Mortgage Market Development Trends in Armenia

Աշոտ Կիրակոսյան
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
հետազոտող

ՀՀ-ում հիփոթեքային շուկայի զարգացման լուրջ միտումներ են նկատվում: Դրանք ունեն իրենց օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Հիփոթեքային շուկայի զարգացումը առաջնային է ՀՀ-ի համար, քանի որ դա կարող է լուծել մի շարք հիմնահարցեր, ինչպիսիք են արտագաղթի նվազեցումը և տնտեսական աճի բարձրացումը:
Հարկ է նշել, որ ՀՀ-ում հիփոթեքի պոտենցիալ սպառող համարվում է միջին խավը: Հիփոթեքը ներառում է 3 տեսակի վարկ՝ ձեռքբերում, վերանորոգում և կառուցապատում: Շուկայի ուսունասիրություններից հետո պարզ երևում է, որ հիփոթեքի մեծ մասը 90 %ից ավելի բաժին է հասնում ձեռքբերմանը:

Գծապատկեր 1. Հիփոթեքային վարկերի բաշխվածությունը պորտֆելում[1]

Օբյեկտիվ պատճառներից մեկը բանկերի կողմից վարկերի տոկոսադրույքների իջեցումն է, որը հանգեցնում է հաճախորդների կողմից հետաքրքրության բարձրացման: Պատկեր 1-ից երևում է, որ 2017 թվականի նկատմանբ ունեցել ենք տոկոսադրույքի տեսանելի նվազում և այսօր ՀՀ-ում միջին տոկոսադրույքը կազմում է 11.24 % : Գծապատկեր 2 –ում դա շատ հստակ ընգծված է:

Գծապատկեր 2. Տոկոսադրույքի տատանումը 2015-2018[2]

Բացի տոկոսադրույքից ունենք նաև ժամկետի բարելավում, որն այսօր արդեն հասնում է 25 տարվա, իսկ առանձին դեպքերում նաև 30 տարվա: Երկրորդ պատճառը այն է, որ հիփոթեքային շուկայից զատ ակտիվացել է նաև անշարժ գույքի շուկան, որի պատճառը սփյուռքահայերի հետաքրքրությունն է ՀՀ-ում կապիտալի ստեղծան ուղղությամբ, որն իր հերթին կապված է երկրում քաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխման հետ:
Նկատելի զարգացում են ապրում նաև երիտասարդ ընտանիքների կողմից վերցված հիփոթեքները, որը նույպես աճ է գրանցել:
Գծապատկեր 3-ում երևում է 2017 թվականի հունիսի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 31-ը ընկած ժամանակահատվածը: Փորձենք դիտարկել թվերով 2018 թվականը՝ ավելի հստակ պատկեր ստանալու համար:

Գծապատկեր 3. Երիտասարդ ընտանիքներին տրամադրված հիփոթեքային պոտրֆելը 2017-2018[3]

Աղյուսակ 1-ում փորձենք ցույց տալ այս տարվա մեջ գրանցված կրկնակի աճը:

Ամիս Գումար (մլն ՀՀ դրամ) Քանակ
Հունվար 353.60 39
Փետրվար 290 32
Մարտ 336.50 34
Ապրիլ 589.80 65
Մայիս 634.60 70

Աղյուսակ 1. Երիտասարդ ընտանիքներին տրամադրված հիփոթեքների քանակը և գումարը

Խոսելով ՀՀ-ում հիփոթեքի շուկայի զարգացման մասին՝ չենք կարող չանրադառնալ եկամտահարկի մասին օրենքով արտոնություն տրվող հիփոթեքներին, քանզի դրանք շատ ակտուալ են այսօր շուկայում:

2018թ-ի առաջին եռամսյակում վերադարձվել է 885 միլիոն 679 հազար դրամ գումար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցել է 76,8%-ով: 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին աճել են ՀՀ պետական բյուջեից հիպոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարները, ինչպես նաև օրենքի ընձեռած հնարավորություններից օգտվող անձանց թիվը: Այսպես, բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի կողմից ստացված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մասով 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին վարկառուներին (համավարկառուներին) է վերադարձվել վճարված եկամտային հարկի 885 միլիոն 679 հազար դրամ գումար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (501.003,2 հազար դրամ) գերազանցել է 384 միլիոն 676 հազար դրամով կամ 76,8%-ով: Եռամսյակի ավարտին գործընթացում ներգրավված է եղել 2710 շահառու՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի՝ 1638-ի դիմաց, այսինք թիվն աճել է 65 տոկոսով: Իսկ 2018-ի ապրիլին վերադարձվել է 102 միլիոն 21 հազար դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 28 միլիոն 529 հազար դրամով կամ 38.7 %-ով:
Հայաստանում հիմա խորացվում է բանկերի և ապահովագրականների սերտ համագործակցությունը: Այս տարի ստեղծվել է նոր պրոդուկտ, որը կոչվում է կանխավճարի ապահովագրություն: Սա հնարավորություն է ընձեռում օգտվել հիփոթեքից, եթե անգամ վարկառուն չունի 30 % կանխավճարը:
Այսպիսով, բերված փաստերը վկայում են, որ հիփոթեքային շուկան զարգանում է, ինչը բնականաբար դրական կարող ենք գնահատել սոցիալ-տնտեսական առումով: Կարծում ենք՝ կանխավճարի ապահովագրության առկայությունը լրացուցիչ խթան կհաղորդի և կնպաստի շուկայի հետագա շարունակական զարգացմանը:

Սեպտեմբեր 2018

[1] http://www.nmc.am/
  [2] ՀՀ ԿԲ, Վիճակագրություն, Ֆինանսական շուկայի տոկոսադրույքները (ամսական)
  [3] http://www.hfy.am/am/home.html