զբոսանք, հիվանդների և հանգստացողների երկար մնալը բաց օդում, խաղեր, զբոսանքներ, սպորտային միջոցառումներ, ինչպես նաև օդային վաննաների ընդունում ծածկապատշգամբի և հատուկ սարքավորումներով տարածքներում, որոնք ներս են թողնում ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն ճառագայթները: Ամռանը կարելի է նշանակել կլիմայաբուժության բոլոր ձևերը` աէրո- և արևաթերապիա, գետի ջրային պրոցեդուրաներ, դոզավորված բուժիչ զբոսանք, բուժիչ մարմնամարզություն բաց օդում:
ՀՀ կառավարությունը 2009թ. հուլիսի 16-ի կառավարության նիստի N 29-Ն արձանագրային որոշմամբ հաստատեց «Ջերմուկ քաղաքի զարգացման 2009-2012թթ. ռազմավարությունը»` «Ջերմուկ քաղաքը զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2008թ. սեպտեմբերի 18-ի N 1064-Ն որոշման համաձայն: Ռազմավարության հիմքում դրված են հետևյալ հայեցակարգային նպատակները` մինչև 2020 թվականը.
1. Ջերմուկ քաղաքը դարձնել ամբողջ տարին գործող միջազգային չափանիշներին համապատասխանող առողջ և ակտիվ կենսակերպի զբոսաշրջային կենտրոն` այն զարգացնելով որպես`
- առողջարանային և ձմեռային զբոսաշրջության կենտրոն` (եվրոպական կենտրոններին այլընտրանքային),
- շախմատի միջազգային մրցաշարերի կազմակերպման կենտրոն,
- համահայկական և միջազգային մանկապատանեկան և երիտասարդական ճամբարատեղի,
- մշակութային զբոսաշրջության կենտրոն, ապահովել տարեկան 100000 զբոսաշրջային այցելություն,
2. մեծացնել զբոսաշրջությունից ստացվող եկամուտների մակարդակը` հասցնելով այն մինչև 100 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի,
3. ապահովել 4000 աշխատատեղ:
Խորհրդային տարիներին Ջերմուկը 2000 մահճակալով սպասարկում էր տարեկան մոտ 25000–30000 զբոսաշրջիկ, իսկ ներկայումս Ջերմուկի առողջարանային զբոսաշրջիկների թիվը կազմում է մոտ 10000 մարդ: Այժմ գործում են հետևյալ առողջարանները՝ Արմենիա, Օլիմպիա, Ջերմուկ աշխարհ, Գլաձոր, Արարատ մոր և մանկան, Ջերմուկ Մոսկվա, իսկ Հայաթ Փլեյս հյուրանոցը ունի սպա կենտոն, որտեղ տրամադրվում են բուժական ծառայություններ։ 2007թ.-ից գործում է Ջերմուկի ճոպանուղին՝ իր դահուկուղիներով։
Այսպիսով, Ջերմուկը պետք է զարգացնել որպես առողջարանային և ձմեռային զբոսաշրջային կենտրոն՝ ներառելով ձմեռային այնպիսի սպորտաձևեր, ինչպիսիք են՝ դահուկային սպորտը, սնոուբորդինգը, ձնամեքենաների վարումը, և այլն։
Այժմ անդրադառնանք Ամուլսարի ոսկու հանքին։ Ամուլսարը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս, հյուսիս-արևմտյան ճյուղավորումների ջրբաժանային մասում, 2500-2988 մ բացարձակ բարձրությունների վրա:
«Լիդիան Արմենիա» ընկերությունը երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում Ամուլսարի տարածքում 2006թ.-ից սկսած: 2014թ.-ին ՀՀ կառավարության կողմից նրան տրվել է Ամուլսարի ծրագրի Ընդերքօգտագործման իրավունքը և Ծրագրի շինարարության համար բնապահպանական թույլատվությունը:
Ամուլսարի հանքային գոտում իրականացված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում առանձնացվել են Տիգրանես-Արտավազդես միացյալ, Էրատո, Արշակ և Օրոնտես տեղամասերը` իրենց ուրույն ներքին կառուցվածքներով: Ներկա դրությամբ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվել են Տիգրանես-Արտավազդես, Էրատո տեղամասերի պաշարները, որոնց շահագործման իրավունքը պատկանում է Լիդիան Արմենիային:
Լիդիան Արմենիային տրամադրված է հանքավայրի ողջ հաստատված պաշարները` 89376.3 հազ.տ հանքաքարի, ոսկու` 73733 կգ (միջին պարունակությունը 0.78 գ/տ), արծաթի` 294.367 տ (միջին պարունակությունը ` 9.29 գ/տ) քանակություններով: Հանքավայրը նախատեսվում է շահագործել երկու` Տիգրանես-Արտավազդես միացյալ և Էրատո առանձին բացահանքներով, տարեկան 10 մլն տ հանքաքարի արտադրողականությամբ:
2018թ. ապրիլ ամսվա դրությամբ Լիդիան Արմենիայի ու Ամուլսարի ծրագրի կապալառուների մոտ աշխատել է 1460 մարդ, որոնցից 464-ը՝ Ամուլսարի հարակից համայնքներից (Ջերմուկ/Կեչուտ - 294, Գնդեվազ - 93, Գորայք - 48, Սարավան - 29): Այս տվյալները ներառում է նաև ծառայությունների մատուցման կարճաժամկետ աշխատատեղեր՝ մի քանի օրից մինչև մեկ կամ երկու շաբաթ։
Չնայած «Լիդիան ինտերնեյշնլ» ընկերությունը հավաստում է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամանակ օգտագործվում են այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք նվազեցնում են բնապահպանական ռիսկերը, ջրային համակարգին կհասցվի զրո տնտեսական վնաս և շահագործումը միայն օգուտներ կբերի Հայաստանի Հանրապետությանը (շուրջ 5 մլրդ դոլարի ներդրում, 2000 աշխատատեղի ստեղծում և 230 մլն դոլար աշխատավարձի վճարում, 485 մլն դոլարի հարկերի վճարում, տարածքի վերականգնում, և այլն), սակայն ըստ տարբեր մասնագիտական կարծիքների՝ Ամուլսարի հանքի շահագործումը մեծ բնապահպանական աղետի կհանգեցնի։
Հանքավայրում և դրան հարող տարածքներում կա 120 հոսող և 24 խոնավ աղբյուրներ՝ 18,2 լ/վրկ հոսքով (տարեկան 574 մլն լիտր)։ Հանքի շահագործման դեպքում, ըստ մասնագետների՝ ծանր և վտանգավոր այլ մետաղներով ու քիմիական նյութերով աղտոտվելու են Արփա, Դարբ, Որոտան գետերի ջրերը, նշված 144 քաղցրահամ և Ջերմուկի հանքային ջրի աղբյուրները դառնալու են օգտագործման համար ոչ պիտանի: Ամուլսարի ապարների մեծ մասը կարող է արտադրել թթվային դրենաժ, ինչը կվտանգի Հայաստանի ջրային ռեսուրսները։
Ինչևէ, կարծիքները շատ են և հակասական։ Ուստի անկախ փորձագիտական եզրակացություն է անհրաժեշտ՝ հանքի շահագործման բնապահպանական վտանգները գնահատելու համար։ Մի բան ակնհայտ է ու անհերքելի՝ Ջերմուկն ունի մեծ զբոսաշրջային, առողջարանային նշանակություն, և եթե հաստատվեց, որ հանքի շահագործումը ինչ-որ առումով կարող է նույնիսկ չնչին վնաս հասցնել հարակից շրջաններին, ապա այն պետք է արգելվի՝ ավելի բարձր գնահատելով քաղաքի դերն ու նշանակությունը որպես կլիմայաբալնեոլոգիական կուրուրտի՝ իր ունեցած ջրային և կլիմայական ռեսուրսներով հանդերձ և զարգացնել այն որպես առողջարանային ու ձմեռային զբոսաշրջային կենտրոն՝ ներգրավելով ներքին ու միջազգային զբոսաշրջիկների։
Հ.Գ. Վերլուծականը որևէ քաղաքական կամ այլ բնույթի ենթատեքստ չունի: