A Brief Program on Establishing Field-Protective Forestry in Order to Obtain Additional Income and to Form a Picturesque Rural Landscape (Armenian version)
Լրացուցիչ եկամտի ստացման և գեղատեսիլ գյուղական լանդշաֆտի ձևավորման նպատակով դաշտապաշտպան անտառաշերտերի հիմնման համառոտ ծրագիր
Կլիմայի փոփոխության հետևանքով օդի ջերմաստիճանի բարձրացումը, մթնոլորտային տեղումների և ոռոգման ջրի պաշարների նվազումը, երաշտի, քամիների և խորշակների հաճախականության մեծացումը, պահանջում են երկարաժամկետ կայուն ազդեցություն ունեցող և համեմատաբար ոչ ծախսատար ագրոմելիորատիվ համակարգերի կիրառում: Հանրապետության հարթ ռելիեֆ ունեցող տարածքներում որպես այդպիսի համակարգ առաջարկվում է դաշտապաշտպան անտառաշերտերի հիմնումը: Վերջիններս նվազեցնում են քամու արագությունը, ձյունը պահում են դաշտում, մեծացնում են հողի խոնավությունը, բարելավում են միկրոկլիման, ցանքերը պաշտպանում են երաշտից և նպաստում բերքատվության բարձրացմանը: Բազմամյա տարիների դիտարկումները ցույց են տվել, որ դաշտապաշտպան անտառաշերտերի առկայության պայմաններում, բաց տեղանքի դաշտերի համեմատությամբ մշակաբույսերի բերքատվությունը բարձրանում է 10-25%-ով:
Դաշտապաշտպան անտառաշերտերը հիմնվում են մինչև 15 մետր ընդհանուր լայնությամբ 3-4 շարք ծառատնկումով: Կախված ծառերի տեսակից կարելի է կիրառել 2.5-4 մ միջշարքային և 2-3 մ միջբուսային հեռավորությամբ սխեման: Տեղանքի առանձնահատկությունից կախված յուրաքանչյուր դաշտապաշտպան անտառաշերտ կարող է ձգվել դաշտի լայնքով 200-600մ և երկարությամբ՝ 1000-1200մ: Գյուղատնտեսական տեխնիկայի և փոխադրամիջոցների համար թողնվում է 10-15մ լայնությամբ միջանցքներ: Եթե բերքահավաքից հետո տարածքը օգտագործվում է անասունների արածեցման համար, ուրեմն միջանցքների լայնությունը կարելի է հասցնել մինչև 20-25մ: Ծառատեսակներից նախապատվությունը տրվում է ավելի սաղարտախիտ ծառերին (դեկորատիվ ծառատեսակներից՝ արագաճ բարդիներ, հաճարենի, թղկի և այլն, պտղատուներից՝ խնձորենի, սալորենի, տանձենի, կեռասենի և այլն): Կիրառվում է ծառատնկումների այնպիսի սխեմա, որի դեպքում քամու ներթափանցումը դժվարանում է: ՀՀ-ի գյուղացիական տնտեսությունների հողակտորները փոքր են և համեմատաբար մեծ մակերես ունեցող տարածքի վրա հողօգտագործողների և սեփականատերերի թիվը կարող է հասնել մի քանի տասնյակի: Ուստի շահառուների համաձայնությամբ անտառաշերտերի համար կարող են օգտագործվել նաև տվյալ բնակլիմայական պայմաններին լավ հարմարված պտղատու ծառատեսակներ:
ԴԱՇՏԱՊԱՇՏՊԱՆ ԱՆՏԱՌԱՇԵՐՏԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ
Հողի սեփականաշնորհումից հետո և նախորդ դարի 90-ական թվականների էներգետիկ ճգնաժամի զանգվածային ծառահատումների պատճառով հիմնականում անտառաշերտերը վերացել են: Բացի դրանից, 1992-1993թթ. հողի հապճեպ և զանգվածային սեփականաշնորհման արդյունքում ձևավորվել են ավելի քան 140 հազ. ընտանեկան գյուղացիական տնտեսություններ, որոնց սեփականության իրավունքով պատկանող հողակտորի միջին չափը 1.4 հա է: Դրա հետ մեկտեղ, քանի որ յուրաքանչյուր տնտեսություն համայնքի վարչական տարածքի տարբեր հատվածներում ունի 2-3 հողամաս, ստացվում է, որ հողակտորների ընդհանուր թիվը անցնում է 1.2 միլիոնից, որոնց միջին չափը կազմում է մոտ 0.5 հա, որից վարելահողերը՝ 0.39 հա: Այսինքն, ՀՀ համայնքների վարչական տարածքում միջին հաշվով յուրաքանչյուր 100 հա վարելահողը բաժանված է ավելի քան 256 հողօգտագործողների միջև: Բայց, դաշտերի երկկողմանի պաշտպանության դեպքում, այս 256 շահառուներից ոչ բոլորի հողակտորներն է ամբողջովին սահմանակից անտառաշերտին: Ուստի անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել անտառաշերտին հատկացվող տարածքի սեփականատիրոջը պատճառած վնասի փոխհատուցման պայմանները: Դա կարող է կատարվել ինչպես արժեքային, այնպես էլ բնեղեն ձևով:
Հետազոտությունները ցույց են տվել, որ տարբեր գյուղատնտեսական գոտիներում դաշտապաշտպան անտառաշերտերի վրա ծախսված 1 դրամը ապահովում է 10-30 դրամ փոխհատուցում: Այդուհանդերձ, անտառաշերտերի հիմնադրման ակտիվությունը բացակայում է, որը բացատրվում է տեխնիկա-տնտեսական պատճառներով և մասնագիտական խորհրդատվության բացակայությամբ: Իհարկե, դաշտապաշտպան անտառաշերտերն ավելի բարձր արդյունք են տալիս զանգվածային ցանքատարածքներում: Հայաստանի պայմաններում այդպիսի տարածքները համեմատաբար սահմանափակ են: Եթե զանգվածային ընդունենք 5 հա-ից ավել տարածություն ունեցող վարելահողերը, ապա դրանց ընդհանուր տարածքը կկազմի մոտ 90 հազ. հա: Այսպիսով, անտառաշերտերի պահանջարկ ունեն ՀՀ բոլոր մարզերի զանգվածային վարելահողեր ունեցող շուրջ 230,7 հազ. հողօգտագործողներ (90000/0.39):
ԴԱՇՏԱՊԱՇՏՊԱՆ ԱՆՏԱՌԱՇԵՐՏԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
ՀՀ-ում յուրաքանչյուր 100հա տարածքի վրա դաշտապաշտպան անտառաշերտերի մակերեսը կարող է կազմել 1600մ * 15մ=24000 ք.մ. կամ 2.4հա: Եթե 4 շարքով անտառաշերտի տնկման սխեման ընդունենք 3.75մ * 3մ ապա ծառերի թիվը կկազմի 2133: Ընդամենը տնկումների և խնամքի ծախսերը 100 հա հաշվով, կախված ծառատեսակի ընտրությունից, առաջին տարին կարող է կազմել 4,6 մլն դրամ, որից պահպանման ծախսերը՝ 4,2 մլն. դրամ: Ծառերի բարձրությունը 3 տարի հետո կանցնի 3.5 մետրից և աստիճանաբար կապահովեն դաշտերի պաշտպանությունը: 185 հազ. շահառուների անտառաշերտերի պահանջ ունեցող վարելահողերի տարածքը կկազմի 90 հազ. հա, իսկ անտառաշերտերի տարածքը մոտ 2160 հա: Հետևաբար, Ստացվում է, որ 2160 հա դաշտապաշտպան անտառաշերտերի հիմնադրման և խնամքի համար առաջին տարին կպահանջվի 99,36 մլն. դրամ, իսկ հետագա տարիներին միայն պապանման համար՝ 90,72 մլն. դրամ:
Դաշտապաշտպան անտառաշերտերի բացակայության դեպքում գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի կորուստը միջին հաշվով կազմում է 17 %: Դիցուկ, Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի օրինակով 100 հա-ի հաշվով դաշտապաշտպան անտառաշերտի հիմնադրման տնտեսական արդյունավետության հաշվարկը ցույց է տալիս, որ ցանքատարածությունների՝ հացահատիկ (52%), կարտոֆիլ (12%), բանջարաբոստանային (16%) և կերային (20%) կառուցվածքի դեպքում, անտառաշերտերի առկայության պարագայում ի հաշիվ բերքատվության բարձրացման ստացվում է լրացուցիչ 3,2 մլն դրամ զուտ եկամուտ: Քանի որ անտառաշերտերի անմիջական բարենպաստ ազդեցությունը զգացվում է հիմնադրման 3-րդ տարուց սկսած, ուրեմն ներառյալ այդ տարիների խնամքը ընդհանուր ծախսը կկազմի 13 մլն դրամ, իսկ ծախսերի հետգնման ժամկետը կկազմի 4 տարի: Բացի տնտեսական արդյունավետությունից, դաշտապաշտպան անտառաշերտերն ապահովում են՝ բնապահպանական արդյունավետություն ի հաշիվ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման, քամու էրոզիայի և խոնավության կորստի կանխման, ինչպես նաև սոցիալական արդյունավետություն, քանի որ ձևավորվում է գեղատեսիլ լադշաֆտ, առողջարար մթնոլորտ և հանգստի գոտի :
Դաշտապաշտպան անտառաշերտերի կարևորությունը և արդյունավետությունը մատչելիորեն ներկայացնելու, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այս միջոցառումը նախաձեռնելու դեպքում, որպես ֆինանսավորման աղբյուր կարելի է դիտարկել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի դրամաշնորհային միջոցները: Դաշտապաշտպան անտառաշերտերի հիմնադրումը կարելի իրականացնել նաև 230,7 հազ. շահառուների միջոցներով: Այս դեպքում յուրաքանչյուր շահառուից հիմնադրման համար կպահանջվի ընդամենը 430 դրամ, այդ թվում յուրաքանչյուր տարվա խնամքի համար՝ մոտ 400դրամ: