Possible Directions of Improvement of "Leasing Financial Assistance Program of the Agricultural Equipment in the Republic of Armenia" (Armenian version)

Սամվել Ավետիսյան
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
«Տնտեսագիտական հետազոտություններ» ծրագրի ավագ հետազոտող
ծրագրի համակարգող

Հայաստանի Հանրապետությունում ավելի քան քսանհինգ տարի բոլոր մակարդակներով քննարկվում է գյուղատնտեսության ապահովագրության հարցը: Այս խնդրի կարևորությունը շեշտադրվել է նախընտրական խոստումներում և կառավարության ծրագրերում, մեկը մյուսին փոխանցելով՝ գյուղատնտեսության նախարարները թմբկահարել են այն, ուսումնասիրվել է միջազգային փորձը, կատարվել են գիտական հետազոտություններ, հրապարակվել են ակադեմիական հոդվածներ ու աշխատություններ [1], սակայն, մինչև 2017թ. գործնական քայլ չի կատարվել գյուղատնտեսության ապահովագրության ներդրման ուղղությամբ:

Ահավասիկ, 2017թ. դեկտեմբերի 14-ին հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման ծրագրի համար 5,339,139.38 եվրո գումարի չափով N 2016 68 458 դրամաշնորհային համաձայնագրի նախագծին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումը և, ինչպես ասում են՝ սայլը տեղից շարժվեց: ՀՀ կառավարությունը 2018թ. պետական բյուջեում գյուղատնտեսության ապահովագրության աջակցության նպատակով նախատեսեց ևս 885 մլն դրամի ֆինանսավորում: Այսինքն, լուծվեց երկու կարևոր հարց՝ 1) գտնվեց փորձնական ծրագրի հեղինակավոր գործընկեր և 2) ծրագրի ֆինանսավորման հուսալի աղբյուր: Ծրագրի հաջորդ կարևոր փուլը տեխնիկական առաջադրանքի մշակումն ու մրցութային կարգով փորձնական ծրագիրն իրականացնող կազմակերպության ընտրությունն է: Այս փուլին ՀՀ ֆինանսների և գյուղատնտեսության նախարարություններից բացի ներգրավված են ՀՀ Կենտրոնական բանկը և գերմանական KfW բանկը: Ներկայումս այդ գործընթացները ևս ընթացքի մեջ են և, մեր կարծիքով, բնականոն ձևով կիրականացվեն: Թերևս, դժվարություն չի ներկայացնի նաև վերաապահովագրող ընկերության ընտրությունը:

Քանի որ հողի սեփականաշնորհումից հետո, տնտեսավարման բազմաձևության պայմաններում գյուղատնտեսության ապահովագրության լուրջ փորձառություն չունենք, անհրաժեշտ է նկատի ունենալ մի քանի սկզբունքային հարցեր: Ամենայն հավանականությամբ նախապատվությունը տրվելու է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի ապահովագրմանը, որը պահանջում է յուրաքանչյուր արտադրատնտեսական պայմաններին համապատասխան սպասվող բերքի ճշգրիտ պլանավորում: Վերջինիս համար հիմք պետք է ընդունել առնվազն վերջին հինգ տարիների փաստացի տվյալները:

Ինչպես երևում է թիվ 1 աղյուսակի տվյալներից խորհրդային շրջանի համեմատաբար բարենպաստ 1988 թ. համեմատությամբ, 2016թ-ին հիմնական մշակաբույսերի բերքատվության ցուցանիշի շեղումը (բացառությամբ կարտոֆիլի) մեծ չէ: Այդուհանդերձ, հատկապես 2011թ-ից մինչև 2016թ-ի առաջին կիսամյակը գյուղատնտեսության վիճակագրության աղավաղման ամենավատ տարիներն էին: Գյուղական համայնքապետարան – մարզպետարան – գյուղատնտեսության նախարարություն շղթայում կիրառվող աճպարարության հետևանքով, իրականությունից շեղված բարձր ցուցանիշները ոլորտի աննահանջ զարգացման կեղծ պատկեր էին ստեղծում և այդ ցուցանիշները արտացոլվում էին ՀՀ ԱՎԾ-ի հրապարակումներում: 2016թ-ի երկրորդ կիսամյակից հետո փորձ է արվում աստիճանաբար մոտենալ իրականությանը, սակայն շեղումն այնպիսին է, որ դժվար է միանգամից կարգավորել: Օրինակ, չմշակվող վարելահողերի ակնհայտ ավելացման պայմաններում, ընդամենը ցանքատարածության ցուցանիշը 2010թ-ի 283.6 հազ. հա-ի դիմաց, 2012թ-ին ավելացավ 20.6 հազ. հեկտարով, 2013թ-ին՝ 13.9, 2014թ-ին՝ 14.7, 2015թ-ին՝ 19 հազ. հեկտարով: Թերևս, ՀՀ նոր կառավարության դիրքորոշումը հաշվի առնելով, ՀՀ ԱՎԾ-ն «Վիճակագրական տարեգիրք 2016»-ում որոշակիորեն պակասեցրել է 2014 և 2015 թվականների ընդամենը ցանքատարածության ցուցանիշները: Ինչ վերաբերում է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությանը, ապա այդ հինգ տարիների ընթացքում հացահատիկի բերքատվության միջին տարեկան աճը կազմել է 12.3, բանջարեղենինը՝ 2.58, կարտոֆիլինը՝ 6.3, պտղինը՝ 28.4 և խաղողինը՝ 4.7 տոկոս: Կարծես ոչինչ արտառոց չկա, բայց ապահովագրող ընկերության համար դժվար ընդունելի լինի բերքատվության այդ մակարդակները, քանի որ դրանց ապահովման համար արտադրական գործոնները համարժեք չեն:

Կարևոր խնդիրներ են՝ ապահովագրական սակագնի հաշվարկման մեթոդաբանության, մարզերի, մշակաբույսերի և ռիսկերի ընտրությունը: Այս առումով, թերևս օգտակար կլինի վերևում նշված ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատությունը, որտեղ անդրադարձել ենք այդ խնդիրներին:

Բոլոր դեպքերում գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի սկզբնավորումը ողջունելի է: Համոզված ենք, որ ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ կգան մի շարք հիմնախնդիրները, որոնց լուծումը կարևոր նախապայման է հետագա աշխատանքն առավել արդյունավետ ու մեծ ընգրկումով կազմակերպելու համար:

Սամվել Ավետիսյան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Փետրվար, 2018 թ.

  1. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը այս հիմնախնդիրն ուսումնասիրել և 2017թ. հրապարակել է «Գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրման ուղիները Հայաստանի Հանրապետությունում» աշխատությունը:
  2. Народное хозяйство Армянской ССР в 1988 году: стат. ежегодник. Ереван: Айастан, 1989. стр. 190-196.
  3. 1990թ. և 1995թ. Հայաստանի վիճակագրական տարեգիրք: Եր.: Զանգակ-97, 1998, էջ 261-265: