Tourist or Migrant? Why There are no Clear Data? (Armenian version)
ՀՀ մարզերում զբաղված բնակչության անհամաչափ բաշխվածությունն ըստ որակավորման
Հայաստանում միգրացիայի վարչական տեղեկատվական ամբողջացված աղբյուրներ դեռևս ձևավորված չեն: Միգրանտների թվաքանակի, գտնվելու վայրի և մեկնելու պատճառների վերաբերյալ համակարգված տեղեկատվություն չի հավաքագրվում: ՀՀ-ում առկա սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով տեղեկություններ են ստացվում սահմանահատումների և դրանց մասնակիցների վարչական գրանցումների (քաղաքացիության) վերաբերյալ, սակայն համակարգը հնարավորություն չի ընձեռում այդ տեղեկությունները մշակել` ՄԱԿ-ի սահմանումներին համապատասխան միգրանտների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար: Ուստի ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը տիրապետում է սահմանահատումների, բայց ոչ միգրանտների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվության: Հարց է առաջանում՝ եթե ՀՀ Միգրացիոն պետական ծառայությունը չունի ՀՀ-ից արտագաղթած միգրանտների թվի վերաբերյալ տեղեկատվություն, ապա ինչպե՞ս իմանալ միգրանտների իրական թիվը:
Սահմանային անցման կետերից ստույգ տվյալներ են ստացվում ՀՀ քաղաքացիների սահմանահատումների վերաբերյալ: Հետևաբար, եթե Հայաստանից մեկնած ՀՀ քաղաքացիների թվաքանակից հանենք արտագնա զբոսաշրջիկների թիվը, կստանանք միգրանտների թվաքանակը: Այսպես, 2015թ.-ին ՀՀ-ից մեկնել է 1.610.252 ՀՀ քաղաքացի [1], որոնցից 1.187.369 ըստ ԶՀԿ մեթոդաբանության համարվում են զբոսաշրջիկ[2]: Ուստի, եթե ՀՀ-ից մեկնած քաղաքացիների թվաքանակից հանում ենք զբոսաշրջիկների թիվը, ստացվում է, որ 422.883 ՀՀ քաղաքացիներ 2015թ.-ին եղել են միգրանտներ:
Տվյալ հաշվարկն արդարացված կլիներ, եթե ստույգ լինեին զբոսաշրջիկների թվաքանակի մասին տվյալները:
Ինչպե՞ս է իրականում հաշվարկվում ՀՀ զբոսաշրջիկների թիվը: Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության միջազգային զբոսաշրջիկի սահմանման` միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:»
Եթե քաղաքացու` արտերկրում մնալու տևողության մասին կարող ենք տեղեկանալ սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով` ըստ քաղաքացու մեկնելու և վերադառնալու ամսաթվերի, ապա նրա ուղևորության նպատակի մասին տվյալներ չեն գրանցվում: Հետևաբար, եթե չկան յուրաքանչյուր քաղաքացու ուղևորության հիմնական նպատակի մասին տվյալները, ստացվում է, որ ՀՀ արտագնա զբոսաշրջիկների թվաքանակի մասին տվյալները ևս չեն կարող ստույգ լինել: Ապա ինչպե՞ս է հաշվարկվում ՀՀ զբոսաշրջիկների թիվը:
2013թ. սահմանային անցման կետերում իրականացվել է միջազգային այցելությունների վերաբերյալ ընտրանքային հետազոտություն 22100 մարդու շրջանում, որոնցից 43.3%-ն են համարվել Հայաստանից մեկնող՝ արտագնա զբոսաշրջիկներ: Նշենք, որ հետազոտության ընտրանքային մեթոդի հետևանքով հետզոտության մեջ չեն ընդգրկվել որոշ սահմանային անցման կետեր, իսկ հարցումներն անց են կացվել պատահական ընտրանքի սկզբունքով` ժամանող և մեկնող զբոսաշրջիկների ընդհանուր թվի մոտ 1.5%-ի հետ:
Եվ հենց այս հետազոտության արդյունքների հիման վրա է մինչ օրս հաշվարկվում զբոսաշրջիկների թիվը` սահմանահատումների նկատմամբ կիրառելով դուրս բերված գործակիցները:
Նշենք, որ նմանատիպ հետազոտություն իրականացվել էր նաև 2006-2007թթ., որից հետո 6 տարի շարունակ` մինչև 2013թ., զբոսաշրջիկների թիվը հաշվարկվել է նույն գործակիցներով` ստացված տվյալ հետազոտության արդյունքում: Գործակիցները թարմացվել են 2013թ.-ի հետազոտությունից հետո, և փաստորեն, կկիրառվեն մինչև նոր հետազոտության համար ֆինանսավորման հատկացումը:
Ելնելով վերոնշյալից` գտնում ենք, որ զբոսաշրջիկների թվի հաշվարկը մի քանի տարի առաջ իրականացված ընտրանքային հետազոտության արդյունքում դուրս բերված կայուն գործակիցների հիման վրա ավելի քան խնդրահարույց է և չի կարող արտացոլել իրական պատկերն ու միտումները:
Բացի այդ, ինչպես նշեցինք, ըստ ԶՀԿ մեթոդաբանության` աշխատելու նպատակով արտերկիր մեկնած անձինք չեն համարվում զբոսաշրջիկ: Մինչդեռ ՀՀ միջպետական միգրանտների գերակշիռ մեծամասնությունը` 89.3%-ը Ռուսաստանի Դաշնությունում է[3], որոնց ավելի քան 90%-ն աշխատում է անօրինական ձևով[4]: Ստացվում է, որ ՀՀ քաղաքացին մեկնել է ՌԴ աշխատելու, բայց քանի որ գրանցված աշխատանք չի կատարում, ու նրա մնալու տևողությունը չի գերազանցում 1 տարին, նա համարվում է արտագնա զբոսաշրջիկ: Սակայն նրանք այցելած երկրին ոչ միայն չեն բերում այն ֆինանսական օգուտը, ինչ զբոսաշրջիկը, այլև աշխատանքի դիմաց ստացված ֆինանսական միջոցները տվյալ երկրից դուրս են հանում:
Ներկա դրությամբ միգրանտների թվաքանակի, արտերկրում նրանց մնալու տևողության, մեկնելու պատճառների մասին տեղեկատվության հիմնական աղբյուրը Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից կատարվող ամենամյա ընտրանքային հետազոտությունն է[5]:
Ըստ տվյալ հետազոտության արդյունքների՝ 2012-2015թթ. ՌԴ և այլ երկրներ մեկնած անձանց մեծամասնության համար մեկնելու հիմնական պատճառ եղել է աշխատելը և աշխատանք փնտրելը, այդ թվում՝ սեզոնային:
Հետազոտության արդյունքում առանձնացվել են միգրացիոն գործընթացներում ներգրավված և 2015թ. դրությամբ մեկնումներից վերադարձած և չվերադարձած անձինք:
Մեկնումներից վերադարձած անձանց 25.2%-ի բացակայության տևողությունը կազմել է մեկ տարի և ավելի: Իսկ մնացած 74.8%-ի բացակայության տևողությունը եղել է միչև 1 տարի: Սակայն վերջիններիցս 4-11 ամսով բացակայածների 74.6%-ը և մինչև 3 ամսով բացակայածների 30.2%-ը մեկնել են արտերկիր աշխատելու նպատակով, ուստի եղել են ոչ թե զբոսաշրջիկ, այլ աշխատանքային միգրանտ:
Մեկնումներից չվերադարձած անձանց 37.2%-ի բացակայության տևողությունը կազմել է մեկ տարի և ավելի, իսկ մնացած 62.8%-ինը` մինչև 1 տարի: Սակայն նրանց 78.0%-ը ևս եղել են աշխատանքային միգրանտներ:
Տվյալ հետազոտության արդյունքները ևս որոշ դեպքերում ունեն ցածր կամ ոչ բավարար ներկայացուցչականություն և կիրառելիության սահմանափակումներ՝ հետևյալ հանգամանքներով պայմանավորված[6].
- Ընտրանքի սահմանափակ չափի պատճառով համեմատաբար քիչ տարածում ունեցող երևույթներն օբյեկտիվորեն ունեն ընտրանքում ընդգրկվելու փոքր հավանականություն: Ինչի հետևանքով մանրամասնեցման բարձր աստիճան ունեցող տվյալները կարող են ունենալ ոչ բավարար ներկայացուցչականություն (օրինակ՝ թե ՀՀ յուրաքանչյուր մարզից կրթական տարբեր աստիճան ունեցող մարդիկ որ ուղղությամբ են արտագաղթում և այլն):
- Ընտրանքի կիրառվող մեթոդը լիարժեք հնարավորություն չի ընձեռում նաև ապահովելու տնտեսական գործունեության կամ զբաղմունքի բոլոր տեսակների համարժեք ընդգրկվածություն, քանի որ ընտրանքը ստրատիֆիկացված չէ ըստ այդ փոփոխականների:
Հաշվի առնելով տվյալ հետազոտությունների թերությունները և նշված միգրացիոն խնդիրներն ու դրանց սրությունը՝ ՀՀ-ում անհրաժեշտ են միգրացիայի վերաբերյալ համակարգված տեղեկատվության աղբյուրներ: Ըստ մի շարք երկրներում ներդրված համակարգի՝ ուղևորները տվյալ երկիր մուտքի և ելքի ժամանակ սահմանային անցման կետերում լրացնում են միգրացիոն քարտեր: Միգրացիոն քարտը սովորաբար բաղկացած է 2 մասից՝ ժամանման քարտ (arrival card) և մեկնման քարտ (departure card, outgoing passenger card or embarkation card): Երկրից մեկնելու դեպքում ուղևորը սովորաբար նշում է իր զբաղմունքը, ուղևորության հիմնական նպատակը (հանգիստ, ուսում, աշխատանք և այլն), մնալու տևողությունը, ուղղությունը (հաջորդ կանգառը), հասցեն տվյալ երկրում: Նման քարտերը կարող են նախատեսված լինել և՛ տվյալ երկրի քաղաքացիների, և՛ օտարերկրացիների, միայն տվյալ երկրի քաղաքացիների կամ միայն օտարերկրացիների համար` ելնելով տվյալ երկրում դրանց ներդրման նպատակից: Եվ ելնելով համակարգի զարգացումից և արդյունավետության բարձրացումից՝ որոշ երկրներում այն արդեն թվայնացվել է: Նման համակարգով են աշխատում ԱՄՆ-ն, Չինաստանը, ՌԴ-ն, Հարավարևելյան Ասիայի ժողովուրդների ասոցիացիայի անդամ երկրները, Ավստրալիան, Հնդկաստանը, Բելառուսը, Ուկրաինան և այլ երկրներ:
Գտնում ենք, որ ՀՀ-ում տվյալ համակարգի ներդրումը կլուծի մի շարք խնդիրներ, այդ թվում՝ կճշգրտվի զբոսաշրջիկների թիվը և մանրամասն ու ավելի ստույգ տեղեկատվություն կլինի միգրանտների թվաքանակի, նրանց որակավորման, մեկնելու նպատակի, ուղղությունների, մնալու տևողության մասին, քան ընտրանքային հետազոտության արդյունքներն են: Ստացված տեղեկատվությունը հուսալի հիմք կծառայի նշված ոլորտներում բարեփոխումների ու պետական արդյունավետ քաղաքականության մշակման համար:
Իհարկե կա ռիսկ, որ անձը կարող է հավաստի տեղեկատվություն չտալ մեկնելու նպատակի մասին (որպեսզի իրավական պատասխանատվության չենթարկվի անօրինական աշխատանք կատարելու համար կամ գուցե վստահ չէ, որ կգտնի աշխատանք): Այս դեպքում կարող ենք ասել, որ եթե միգրացիոն քարտի «մեկնելու նպատակ» բաժնում որպես այլընտրանքային տարբերակներ լինեն «աշխատելը» և «աշխատանք փնտրելը», ապա երկրորդ տարբերակը նշելու դեպքում քաղաքացին կազատվի պատասխանատվության ենթարկվելու ռիսկից, իսկ պատկերը որոշակի առումով արդեն պարզ կդառնա:
Փաստացի, ՀՀ սահմանային անցման կետերում ուղևորներին բանավոր կերպով հարցնում են ուղևորության նպատակի մասին: Ուստի անհրաժեշտ է միայն գրանցել ստացված տեղեկատվությունը, և կարծում ենք, որ ՀՀ-ում արդյունավետ կլինի տվյալ համակարգի թվայնացված ներդրումը, երբ սահմանապահն ինքը գրանցի ուղևորի պատասխանը՝ այդպիսով լրացուցիչ չծանրաբեռնելով և անտեղի խուճապի չմատնելով ուղևորին:
Այս մեթոդը տարիներ շարունակ գործում է շատ երկրներում, և հուսանք, դրա ներդրումը ՀՀ-ում ևս կտա դրական արդյունք:
- ՀՀ ԱՎԾ «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու» 2016, էջ 112
- Տե՛ս «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2016թ. հունվարին» զեկույց, էջ 93
- «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վիճակագրական-վերլուծական զեկույց, Երևան-2016, մաս 1, էջ 24
- Եվրասիա համագործակցություն հիմնադրամի Աշխատանքային միգրացիա ծրագիրը, էջ 1
- Տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության (ՏՏԿԱՀ) արդյունքները տե՛ս «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վիճակագրական-վերլուծական զեկույցում, Երևան-2016, մաս 1, էջ 23-27
- «Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում» վիճակագրական ժողովածու, Երևան-2016, էջ 7