Revolutionary tourism. A new opportunity for Armenia?

Գայանե Թովմասյան
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
«Տնտեսագիտական հետազոտություններ»
ծրագրի համակարգող

ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐՈՒՅԹ ՀՀ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Հեղափոխական զբոսաշրջությունը կարող ենք բնութագրել որպես զբո­սաշրջության այն տեսակը, որի դեպքում զբոսաշրջիկներն այցելում են այնպիսի երկրներ կամ քաղաքներ, որտեղ տեղի է ունեցել կամ ունենում հեղափոխություն՝ դրան մասնակցելու կամ զուտ ականատեսը լինելու նպատակով:

Ներկայումս կա «կարմիր զբոսաշրջություն» հասկացությունը, որը համարվում է զբո­սաշրջության տեսակ Ռուսաստանում և Չինաստանում: Այս դեպքում զբոսաշրջիկներն այցելում են պատմական վայրեր, որոնք կապված են կոմու­նիս­տա­կան կուսակցության պատմության, կոմունիստական առաջնորդների և նրանց հեղափոխական անցյալի հետ: Օրինակ` Ռուսաստանում այդպիսիք համարվում են Լենինի բնակության, Հոկտեմբերյան հեղափոխության և Խորհրդային միութ­յան կոմունիստական կուսակցության իրադար­ձութ­յուն­ների վայրերը: Չինաս­տա­նում հիմնական այցելությունները տեղի են ունենում այն պատմական վայրերում, որոնք կապված են Մաո Ցզեդունի կյանքի, այլ կոմու­նիս­տա­կան առաջնորդների և երկրի հեղափոխական անցյալի հետ: Կարմիր զբոսաշրջության չինա­կան երթուղիները մշակվել են երկրի իշնանությունների կողմից՝ Չինաստանի քաղաքացիների համար, իսկ ռուսական կարմիր երթուղիները հիմնականում գրավում են չինացի զբոսաշրջիկների ուշադրությունը:

Կարմիր զբոսաշրջությունը որպես երևույթ առաջացել է 1949թ., երբ չինա­ցի­ները սկսե­ցին ուխտագնացություն կատարել կոմունիստական կուսակցության սուրբ վայրեր՝ հեղա­փոխական ոգով ապրելու և 1934-1936թթ. չինացի կո­մունիստների մեծ քայլը կրկնելու համար:

«Կարմիր զբոսաշրջություն» հասկացությունն առաջացել է 2004թ. Չինաստա­նում, երբ մշակվեց ազգային ծրագիր ներքին զբոսաշրջության զարգացման համար: Ծրագրում ներառ­վեցին 30 երթուղի և այցելության շուրջ 100 օբյեկտ: Ծրագիրն ուղղված էր և´ բնակչության ազգային ոգին բարձրացնելուն, և´ երկրի ավելի աղքատ շրջանների տնտե­սա­կան զարգացման խթանմանը: Ներկայումս չինական կարմիր զբոսաշրջության օբյեկտներն ընդունում են տարեկան շուրջ 700 մլն զբոսաշրջիկ:

Ռուսաստանում կարմիր զբոսաշրջության զարգացման խթան հանդիսացավ չինացի զբոսաշրջիկների հոսքը՝ պայմանավորված 2006թ. ստորագրված միջ­կա­ռա­վարական համաձայնագրով, որը թույլ էր տալիս խմբային զբոսաշրջային այցելություններն իրա­կա­նաց­նել առանց մուտքի արտոնագրի: Ռուսական առաջին կարմիր երթուղին չինացի զբո­սաշրջիկներին ներկայացվեց 2013թ.: 2017թ. 1.5 մլն չինացի զբոսաշրջիկ է այցելել Ռուսաս­տան և նախատեսվում է չինացի զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան մինչև 5 մլն-ի: Նշենք նաև, որ կարմիր զբոսաշրջությունը ներառվել է մինչև 2020թ. Ռուսաստանի զբոսաշրջութ­յան զարգացման ռազմավարության մեջ:

Այժմ անդրադառնանք Հայաստանում հեղափոխական զբոսաշրջության զար­գաց­ման հնարավորություններին: 2018թ. ապրիլ-մայիս ամիսների իրադար­ձութ­յուն­ները և խաղաղ ու անարյուն հեղա­փոխութ­յան իրականացումը օրեր շարունակ արտասահմանյան մամուլի ու հեռուս­տաըն­կերութ­յունների ուշադրության կենտ­րո­­նում էր գտնվում: Բոլորը զարմանքով ու հիաց­մունքով էին նշում Հայաստանի օրինակը՝ որպես եզակին համաշխարհային պատ­մութ­յան մեջ, որը տեղի ունեցավ խաղաղ եղանակով:

Պետք է նշել, որ հեղափոխությունը սկսվեց մարտի 31-ին Գյումրիից՝ «Իմ քայլը» ակցիայով, այնուհետև շարունակվեց Վանաձոր, Սպիտակ, Դիլիջան, Սևան, Հրազդան, Աբովյան քաղաքներում (ընդհանուր առմամբ 200կմ ճանա­պարհ, 300 հազար քայլ): Ապրիլի 13-ին շարժման մասնակիցները հասան Երևան, որտեղ ևս 10 օր շարունակ տեղի էին ունենում բողոքի ակցիաները: Մայիսի 8-ին կայացած վարչապետի ընտրություններով ավարտվեց հեղա­փոխա­կան շարժումը:

Իսկ ի՞նչ ազդեցություն այն ունեցավ և կունենա զբոսաշրջային այցե­լություն­ների վրա: Բնականաբար այդ օրերին շատ զբոսաշրջիկներ, որոնք արդեն պլա­նա­վորել էին իրենց այցը Հայաստան, ունեցան մտավախություն այցելության հետ կապ­ված: Ըստ տարբեր զբո­սաշրջա­յին կազմակերպությունների կողմից հրապա­րակ­ված տեղեկատվության՝ եղան զբոսաշրջային խմբեր, որոնք չեղարկեցին այցը, եղան նաև այցելության ժամկետի փո­փոխություններ, և եղան այնպիսի զբոսաշրջիկներ, որոնք չհրաժարվեցին այցե­լութ­յունից: Ավելին, պետք է նշել, որ զբոսաշրջիկները մեծ խանդավառությամբ էին հետևում հայերի բողոքների ակցիաներին, կազմակերպած երթերին, փողոցների փակման գոր­ծո­ղութ­յուններին, և այլն, նույնիսկ մասնակցում էին դրանց (օրինակ չինացի զբո­սաշրջիկների մի խումբ հայ ցուցարարների հետ միասին փակել էին Թուման­յան փողոցը): Զբոսաշրջիկները տեսանկարահանում ու տեղադրում էին սոցիալական կայքերի իրենց էջերում, թե ինչպես էին հայ ցուցարարները երգում, պարում, խորոված պատրաստում փողոցներում՝ ներկայացնելով դա որպես հեղա­­փո­խութ­յան յուրահատուկ հայկական ոճ: Հայաստան այցելության հիմ­նա­կան մտա­վա­խութ­յունը հնարավոր վտանգն էր, սակայն այցելած զբոսաշրջիկ­ները համոզվեցին, որ իրա­կա­նում իրենք կարող են հանգիստ, ապահով ու անվտանգ զբոսնել քաղաքի փողոց­ներով, օգտվել հյուրանոցների, ռեստորան­ների ծառայություններից, և այլն:

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների՝ 2018թ. առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 346,458 ներգնա զբոսաշրջիկ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թիվն աճել է 16.1%-ով):

Հաշվի առնելով վերոնշյալը, կարող ենք ասել, որ 2018թ. երկրորդ եռամսյակում զբո­սաշրջիկ­ների թվի աճը գուցե մեծ չլինի՝ կապված հեղա­փո­խութ­յան կարճաժամկետ ազդե­ցության հետ: Սակայն երկարա­ժամ­կետում այդ ազդե­ցութ­յունը կարող է փոխվել և արձանագրել դրական միտումներ՝ հաշվի առնելով խաղաղ ելքերը և դրանց արձա­նագրումը միջազգային լրատվամիջոցներով:

Ավելին, պետք է նշել, որ եղածը կարող է դրական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի հեղինակության վրա, քանի որ Հայաստանի օրինակին հետևելով բողոքի ակցիաներ եղան նաև Ֆրանսիայում, Ռուսաստանում՝ պահան­ջե­լով նա­խա­գահ­նե­րի հրաժարականը: Ընդ որում, ռուս ցուցարարները վանկար­կում էին «հայերը կարո­ղա­ցան, մենք էլ կկարողանանք» կարգախոսը, շատերն իրենց ձեռքերում պահում էին Հայաստանի դրոշը՝ որպես խաղաղ փոփոխություն­ների խորհրդանիշ և առաջնորդվում հայկական ոգով:

Այս ամենը պետք է օգտագործել ի շահ Հայաստանի զբոսաշրջության զարգացման՝ ներկայացնելով Հայաստանը որպես խաղաղ ու ապահով երկիր, ընդ որում այն կարող է նաև հետաքրքիր լինեն չինացի ու ռուս զբոսաշրջիկներին (որոնք հատկապես հետաքրքրված են իրենց կարմիր զբոսաշրջությամբ), որոնք կայցելեն Հայաստան՝ որպես խաղաղ հեղափոխություն կատարած երկիր:

Զբոսաշրջիկների համար այցելության երթուղին կարող է ներառել այն քաղաքները, որտեղ կատարվել են քայլերթերը՝ Գյումրի, Վանաձոր, Սպիտակ, Դիլի­ջան, Սևան, Հրազդան, Աբովյան, Երևան: Բացի այդ, հեղափոխության խորհրդա­նիշ դարձած մի շարք իրեր արդեն վաճառքում են, որոնք կարող են հե­տաքրքրել զբոսաշրջիկներին՝ որպես հուշանվերներ (վարչապետի նկարով և «դու­խով» բառով գլխարկներ, վերնաշապիկներ, պայուսակներ, և այլն): Այցե­լութ­յան վայր կարող է լինել նաև ՀՀ Ազգային ժողովը, նախագահի, վարչապետի նստավայրերը (աշխարհի մի շարք երկրներում օրվա որոշակի ժամերի նման պետական հիմնարկները ընդունում են զբոսաշրջիկների, ուստի մենք ևս որոշ աշխատասենյակներ կարող ենք ներառել զբոսաշրջային այցերի ծրագրում, ինչից նաև լրացուցիչ գումար կստանանք):

Մայիս, 2018 թ.