Three Colors of Armenian Monuments (Armenian version)
Հայկական հուշարձանների երեք գույները
Առանց մշակութային ժառանգության անհնար է պատկերացնել ՀՀ ժամանակակից կյանքը և նրա զարգացման հեռանկարները: Ժառանգությունը մեծապես պայմանավորում է հայերի հատուկ հոգեկերտվածքը, հաստատում հումանիստական արժեքների ժառանգորդումը և կարող է ստեղծել ՀՀ համաշխարհային իմիջը: Հայաստանի համար մշակութային ժառանգությունը կարող է ունենալ նույն նշանակությունը, ինչ որոշ երկրների համար բնական ռեսուրսները, նավթը կամ ոսկին, քանի որ ժամանակակից աշխարհում պատմամշակութային զբոսաշրջությունը տնտեսության առավել արագ զարգացող, դինամիկ բնույթ կրող և ապագայում հեռանկարային զարգացման միտումներ ունեցող ոլորտներից է:
Մշակութային ժառանգության տնտեսական ռեսուրսի մոբիլիզացումը երկրի ռեգեներացիայի հիմքն է: Այս համատեքստում գեղագիտական բարձր որակները և պատմական միջավայրի պահպանվածության աստիճանը կարող են ապահովել Հայաստանի ներդրումային ու զբոսաշրջային գրավչությունը՝ հանդիսանալով նաև հայ ժողովրդի բարեկեցության գրավականը: ՀՀ զբոսաշրջային գրավչության շեշտադրման անհրաժեշտությունը բխում է նաև ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրի պահանջներից (ՀՀ կառավարության ծրագիր, էջ 51):
Այստեղ հիմնարար սկզբունք է մշակութային ժառանգության համալիր պահպանությունը, որը պետք է դառնա զբոսաշրջության բնագավառում տնտեսական քաղաքականության առանցքային բաղադրիչներից մեկը: Հետևաբար, այս ուղղությամբ մշակվող ռազմավարությունները պետք է հիմնված լինեն հասարակայնության պահանջների, տնտեսական գործունեության և պատմական միջավայրի պահպանության միջև հավասարակշռված հարաբերությունների վրա:
Մշակութային ժառանգության պահպանման առանցքը համապատասխան իրավական հիմքն է: Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանները գտնվում են պետության պահպանության ներքո: Ոլորտի օրենսդրությունը կարգավորվում է «Մշակութային ժառանգության կարևորությունը հասարակության համար» Եվրախորհրդի շրջանակային կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ, մի շարք օրենքներով, կառավարության որոշումներով և այլ իրավական ակտերով: Հուշարձանների պետական պահպանությունն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմում ներառված երկու գործակալությունների, ինչպես նաև պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության, ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության գործունեությամբ:
Ըստ պաշտոնական տվյալների և համացանցային աղբյուրների՝ Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը ներառում է 24.349 հուշարձան.
ՀՀ տարածքում գտնվող այս հուշարձանները «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով դասակարգվում են ըստ արժեքավորման չափանիշների (հանրապետական և տեղական նշանակության) և ըստ բնույթի (հնագիտական, պատմական, քաղաքաշինական և ճարտարապետական, մոնումենտալ արվեստի):
Ներկայումս աշխարհում ընդունված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների դասակարգումն ըստ վտանգավորության աստիճանի: Դա արվում է կատալոգների, գրքերի, էլեկտրոնային հարթակների, ինտերակտիվ քարտեզների տեսքով, որոնցում ներկայացված հուշարձանները բաժանվում են երեք խմբի՝ սև, կարմիր և սպիտակ: Սև ցանկերում ներառվում են այն հուշարձանները, որոնք գործնականում այնքան վնասված են, որ հիմնարար վերանորոգման անհրաժեշտություն է զգացվում, ըստ էության դրանք պետք է նորից կառուցել, կարմիր ցանկերում մշակութային այն օբյեկտներն են, որոնց վիճակը բավարար է, բայց վերանորոգման կարիք կա, իսկ սպիտակ ցանկերում՝ նրանք, որոնք լավ և նույնիսկ գերազանց վիճակում են*: Ելնելով այդ դասակարգումից` հուշարձանները ստորաբաժանվում են` ըստ հետևյալ սկզբունքի.
- հուշարձաններ, որոնք օժտված են եկամտի ներգրավման համար փոքր ներուժով և օգտագործվում են մշակութային նպատակներով,
- հուշարձաններ, որոնք օգտագործվում են մշակութային նպատակներով, բայց օժտված են եկամտի ներգրավման համար ներուժով,
- հուշարձաններ, որոնց օգտագործումը հիմնականում տնտեսական բնույթ ունի, և դրանց վերականգնումը կարող է շահութաբեր լինել:
Մշակութային ժառանգության օբյեկտների այսպիսի դասակարգումը, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, նպաստում է ոչ միայն դրանց պետական պահպանության իրականացմանը, այլև հովանավորական աջակցության ապահովմանը և ներդրումային մեխանիզմների մշակմանը:
Այդ բնագավառում ուշագրավ է տարբեր պետությունների փորձը: Շատ երկրներ (օրինակ, Իտալիան, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը) մշակել են ինքնատիպ մեթոդներ և ունեն մշակութային ժառանգության ոլորտում պահպանական գործունեության իրենց սեփական մոդելները:
Իտալիան, լինելով հուշարձանների քանակով աշխարհի առաջատարներից մեկը և տիրապետելով համաշխարհային ժառանգության մոտ 40 %-ին, մշակութային ժառանգության պահպանմանը հատկացնում է մշակութային քաղաքականության առաջնահերթ նշանակություններից մեկը: Մշակութային ժառանգության պահպանմանը հատկացվող ծախսերը 2,2 մլրդ եվրո են, այսինքն՝ ընդհանուր ծախսերի 0,5 %-ը: Երկրի մշակութային ժառանգության հարցերով զբաղվում են պետական մի շարք մարմիններ և հաստատություններ (Մշակույթի հուշարձանների պահպանության հարցերի նախարարություն, Հասարակական աշխատանքների նախարարություն, Զբոսաշրջության նախարարություն, Քաղաքացիական պաշտպանության նախարարություն): Հուշարձանների պահպանության հարցում մեծ դեր են խաղում հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները, որոնց միջոցները հիմնականում գոյանում են անդամավճարներից և կամավոր նվիրատվություններից: Իտալիայում լայնորեն կիրառվում է նաև մասնավոր ներդրումների ներգրավման մոդելը. այսօր այդ երկրի մշակութային ժառանգության մոտ 60 %-ը մասնավոր ձեռքերում է, և պետությունը բավականաչափ իրավական հնարավորություններ ունի մասնավոր ներդրումներ խթանելու համար:
Ֆրանսիան ևս առաջիններից մեկն է մշակութային ժառանգության ուսումնասիրության և պահպանման հարցերը ներառել պետական պատասխանատվության ոլորտում: Այս երկրում պետությունը հարկային արտոնություններ է տրամադրում այն սեփականատերերին, ովքեր բոլոր ցանկացողներին հնարավորություն են տալիս այցելել մասնավոր տնօրինության տակ գտնվող հուշարձաններ. հուշարձանների դիտման հասանելիության ժամանակահատվածը պետք է տարեկան 40 օրից պակաս չլինի: Դա, անկասկած, դրական է, քանի որ սովորական քաղաքացիներն իրենց երկրի մշակութային արժեքներին ազատ հաղորդակցվելու հնարավորություն են ունենում, իսկ սեփականատերերը մշակութային ժառանգության օբյեկտները խնամելու խթան են ստանում՝ որպես խրախուսանք արտոնություններ ստանալով պետությունից:
Բնական և մշակութային ժառանգության պահպանման հարցերում ինքնատիպ մոտեցում է առաջադրում Միացյալ Թագավորությունը: Այստեղ 1894 թ. կազմավորվել և մինչև այժմ գործում է “National Trast” հասարակական բարեգործական միությունը, որի նպատակը երկրի ազգային մշակութային և բնական ժառանգության պահպանումն ու ժողովրդայնացումն է: Կազմակերպության պատմության առաջին փուլերում մշակութային օբյեկտները հիմնադրամին էին անցնում կտակներով, քանի որ սեփականատերերը հուշարձանները վայելուչ վիճակում պահելու հնարավորութոյւն չէին ունենում: Այժմ նույնիսկ պետությունն է իր կարողությունը վստահում այս կազմակերպությանը: Այսօր մշակութային ժառանգության յուրաքանչյուր տեր կարող է լիովին կամ մասնակիորեն Ազգային Տրաստին փոխանցել, նվիրել, վաճառել կամ կառավարման վստահել իր սեփականությունը: Կառավարման և տնօրինման պայմանները բավականաչափ ճկուն ու փոխշահավետ են բոլոր կողմերի համար. հնարավոր են որոշ օրերի կամ ամիսների ընթացքում հուշարձանի տարածքում տիրոջ ու նրա ընտանիքի բնակության տարբերակներ, ինչպես նաև տերը հնարավորություն ունի զբաղեցնելու տարածքի մի մասը մշտական հիմունքներով կամ անշարժ գույքը վարձակալության տալու: Տրաստն իր հերթին իր վրա է վերցնում ազգային մշակութային ժառանգության օբյեկտների պահպանման և վերականգնման պարտավորությունները: Կազմակերպության հիմնական բյուջեն ու եկամուտը ստացվում է մասնավոր նվիրատվություններից և էքսկուրսիաներից:
Հայաստանի Հանրապետությունում ևս մշակութային քաղաքականությունը, ի թիվս այլ խնդիրների, ուղղված է պատմամշակութային ժառանգության պահպանմանը: Սակայն այդ խնդրի իրականացման համար ծախսերը մեր երկրում կազմում են ընդհանուր ծախսերի ընդամենը 0,03 %-ը: Մինչդեռ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների մեջ տարեցտարի մեծանում է հանգստի և ժամանցի նպատակով այցելողների թիվը: Այսպես, եթե 2016 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին այդ նպատակով Հայաստան այցելել է զբոսաշրջիկների ընդհանուր թվի 51,1 %-ը, ապա 2017 թ. հունվար-սեպտեմբերին՝ 54,9 %-ը: Հետևաբար, հարկ է կատարելագործել ՀՀ մշակութային քաղաքականությունը պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ: Իսկ դրա համար, բացի պատմամշակութային հուշարձանների պահպանությանը հատկացվող ծախսերի մեծացումից, անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
- Իրականացնել ՀՀ հուշարձանների ավելի լիարժեք ցուցակագրում և դրանց դասակարգում միջազգային չափանիշներով: Մշակութային ժառանգության դասակարգումը ըստ վտանգավորության աստիճանի և վերականգնելիության հնարավորություն կտա ուղի հարթել մասնավոր ներդրումներ ներգրավելու համար:
- Ստեղծել հարցման ավելի ճկուն համակարգ՝ պարզելու, թե հանգստի ու ժամանցի նպատակով Հայաստան ժամանող զբոսաշրջիկների որ մասն է այցելում մեր երկիր պատմամշակութային զբոսաշրջության նպատակներով:
- Կատարելագործել ՀՀ օրենսդրական դաշտը, որը թույլ կտա որոշ հուշարձաններ վարձակալությամբ տրամադրել մասնավոր կազմակերպություններին՝ դրանց տալով հարկային արտոնություններ՝ պայմանով, որ նրանք կստանձնեն այդ հուշարձանների խնամքը: Մասնավորապես, մշակել և «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 2-րդ գլխում ավելացնել համապատասխան կետ հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում մասնավոր կազմակերպություններին տրվող իրավասությունների մասին: Սակայն պետությունը պետք է ունենա այդ գործընթացի վերահսկողության և միջամտության բավականաչափ մեխանիզմներ:
- Ստեղծել անկախ կազմակերպություն, որը կկոորդինացնի մշակութային ժառանգության հարցերով զբաղվող գերատեսչությունների աշխատանքը, կհանդիսանա միջնորդ օղակ պետության և մասնավոր հատվածի, ինչպես նաև հայկական և օտարերկրյա համանման կազմակերպությունների միջև:
* ՀՀ մշակույթի նախարարությունն այդօրինակ գրքերի ստեղծումը նախատեսում է 2018 թ.: Այդ մասին հանրությանը հոկտեմբերի 28-ին իրազեկեց ՀՀ մշակույթի նախարար Ա. Ամիրյանը` Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի Սուրբ Թարգմանչաց, Արագածոտնի մարզի Իրինդ համայնքի Սուրբ Աստվածածին և Բյուրեղավանի Արտավազդիկ եկեղեցիներ կատարած այցերի ընթացքում: